Արցախում քայլեր են ձեռնարկվում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցումը կանխարգելելու նպատակով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը:
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ԱՀ կառավարությունը շարունակում է ձեռնարկել մի շարք միջոցառումներ: «Իրականացված աշխատանքների վերաբերյալ այսօր առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդես ենք եկել մամուլի ասուլիսով:
Պետք է փաստենք, որ մինչ այսօր նոր կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել:
Վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ համալիր միջոցառումների շրջանակներում
• կասեցվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը,
• ներքաղաքային տրանսպորտը ախտահարվում է օրական երկու անգամ,
• շահագրգիռ գերատեսչություններն էլ շարունակում են մշտական կապի մեջ մնալ ՀՀ-յան գործընկերների հետ:
• հանձնարարվել է սույն թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը, ելնելով ծանրաբեռնվածության աստիճանից, սահմանափակել պետական կառավարման համակարգի և նրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցների մի մասի աշխատանքի ներկայանալը՝ դիտարկելով աշխատանքային պարտականությունները հեռահար եղանակով կազմակերպելու տարբերակը: Խոսքը վերաբերում է հատկապես նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարիքի, ինչպես նաև առողջական խնդիրներով՝ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններով աշխատակիցներին:
Կոչ եմ արել
• դադարեցնել բազմամարդ հավաքները,
• սպորտային պարապմունքները և մշակութային միջոցառումները,
• անորոշ ժամանակով հետաձգել տոնական միջոցառումները, իսկ սգո արարողությունները կազմակերպել ոչ մարդաշատ:
Իրականացվող աշխատանքների արդյունավետության հարցում ընդգծել եմ նաև ԶԼՄ –ների դերը՝ համակողմանի և անաչառ լուսաբանման առումով:
Շնորհակալություն եմ հայտնում նաև բուժանձնակազմին՝ այսօրերին ծանրաբեռնված աշխատանքի և բարձր պատասխանատվության համար», - ասված է Արցախի պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ Հայաստանում արդեն իսկ հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 45 դեպք: Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: Հայաստանի ու Արցախի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին իրականացնել փոխայցելություններ միայն խսիտ անհրաժեշտության դեպքում: