ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայքլ Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ֆինանսավորել «Երեք ծովերի նախաձեռնության» անդամ- երկրների էներգետիկ անկախության բարձրացման ծրագրերը:
«Երեք ծովերի նախաձեռնությունը» ստեղծվել է 2016թ.-ին ու միավորում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 12 երկրներ, որոնք պետք է սերտացնեն կապերը ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում: Այդ կազմակերպությունը միավորում է Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծով ելք ունեցող երկրները՝Ավստրիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Հունգարիան, Բալթյան երկրները, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան և Ռումինիան:
«Երեք ծովերի նախաձեռնությունը»՝ԱՄՆ-ի գեոպոլիտիկ նախագիծն է՝ՌԴ-ի ազդեցությունը Արևելյան Եվրոպայում, Բալկաններում և Սև ծովում սահմանափակելու համար: Տվյալ կազմակերպության անդամ-երկրները պետք է հակառուսական բուֆերային գոտի ստեղծեն ռուսական սահմանների երկայնքով՝սահմանափակելով ՌԴ-ի էներգետիկ, տրանսպորտային և այլ նախագծերը Արևմտյան Եվրոպայի հսկաների՝Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:
Մերձբալթյան երկրներն՝ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ են և նրանք՝ԱՄՆ-ի ռազմավարության շրջանակներում միտված են սահմանափակելու ռուսական ազդեցությունը Բալթիկ ծովում: Այդ երկրների տարածքում են տեղակայված ամերիկյան զորքերն ու դրանք դառնում են ռազմական պլացդարմներ ընդդեմ ՌԴ-ի:
«Երեք ծովերի նախաձեռնությունը» կարելի է համեմատել Լեհաստանի նախագահ, մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու Մեժդումորյե(«Междумо́рье») ծրագրի հետ, որի նպատակն էր միավորել նախկին Ռեչ Պոսպոլիտայի անդամ մի շարք երկրներ՝հակառուսական հենքի վրա:
Այդ նախաձեռնության անդամ Բալկանյան երկրները պետք է սահմանափակեն ռուսական դարավոր ազդեցության Բալկանյան թերակղզու ուղղափառ, սլավոնական ժողովուրդների ու պետությունների վրա՝հատկապես Սերբիայի:
Վերոնշյալ երկրները ՆԱՏՕ-ի անդամ են և ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցները: Տվյալ երկրները ցանկանում են սերտացնել իրենց տնտեսական, էներգետիկ կապերը, սակայն գեոպոլիտիկ առումով դա ԱՄՆ-ի՝ՌԴ-ի սահմանների երկայնքով սանիտարական կորդոն ստեղծելու ռազմավարության մի մասնիկն է:
ԱՄՆ-ն ցանկանում է Սև և Բալթիկ ծովերը դարձնել ՆԱՏՕ-ի ներքին ծովեր, իսկ Բալկանյան երկրները միավորել ՆԱՏՕ-ի շուրջ՝այդ կերպ հարվածելով նաև հայտնի պանսլավիզմի քաղաքականության՝Մոսկվայի դիրքերի ամրապնդմանը սլավոնական Բալկաններում:
Վարդան Վարդանյան