24.11.2024
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր
prev Նախորդ նորություն

Որոշ անձինք փորձել էին ինտերնետով բարձր գներով վաճառել ալկոգել. Գեղամ Գևորգյան

Կորոնավիրուսի պատճառով երբեմն ֆիզիկական անձիք Հայաստանում աբսուրդային ծավալի գնումներ են կատարվում, իսկ խանութներն այդ պահին պետք է պահեստներից ապրանք հասցնեն: Պահեստներում տնտեսվարող սուբյեկտներն ունեն անհրաժեշտ ապրանքների պաշար, որը մոնիթորինգի է ենթարկվում ամենօրյա ռեժիմով:


Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ ստուգվում է օրվա սպառման ծավալը, մնացորդը, գումարած արտադրություն կամ ներմուծում:


«Կարող եմ արձանագրել, որ այս պահին անհանգստացնող երեւույթներ չեն նկատվում: Միակ խնդիրն օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է, երբեմն ֆիզիկական անձանց կողմից աբսուրդային ծավալի գնումներ են կատարվում, այդ պահին պետք է պահեստներից կարողանան տեղափոխել: Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի եւ նման ապրանքների խնդիր չկա: Մենք 44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, պահեստներում էլ կա»:


Գեւորգյանը հորդորեց քաղաքացիներին մնալ գնումներ կատարելու խելամիտ սահմաններում. «Եթե մարդը գնում է 4 արկղ ձու, պետք է հասկանա, որ ձուն ունի ժամկետ, իմաստ չունի այդքան ձու գնել, որովհետեւ գոնե ձվի հարցով ՀՀ-ում կա ավելցուկ», - ասաց նա։


Խոսելով սպիրտի գների բարձրացման մասին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ բարձրացումը կապված է այս տարվա հունվարից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի փոփոխություններով, որը ԵԱՏՄ պահանջ է:


«Այսօր առավոտյան ասացին, որ ալյուրի գնի հետ կապված խնդիրներ կան, բայց մենք փաստում ենք՝ ալյուրի գինը չի թանկացել: Ապրանքների որոշակի թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի արժույթի տատանման հետ: Բայց դա էլ ենք հսկողության տակ պահում: Իսկ ինչ վերաբերում է մարզերում թանկացումներին, հիմա մենք մարզպետարաններում մոնիթորինգ ենք իրականացնում, որպեսզի հասկանանք իրավիճակը: Չենք բացառում, որ կգտնվեն տնտեսվարողներ, որոնք գները կբարձրացնեն: Բայց մենք վերահսկում ենք հիմնականում խոշոր խաղացողներին, որոնք ապահովում են հանրապետության սպառման ծավալի գերակշիռ մասը»,- ասաց Գեւորգյանը:


Նրա խոսքով՝ բոլոր խախտումների հետ կապված գործերի նյութերն իրենց մոտ հավաքագրվում են, եւ անխուսափելի պատասխանատվության են ենթարկելու. «Թող հանկարծ տպավորություն չստեղծվի, որ մենք զբաղված ենք, նյութեր չենք հավաքագրում: Եվ դրա վառ օրինակն այն է, որ այսօր արդեն 2 վարույթ ենք հարուցել՝ կապված ալկոգելերի հետ, որովհետեւ որոշ անձինք փորձել էին ինտերնետով բարձր գներով վաճառել ալկոգելը: Այն ֆիզիկական անձինք, ովքեր կփորձեն կայքերի միջոցով վաճառել, կզբաղվեն ապօրինի ձեռնարկատիրությամբ, ինֆորմացիան կփոխանցվի ՊԵԿ գործընկերներին: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ալկոգել արտադրող երեք արտադրողների հետ ամենօրյա կապի մեջ ենք, նրանք գին չեն բարձրացրել»։


Անդրադառնալով դիմակների գնին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց՝ այո՛, այդտեղ գնի բարձրացում կա. «Ամբողջ աշխարհում գնի բարձրացում կա: Հիմա դիմակի պահանջարկն աճել է, քանի որ մեր հիմնական ներկրման երկրները Չինաստանն ու Ռուսաստանն են: Բայց այս պահին ուրախալի լուր կա. մենք Չինաստանի պահեստների հետ ենք կապված, մեզ գնառաջարկներ են ուղարկում: Երեկվա դրությամբ արդեն 84 դրամով մեծածածախի առաջարկ կար, այսինքն՝ գինն իջնում է»։