ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։
«Մեկուսացված են թվով 57 անձ»,- տեղեկացնում է նախարարը։
Ավելի վաղ այսօր նախարարը տեղեկացրել էր, որ մեկուսացվել է 10 անձ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիա աշխարհում: Այսօրվա դրությամբ հիվանդության դեպքեր են գրանցվել 114 երկրներում։
Ընդ որում, 81 երկիր չի հայտնել կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի մասին (COVID-2019), 57 երկրներ հայտնել են 10 և ավելի քիչ դեպքերի մասին, ինչը վկայում է այն մասին, որ երկրները կարող են փոխել պանդեմիայի ընթացքը:
ԱՄՆ-ը փակում է մուտքը Եվրոպայից ժամանածների համար։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ 30 օրով փակում է մուտքը Եվրոպայից ժամանածների համար․ բացառություն է Բրիտանիան։
Իտալիայում, որտեղ կարանտին է սահմանվել ամբողջ երկրի տարածքում, ներմուծվել են աննախադեպ սահամանակող միջոցներ, փակվել են բոլոր խանութները․ բաց են միայն մթերայիններն ու դեղատները։ Փակ են բարերը, ռեստորանները, վարսավիրանոցները, գրասենյակների մեծ մասը, սննդի ու ապրանքների առաքումը արգելված է։ Կառավարության որոշումը ուժի մեջ կմնա մինչև մարտի 25-ը։
Եվրոպական մի շարք երկրներում փակ են ուսումնական հաստատությունները, սահմանվել է հեռակա աշխատանքի ռեժիմ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կորոնավիրուսով կարող է վարակվել երկրի բնակչության 70 տոկոսը։
Ընդհանուր առմամբ, մարտի 12-ի դրությամբ աշխարհում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 122 926-ի: