Քարոզարշավն ընդհատելու անհրաժեշտություն այս պահին չկա. Փաշինյան
Քարոզարշավն ընդհատելու անհրաժեշտություն այս պահին չկա: Բայց եթե լինի նման անհրաժեշտություն, ապա կընդհատեն: Այս մասին Ջերմուկում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Բայց այժմ նման խնդիր չկա.
«Երեկ երեկոյան են ներկայացրել եմ: Եթե լինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կհայտարարվի»,- վստահեցրեց նա:
Ինչ վերաբերում է նախօրեին հաստատված երեք նոր դեպքերին, ապա վարչապետը տեղեկացրեց, որ ներկայումս ճշտվում է այն անձանց շրջանակը, որոնց հետ եղել են շփումներ և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Երեք քաղաքացիներն էլ ժամանել են Իտալիայից: Այս պահին նրանք ինֆեկցիոն հիվանդանոցում են: