24.11.2024
Երևանը կունենա հանրային սքեյթ-պարկ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակարրդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:


Վարչապետին ուղեկցում են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԽԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլք:


Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրանց հետ չէ:



Սումգայիթյան ջարդեր


1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:


Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Ադրբեջանցի հրեշն արդեն արել էր իր սև գործը… Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ: Այն վճռական դեր խաղաց ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման տեսանկյունից։


Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:


1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը:


Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև


1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում ասվում է՝ «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:


Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը` Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա», կոպտորեն աղավաղելով փաստերը, իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացած ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ: