«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2019թ.-ի սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում Հայաստանի Հանրապետության նախագահի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Գերմանիայի, Լեհաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Շվեյցարիայի, Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչների, միջազգային ժյուրիի անդամների, հայ և օտարերկրյա արվեստագերտների և հյուրերի մասնակցությամբ ներկայացրեց «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» լայնածավալ նախագիծը։
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի բացման հանդիսավոր արարողությունը մեծ շուքով տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:
2019թ.-ի սեպտեմբերի 7–ից նոյեմբերի 7–ն ընկած ժամանակահատվածը նվիրված էր այս եզակի մրցույթի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված և գեղարվեստական տպագրության որոլտում ստեղծագործող արվեստագետների ցուցահանդեսին: «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի մրցութային ցուցահանդեսում ներկայացված էր 53 երկրից 227 արվեստագետի մոտ 400 աշխատանք:
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի ծրագիրը բաղկացած էր երեք բաժնից.
- Մրցութային ցուցադրություն. 07.09. – 07.11.2019
- Հավելյալ ցուցահանդեսներ. 14.09. – 15.12.2019
- Վարպետության դասեր. 12.09. – 26.10.2019
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին 5 մասնագետ, որոնք բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում ընտրեցին հաղթող աշխատանքներն ու արվեստագետներին։
Միջազգային ժյուրիի նախագահն էր դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահը՝ Մարգրետ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն էին՝ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Էնջին (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):
Սեպտեմբերի 10-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ժյուրին շնորհեց Գլխավոր մրցանակ (մեդալ), Առաջին մրցանակ (մեդալ), Երկրորդ մրցանակ (մեդալ) և Երրորդ մրցանակ (մեդալ), Հատուկ մրցանակներ, որոնք սահմանել էին «Համահայկական հիմնադրամը», «Ռուսական գիտամշակութային կենտրոնը», ինչպես նաև Պատվոգրեր՝ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ուշագրավ գործերի համար։
Բիենալեի մրցանակակիների վերաբերյալ հետագա անդրադարձը կլինի հաջորդող հրապարակումներում։
Բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի մրցույթային ցուցադրությունում ներկայացված փորագրանկարչական աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն ընձեռվեց մինչև 2019թ. նոյեմբերի 7-ը:
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»–ի երկրորդ մասը սևեռված էր ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության վրա։ Գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող հինգ անհատական ցուցահանդեսները՝ լեհ արվեստագետ, «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի Առաջին մրցանակակիր Թոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից սեպտեմբերի 28-ը), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 14-ը), չին արվեստագետ, «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»–ի Երկրորդ մրցանակակիր Մինջե Ճանի (հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 5-ը), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը), էստոնացի արվեստագետների մեկ խմբային ցուցահանդեսը (հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 15-ը) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 10-ը), հայ հանդիսատեսին և արտերկրից ժամանած հյուրերին, այցելուներին օգնեցին պատկերացում կազմել լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտում զարգացման ներկայիս միտումների վերաբերյալ:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերության հավակնոտ այս լայնածավալ նախագիծը՝ երևանյան բիենալեն, իրապես նշանակալի իրադարձություն է դառնում ո՛չ միայն հայ մշակութային իրականության մեջ, այլև 2017 թվականից արդեն իսկ իր ուրույն տեղն է զբաղեցնում համանման միջազգային հեղինակավոր փառատոնների և գեղարվեստական տպագրության ոլորտում գործող միջազգային բիենալեների երկար ցանկում։
Այդ մասին են վկայում Շվեցարական ռադիոյի և հեռուստատեության (SRF) արձագանքը «Գեղարվեստական տպագրության Երկորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին, որի խմբագիր և լրագրող Կատարինա Բոյխսլերը 2019 թվականի սեպտեմբերին ներկա է եղել Բիենալեի բացման արարողությանը և որը ընդգրկուն անդրադարձ է կատարել տարածաշրջանում առաջին անգամ նման ծավալներ ստացած գեղարվեստական տպագրության ոլորտի այս խոշոր նախաձեռնությանը։