Հայաստանում սահմանվում է արտակարգ դրություն. կառավարությունը որոշում կայացրեց
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 16-ի նիստում, տևական քննարկումից հետո կորոնավիրուսի կանխարգելման նպատակով որոշում կայացրեց Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու վերաբերյալ:
«Հայաստանի ողջ տարածքում մարտի 16-ին, ժամը 18:30-ից, մինչև ապրիլի 14-ը հայտարարել արտակարգ դրություն: Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու համար ստեղծել պարետատուն: Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարաման և ենթակառուցվածքերի նախարարները, Ոստիկանության պետն ու ԱԱԾ տնօրենը», - ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կարդալով արտակարգ դրություն սահմանելու մասին որոշան տեքստը:
Որոշումն ուղարկվելու է Ազգային ժողով հաստատման, որտեղ այսօր արտահերթ նիստ է տեղի ունենալու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ստեղծված հանձնաժողովը վերածվում է պարետատան: Փաշինյանը նաև նշեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշում է կայացվել սահմանափակել ուղևորահոսքը երկու շաբաթով: "Բեռնափոխադրումները բնականոն հունով ընթանալու են", - ասաց Փաշինյանը:
Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն պատգամավորներին ու աշխատակազմին խնդրել է պատրաստվել ԱԺ հատուկ նիստին:
Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։