VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է 13 օր, և ինչպես Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին հայտնի կլինի՝ Արման Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ոստիկանապետ, թե հրաժեշտ կտա այդ պաշտոնին: Եվ, ահա, ոստիկանապետի աթոռին մնալու հեռանկարը Արման Սարգսյանին գցել է ցայտնոտի մեջ: Այն, ինչ մարտի 5-ին կատարվել է հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի տանը, չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ ու ոչ մի աղերս չունի նոր Հայաստանի իրականության հետ: Անցած գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող տների վրա։ Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա: Այս տեղեկությունը երեկ հայտնեց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Արամ Վարդանյանի սանիկ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ցույց տալով կոտրված ապակիները, հայտարարեց. «Մայրը, փոքր երեխան քնած են եղել։ Ապակին կոտրել են, զենքը պահել են նրանց վրա. երեխան լուրջ վնասներ է կրել»։
Ուշագրավն այն է, որ այդ վայրագություններին անձամբ ականատես է եղել Էրեբունու ոստիկանապետը՝ Խորեն Բարխոյանը: Արամ Վարդանյանի հարևանները երեկ լացելով ArmLur.am-ին պատմում էին, որ ողջ գիշեր չեն քնել, լսել են, թե ինչպես են Վարդանյանի հարազատները գոռում, օգնություն խնդրում: Սա ոչ այլ ինչ է, քան ոստիկանական ահաբեկչություն` ուղղված ՀՀ քաղաքացու դեմ: Ու կապ չունի` քաղաքացին ով է, ինչքան հնչեղ անուն ունի: Եթե նա հանցանք է կատարել, պետք է նրան պատժել օրենքով` պահպանելով բոլոր նորմերը, ոչ թե հարձակվել տան վրա` կանանց ու երեխաներին սպառնալով զենքով ու տանից ոսկե շղթա կամ օծանելիք տանելով: Նշենք, որ երեկ այդպես էլ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն պաշտոնապես չհայտնեցին, թե ինչու էին բեմականացրել այդ շոուն. միայն հայտնի դարձավ, որ կա Վարդանյանին բերման ենթարկելու որոշում. թե ինչ գործով, ինչու, ինչ հիմքով, պարզ չէ: Արդյոք այսկե՞րպ է փորձում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը բարձրացնել ոստիկանության վարկանիշը և նշանակվել որպես ոստիկանապետ. ամոթալի է: Այս արարքը պետք է խստագույնս պատժվի և արժանանա կոշտ գնահատականի ամենաբարձր մակարդակով, հակառակ դեպքում` ժամանակը չի ների այս վայրագությունն ու թշնամությունը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս ամիսներ առաջ աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովի ժամանակ: Նա մասնավորապես, նշել է. «Երբ ատ մոտ էի երազանքիս իրականացմանը եւ ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ: Սակայն շարունակում եմ երազել եւ գուցե լինեմ առաջին նախագահը, որ կթռչի տիեզերք»: Ասվածը, թվում է թե, անլուրջ է, սակայն պարզվում է՝ ԱԺ-ն ամենայն լրջությամբ լծվել է Ա. Սարգսյանին տիեզերք ուղարկելու գործընթացին: Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Ըստ նախագծի՝ փոփոխություններն ու լրացումները վերաբերում էին տիեզերական ոլորտում բարձր տեխնոլոգիական ընկերություններին հարկային արտոնություններ տալուն եւ այն լիցենզավորման ոլորտ տեղափոխելուն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով նախորդ օրը մեկնել է Բրյուսել, ուր հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Նրա հետ են նաեւ Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը: Ինչպե՞ս է շրջանցել Սերժ Սարգսյանը չբացակայելու մասին ստորագրություն-խափանման միջոցը՝ հարցրինք նրա պաշտպան Ամրամ Մակինյանին։ «Իրավակարգավորումը ենթադրում է, որ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության հնարավոր չէ երկրից դուրս գալ. քանի որ երրորդ նախագահն ունեցել է նախապես պլանավորված աշխատանքային այց, օրենքով սահմանված կարգով դիմել ենք վարույթն իրականացնող մարմին` երկրից դուրս գալու թույլտվություն ստանալու համար՝ ստացել ենք»: Կարող էին թույլ չտալ։ «Մենք հիմնավորել էինք այցի նպատակը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդից հիմնականում հնաբնակ ՀՀԿ-ականների՝ նրանց, ովքեր ՀՀԿ-ին անդամակցել են դեռևս մինչև կուսակցության իշխանության գալը կամ առնվազն 1998-99թթ., հեռանալը բացատրվում է այն հանգամանքով, որ նրանք պահանջում են քննության ենթարկել 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները և դրանց տալ քաղաքական գնահատական: Հնաբնակ ՀՀԿ-ականները, ըստ էության, պահանջում են, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար՝ նախագահի պաշտոնը թողնելու ձևով, մինչդեռ կուսակցության այլ անդամներ համարում են, որ Սարգսյանին այլընտրանք չկա»:
«Փաստ» թերթը գրում է. «Մարտի 19–ին լրանում է ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման 6–ամսյա ժամկետը։ Մինչ վերջնաժամկետի ավարտը պաշտոնյաները պետք է նշանակված լինեն։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով այս հարցին, ասել էր, որ արդեն որոշել է, թե ում է նշանակելու, բայց անուններ չի հրապարակել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, հարցը միայն ղեկավարներին նշանակելով չի ավարտվելու: Վերջին շրջանում շատ է խոսվում ուժային կառույցների աշխատանքի վերաբաշխման, ընդհանուր համակարգերում ամբողջական վերադասավորումների ու նոր բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Որոշ ուժեր, այդ թվում՝ իշխանության մեջ գտնվող անձինք, հիմնականում առաջ են քաշում այն պնդումը, որ ուժային կառույցները խորհրդային կարգերի ժառանգություն են, եւ այնտեղ պետք է փոխել ամեն ինչ՝ առաջին հերթին հոգեբանությունը։ ՀՀ նոր իշխանություններն առանձնապես դեմ չեն այս գաղափարներին եւ փորձում են տարբեր առիթներով հարցը հանրային լայն շրջանակներին հասու դարձնել։ Ինչպես հայտնի է, առաջիկայում նախատեսվում է ոստիկանությունը դարձնել ներքին գործերի նախարարություն, սրան զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչները, բայց նրանցից ավելի շատ՝ մերձիշխանական սատելիտ գործիչներն ու ՀԿ ներկայացուցիչները բավականին ակտիվորեն խոսում են ԱԱԾ-ում լուրջ վերադասավորումներ ու փոփոխություններ կատարելու մասին։ Տարբեր հարցազրույցներում եւ մեկնաբանություններում նշվում է, թե «ժամանակն է, որ ԱԱԾ-ն, որպես կառույց, արմատապես փոփոխվի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի գործն ու մեղադրանքը, որքան ես հասկացել եմ, վերաբերում է ապօրինի շինարարությանը, որի նկատմամբ քաղաքապետն անգործություն է ցուցաբերել։ Ուրեմն, եթե այդ հոդվածը համաչափ կիրառվեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ, խափանման միջոցը ոչ թե չհեռանալը կլիներ, այլ տեղում կկալանավորեին»,- ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ինչո՞ւ։ «Որովհետեւ հենց միայն «Հին Երեւանի» օրինակով, երբ չկա ոչ մի թույլտվություն, բայց կառուցապատում է իրականացվում, պետք է տեղում կալանավորեին Մարությանին, որովհետեւ դա իրականացվել է քաղաքային իշխանության թողտվությայմբ` 1 տարի շարունակ, մայրաքաղաքի սրտում»: Ի՞նչ եք պատրաստվում անել։ «Էստեղ իրավապահ մարմինների կողմնակալության խնդիր կա, ակնհայտ է, որ կրկին իրենց քաղաքական քիմքին համապատասխան գործեր են հարուցում, ընտրովի արդարադատության շրջանակներում»: Նախադեպ կա, կարող եք Մարությանի դեմ հաղորդում տալ իրավապահներին։ «Այո, կարող ենք, բայց մեր քայլերը գնում-հասնում են դատախազություն կամ քննող մարմին ու կանգնում, օրինակներն էլ քիչ չեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, այս օրերին Վաշինգտոնում են ոչ միայն Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփից «խիզախ կին» մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, այլեւ Լիլիթ Մակունցը, ով մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում: Միջոցառմանը մասնակցել են նախկին դեսպաններ, փորձագետներ, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, մասնավորապես ներկա են եղել Ասո Դավիդյանը, Արամ Համբարյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Պարզվում է, հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, քանի որ հյուրերը շուրջ 1,5 ժամ փորձել են Մակունցից գեթ մեկ հոդաբաշխ բացատրություն եւ հիմնավորում ստանալ ապրիլի 5-ի հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ, սակայն այդպես էլ համոզիչ հիմնավորումներ չեն լսել: Ինչպես պնդում է հանդիպման մասնակիցներից մեկը, ներկաները փորձել են հասկանալ մի քանի դատավորի փոխելու պատճառով հանրաքվեի կազմակերպման տրամաբանությունը: Ի դեպ, հանդիպման հենց նույն օրը «Քարնեգիի» փորձագետ Թոմ Դե Վաալը բավականին կոշտ հոդված է հրապարակել հեղինակավոր «World Politics Review» պարբերականում, որտեղ քննադատել է ՀՀ իշխանություններին` իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման համար, նշելով, որ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը դեռեւս ժողովրդավարության գրավական չէ»:
«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու կոչ անող ՀՅԴ ներկայացուցիչներն օրերս հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Իրատեսի» հետ զրույցում վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասաց, որ հանդիպման նախաձեռնությունը, որին մասնակցել են Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որեւէ կողմինը չի եղել: «Իրատեսին» այդպես էլ պարզ չդարձավ, թե կողմերը, ի վերջո, ինչպե՞ս են որոշել հանդիպել, ո՞վ է ում հրավեր ուղարկել, փողոցու՞մ են տեսնվել ու ջենթլմենական համաձայնությամբ հանդիպելու որոշում կայացրել, թե՞, ամեն դեպքում, կողմերից որեւէ մեկը խոսելու կամ քննարկելու բան է ունեցել: «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ»,- մեզ հետ զրույցում նշեց Մանե Գեւորգյանը: «Իրատեսի» հետ զրույցում նույն պատասխանը տվեց նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նորից չհստակեցնելով, թե ով է եղել հանդիպման նախաձեռնողը: Վստահեցրեց՝ ներքաղաքական որեւէ հարցի շուրջ չեն զրուցել: «Տարակուսելի չէ՞, երբ կառավարության քայլերը քննադատող ուժի ներկայացուցիչը հանդիպում է վարչապետի հետ»,- հարցրինք:
«Բնավ, ու եթե մեր ներուժը կարող ենք ծառայեցնել ի շահ Հայաստանի, ապա միանշանակ պետք է օգտակար լինել, բայց դա չի նշանակում, թե շեղվում ենք քաղաքական մեր օրակարգից կամ կաշկանդված ենք ներքաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր քննադատելու հարցում»,- ընդգծեց նա: ՀՅԴ-ականների հանդիպումը Փաշինյանի հետ մի հստակ մեսիջ ունի՝ ուղղված իշխանությունների կողմից հրապարակ նետվող այն թեզին, թե հայաստանյան իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասով ներսի ու դրսի դաշնակցականների միջեւ տարաձայնություններ կան։ Անհասկանալի է, թե որն է եղել հանդիպմանը Զարեհ Սինանյանի ներկա լինելու տրամաբանությունը, եթե, ըստ Սաղաթելյանի ու վարչապետի մամուլի խոսնակի, բացառապես տարածաշրջանային հարցեր են քննարկվել: Բացի այդ՝ Սինանյանը Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ մոտ երկու շաբաթ առաջ է հանդիպում ունեցել, հետեւաբար՝ ի՞նչ նոր օրակարգի շուրջ է եղել խոսակցությունը: Այս ամենի ֆոնին ուշադրության է արժանի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, կաթողիկոսը դժգոհություն է հայտնել Սինանյանի գործելաոճից: Բացառված չէ, որ ՀՅԴ-Փաշինյան հանդիպման ժամանակ նաեւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատաոճն է դարձել քննարկման առարկա»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Առաջիկայում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նոր «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաեւ ծանր տեխնիկա, այդ թվում` հրթիռներ: Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները: Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի: «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ նախորդ տարվա դեկտեմբերին: Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ժողովրդի ապահովման հարցում»:
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Արցախում նախագահի թեկնածուները բավական շատ են, բայց նրանց մեջ հայաստանյան իշխանությունների հանդեպ ընդգծված քննադատական վերաբերմունքով առանձնանում է Վիտալի Բալասանյանը։ Նախօրեին քարոզարշավի ընթացքում Բալասանյանը հայտարարեց «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է»: Ընդհանրապես արցախյան ընտրությունները Փաշինյանի իշխանության համար փորձաքար են լինելու, քվեարկությունը ցույց կտա, թե ինչպես են արցախցիները գնահատում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն իրենց հանդեպ։ Այսինքն, այս ընտրությունները յուրահատուկ թեստ են՝ հակամարտության ուղղությամբ Փաշինյանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ։ Սա կարծես կոնկրետ մի հարցով հերթական հանրաքվեն է, պարզապես ոչ ուղղակի։ Թեկնածուներին նախընտրություն տալով, արցախցին նաեւ իր դրական կամ բացասական վերաբերմունքն է հայտնում այդ քաղաքականության վերաբերյալ։ Եթե Վիտալի Բալասանյանին ձայն տվողները մեծամասնություն կազմեն, նշանակում է Փաշինյանի քաղաքականությունը` հակամարտության եւ ընդհանրապես Արցախի հարցում, անընդունելի է նրանց համար։
Եթե անգամ չնչին տարբերությամբ այլ թեկնածու ընտրվի, էլի Նիկոլ Փաշինյանը մտածելու բան ունի։ Թեկնածուներից Վիտալի Բալասանյանին ենք ընդգծում, քանի որ հենց նա է հրապարակավ կոշտ արտահայտվում Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Այնուամենայնիվ, մի պահ պատկերացնենք, որ Արցախում նախագահ է ընտրվել Վիտալի Բալասանյանը, ինչպիսի՞ն են լինելու երկու հայկական պետությունների ղեկավարների հարաբերությունները։ Մի կողմից Բալասանյանը Արցախի լինել-չլինելու հարցն է այսօր նժարին դնում՝ ակնհայտ ակնարկներով, մյուս կողմից էլ Փաշինյանն է դավադիրներ ու դավաճաններ փնտրում նաեւ Արցախում։ Անգամ դժվար է պատկերացնել, թե ինչ հնարավոր լարվածություն կարող է ստեղծվել Հայաստան-Արցախ հարաբերություններում, եթե արցախցիների մեծամասնությունը Վիտալի Բալասանյանի հետ համաձայն լինի ու նրան վստահության քվե տա»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգեւորված չեն վերջինիս` Սամվել Բաբյանի հետ համագործակցությամբ։ Բանն այն է, որ Մասիսը, խառնվելով Սյամոյի արկածախնդիր, մի քանի անգամ դատվածության «սինդրոմին», կարող է կորցնել իր «ցիվիլ» մարդու համբավը, մանավանդ որ «կոմանդույուշչին» ու իր կողմնակիցները չեն երկնչում իրենց ու Մասիսի «դուխի» առավելություններից այստեղ-այնտեղ խոսելու գայթակղությունից: Սակայն ասում են` «ամենացնցողը» եղել է այն, որ մեխանիկական այդ միասնությունը արվել էր «սորոսակաների» հետ համագործակցության մեջ մեղադրվող Մասիսի երեսը «պարզ անելու» համար, որովհետեւ Սյամոն Ղարաբաղը ռուսական պրոտեկտորատի տակ տեսնելու մարմաջ ուներ, եզրերը հավասարակշռելու` կոմպլեմենտարիզմով։ Սակայն Սյամոյի` Ռուսաստան մուտքի արգելափակման հետ կապված լուրերը փլուզել են նաեւ այդ միֆը, եւ հիմա երկուսն էլ հայտնվել են կոտրված տաշտակի առաջ` ամենքը յուրովսանն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ 2020 թ. փետրվարի 10-ին կալանավորված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեւական ժամանակ եղել է ԱԱԾ-ի տեսադաշտում, եւ դեռ ավելին՝ նրա աշխատասենյակում գաղտնի կերպով տեղադրված են եղել օպերատիվ տեսախցիկներ, որոնք էլ արձանագրել են, թե ովքեր են մտել նրա աշխատասենյակ, ինչ հարցով եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` գործով մեղադրյալ Շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը իրավապահներին ասել է, որ ինքը տեղյակ է եղել, որ Վահագն Վերմիշյանը գնացել է «Վերնիսաժ» եւ ցանկացել է գնել հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի անվան հուշամեդալները: Ըստ Գագիկ Գալստյանի՝ իմանալով Վահագն Վերմիշյանի այդ ցանկության մասին եւ մտերիմ լինելով նրա հետ, ցանկություն է հայտնել այդ հուշամեդալները գնել: Վահագն Վերմիշյանը համաձայնել է, եւ Գալստյանը Վերմիշյանի հետ պայմանավորվել է աշխատասենյակում հանդիպել ու գումարը վճարել, որպեսզի Վերմիշյանն էլ իրեն փոխանցի գնված հուշամեդալները, եւ այդպես էլ արել են: Գալստյանի տարած գումարը Վերմիշյանը հաշվել է տեղում, ինչը նկարահանվել է օպերատիվ տեսախցիկներով, ու հենց այդ տեսանյութն էլ՝ իբրեւ կաշառքի ապացույց, ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը, անդրադառնալով Վերմիշյանի ձերբակալությանը, հայտարարեց. «Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ՀՀ ժողովրդի եւ 2018 թ.Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխոխության հասցեին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի անդամները։ Մի շարք ստոմատոլոգներ տեւական ժամանակ փորձել են առողջապահության փոխնախարար Շավարշ Գրիգորյանի հետ հանդիպել, սակայն անընդհատ մերժվել են։ Բայց երբ այս խնդրով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մի քանի օր անց հրավեր են ստացել Առողջապահության նախարարությունից։ Նշենք, որ երբ գնացել են հանդիպման, խորը հիասթափություն են ապրել. «Հանդիպումը սկսեցինք փոխնախարարի հետ գործնական ձեռքսեղմումով… Երբ հարց ուղղեցինք շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կենտրոնի տնօրենին, թե ինչպես են բուժքույրերը հավաքելու ՇՄԶ միավորներ (ըստ օրենքի՝ բուժքույրը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի 140 միավոր), այս հարցին նա դժվարացավ կոնկրետ պատասխանել: Իսկ փոխնախարարը՝ Շավարշ Գրիգորյանը, անսպասելի եւ անհասկանալի, ակնհայտ անզուսպ եւ էմոցիոնալ կեցվածքով մի քանի անգամ ձեռքով ուժգին հարվածեց սեղանին: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ինչու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման խայտառակ, ամոթալի վարքագիծ դրսեւորվեց մեր՝ ՀՀ քաղաքացիներիս նկատմամբ: Ուստի մեզ այլ բան չէր մնում, քան հանդիպման վայրից մինչեւ հոգու խորքը վիրավորված, անխոս հեռանալը»: Վիրավորված ստոմատոլոգները այս հանդիպման մասին դարձյալ նամակ են ուղարկել վարչապետին՝ պահանջելով պատժել փոխնախարարին, եւ հիմա սպասում են արձագանքի։ Այս թեմայի շուրջ ԱՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ հանդիպման վերջում մի քանի տղամարդկանց կողմից հարցերի շարան է ուղղվել Առողջապահության ազգային ինստիտուտի կին մասնագետներից մեկին. «Իսկ նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին սթափեցրել է, բոլորի ուշադրությունն է հրավիրել առաջարկների վրա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում հետաքրքիր զարգացումներ են՝ ռեկտորի՝ մարտի 23-ի ընտրություններին ընդառաջ։ «Հին ԺՊ-ն իրեն սպառել է, նա հայտարարել է, որ ռեկտորի թեկնածու չի լինելու, հասարակության ճնշման ներքո նույն բանը հայտարարեց նաեւ ամենահավանական թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Իշխանությունները հիմա ունեն նոր ֆավորիտ, ուզում են տապալել համալսարանի ռեկտորի ընտրությունները ամսի 23-ին` հանուն իրենց ֆավորիտի, նրան նշանակել նոր ԺՊ, ապա ընտրել ռեկտոր»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը: Եվ ո՞վ է նա՝ Վահե Հովհաննիսյա՞նը, Վահրամ Դումանյա՞նը։ «Ոչ, Ռուբեն Կարապետյանը` ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի հնաբնակներից, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչ, որը 2008-ին միացավ հայտնի դիվանագետների հայտարարությանը, դեսպան է եղել թե՛ մերձավորարեւելյան երկրներում` ընդհուպ Սիրիա, թե՛ եվրոպական` ընդհուպ Իտալիա»: Բայց ինչո՞ւ են տապալում ընտրությունները՝ ԺՊ նշանակում։ «Որովհետեւ նա այս պահին չի կարող դառնալ ռեկտոր՝ դոկտոր է, բայց չունի պրոֆեսորի կոչում։ 2 շաբաթ առաջ, արագ ռեժիմով, ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց նրա պրոֆեսորի կարգավիճակը, ուղարկեց ԲՈԿ, էնտեղ էլ արագացված կարգով կանեն այդ գործը, եւ Կարապետյանը մի երկու ամսից կընտրվի ռեկտոր, կամ էլ եւս 6 ամիս համալսարանը կրկին կղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը»: Մենք տեղեկացանք, որ ԲՈԿ-ում իսկապես այս պրոցեսն արագացրել են, եւ գուցե երեկ արդեն եղել է պրոֆեսորի կոչման հրամանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու քրեակատարողական հիմնարկներում, մասնավորաբար՝ կտրուկ փոփոխություն են ցանկանում իրականացնել ՔԿՀ ղեկավար կազմում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անհատական քննարկումներում կարծիք է շրջանառվում, որ այս ոլորտում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարը շատ լուրջ, հետեւողական, բայց եւ զգուշավոր աշխատանք է պահանջում: Մյուս կողմից՝ անհրաժեշտություն կա փոխել քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր մթնոլորտը, դատապարտյալների կենսապայմաններն ու կենսակերպը: Ի դեպ, մեր զրուցակիցը նշում էր, որ «նախկին կոռումպացված իշխանությունների մնացորդները» առանցքային տեղ են գրավում այս ոլորտի ղեկավար կազմերում, ինչը իշխանությունների համար եւս մեկ խթան է լուրջ փոփոխություններ իրականացնելու։ Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություն ստացվեց, որ արդեն երկու ՔԿՀ-ում փոփոխություն է եղել: Սպասվում է շարունակություն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կխստացվի սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատիժը: Ի դեպ, այս մասին որոշման նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունը նոր է շրջանառության մեջ դրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում և արդեն հասցրել է 6 կողմ և 1 դեմ ձայն հավաքել։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պատիժները կխստացվեն։ Մասնավորապես, նշված օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքը նախատեսված է որպես միջին ծանրության հանցագործություն, իսկ 2-րդ մասով նկարագրված արարքը՝ ծանր հանցագործություն: Այսինքն 333-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան կշարադրվի հետևյալ խմբագրությամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ 2-րդ մասի սանկցիան՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով: Պարզվում է, որ հաճախ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող կամ դատապարտված անձինք, գիտակցելով սուտ մատնության համար նախատեսված պատժի համեմատաբար թեթև լինելու հանգամանքը (օրինակ՝ տուգանք), չեն կաշկանդվում հանցագործության մասին սուտ մատնություն կատարելուց։ Այս փոփոխության արդյունքում ԱՆ-ն հույս ունի, որ սուտ մատնության դեպքերը կնվազեն»: