24.11.2024
Կորոնավիրուսը՝ «թեսթ-դրայվ» Փաշինյանի և պետական համակարգի համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի ռազմավարությունը Մերձավոր Արևելքում և Եվրասիայում՝ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի

ԱՄՆ-ը՝ Մեծ Մերձավոր Արևելքում և Եվրասիայում կյանքի է կոչում իր ռազմավարական երկու գլխավոր հակառակորդների՝ՌԴ-ի ու Իրանի գեոպոլիտիկ շրջափակման ու ազդեցության սահմանափակման ռազմավարություն:


Մեծ Մերձավոր Արևելքում Իրանի դեմ Վաշինգտոնը ձևավորում է հակաիրանական երկրների կոալիցիա՝շեշտը դնելով արաբական միապետությունների ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսների վրա՝Պարսից ծոցում, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերն ու նավատորմը, ինչպես նաև Իսրայելի, որն ԱՄՆ-ի ֆորպոստ է Մերձավոր Արևելքում:


ԱՄՆ-ն Իրանի շուրջ ստեղծում է թեժ օջախների շղթա՝շեշտը դնելով ամերիկյան ռազմակայանների ներուժի, ինչպես նաև Իրանի հարևան երկրների իրանաֆոբիայի վրա՝շիական առանցքի ուժեղացման հետ կապված:


ԱՄՆ-ն՝Իրանի հարևան Իրաքում, Աֆղանստանում, Ծոցի միապետությունների տարածքում տեղակայել է ամերիկյան ռազմակայաններ, ինչպես նաև ակտիվորեն աջակցում է Արաբական ՆԱՏՕ-ի ստեղծմանն՝ի դեպս Պարսից ծոցի արաբական միապետությունների:


Այն երկրներում, որտեղ ուժեղ են շիաների ու իրանամետ ուժերի դիրքերը՝Սիրիա, Լիբանան, Իրաք, Եմեն և այլն, ԱՄՆ-ն շեշտը դնում է Իրանի հակառակորդներին աջակցելու վրա՝սուննիական խմբավորումներ, քրդեր և այլն, փորձելով ճեղքել այսպես կոչված շիական առանցքն ու սահմանափակել Իրանի ազդեցությունը՝Լևանտում, Արաբական թերակղզում, Կովկասում և այլուր:


Կովկասում՝ Իրանի ազդեցության թուլացման համար ԱՄՆ-ն լոբբինգ է անում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծումը՝նպատակ ունենալով ելք ունենալ դեպի կասպյան նավթագազային ռեսուրսներ՝շրջանցելով Իրանը:


ԱՄՆ-ն նաև իր սատելիտների միջոցով ֆինանսավորում ու աջակցում է Իրանի ներսում սեպարատիստական շարժումների ակտիվացմանը՝քրդական, արաբական, ադրբեջանական սեպարատիզմ: ԱՄՆ-ի և նրա սատելիտների շահերից է բխում Իրանի բալկանիզացիան՝էթնիկ-կրոնական սահմաններով կազմաքանդումը:


Ինչ վերաբերվում է ՌԴ-ին Եվրասիայում մեկուսացնելու ԱՄՆ-ի ռազմավարությանը, ապա ԱՄՆ-ն այդ ծրագիրը կյանքի է կոչում ինչպես գունավոր հեղափոխությունների միջոցով(soft power), այնպես էլ hard power-ի միջոցով`ՌԴ-ի սահմանների երկայնքով ստեղծում է բուֆերային գոտի կամ սանիտարական կորդոն՝հակառուսական պլացդարմներ, որտեղ տեղակայում է ՆԱՏՕ-ական կամ ամերիկյան զորքեր, որոնց սլաքն ուղղված է ՌԴ-ին ու Մոսկվայի գեոպոլիտիկ շահերին:


Ուկրաինայում, Վրաստանում և հետխորհրդային մի շարք այլ երկրներում ԱՄՆ-ն իր հատուկ ծառայությունների միջոցով՝Սորոսի հիմնադրամի և այլ արևմտյան կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ իրականացրել է գունավոր հեղափոխություններ, ինչից հետո Ուկրաինան և Վրաստանն ընտրել են ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու ռազմավարություն՝կտրուկ սրելով հարաբերությունները Մոսկվայի հետ:


ԱՄՆ-ն ցանկանում է ռուսական սահմանների երկայնքով ստեղծել հակառուսական պլացդարմներ՝հետխորհրդային երկրներից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տեղակայել ամերիկյան զորքեր՝այդ կերպ ՌԴ-ի ու Արևմտյան Եվրոպայի՝Գերմանիա, Ֆրանսիա միջև սեպ խրել ու սահմանափակել ռուսական էներգետիկ ծրագրերը ԵՄ-ի ուղղությամբ: Մոսկվան ստիպված է Արևելյան Եվրոպան շրջանցում Հյուսիսային հոսքի և Թուրքական հոսքի միջոցով:


Հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ն սորոսական և այլ ՀԿ-ների միջոցով ստեղծել է հակառուսական ցանց, որն իրականացնում է նախկին ԽՍՀՄ երկրներում հակառուսական լոբբինգ ու քարոզչություն՝փորձելով soft power-ի միջոցով այդ երկրներում՝ ՌԴ-ից ձևավորել արտաքին թշնամու կերպար, խմբագրել ընդհանուր պատմությունն ու ռուսաց լեզուն դուրս մղել՝ անգլերեն լեզուն տարածելով:


ԱՄՆ-ի այդ ռազմավարության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև Արևելյան գործընկերություն, ՎՈւԱՄ(Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) և այլ նմանատիպ կազմակերպություններին աջակցելը, որոնք պետք է սեպ խրեն ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի գոտում ու խնդիրներ ստեղծեն Մոսկվայի համար ԱՊՀ-ի տարածքում:


Այսպիսով, ԱՄՆ-ը՝ Մեծ Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում կյանքի է կոչում ՌԴ-ի ու Իրանի շրջափակման քաղաքականություն(принцип анаконды), որն ի վերջո, ըստ Վաշինգտոնի, պետք է հանգեցնի այդ երկրներում իշխանափոխության և արևմտամետ ուժերի իշխանության գալուն: Ոչ պակաս կարևոր է նաև ՌԴ-ի ու Իրանի էներգետիկ հզորությունը՝նավթագազային մեծ ռեսուրսները, որոնք հանգիստ չեն տալիս ամերիկյան «բազեներին»:


Վարդան Վարդանյան