Հայաստանը և Քուվեյթը քննարկել են երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահը կարևորել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում hամագործակցության զարգացումը: Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերն անհրաժեշտ են համարել կառավարությունների միջև ակտիվ գործակցությունն ու կոնկրետ ծրագրերի քննարկումը:
Ընդգծելով ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևորությունը` Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանմանը, այդ համատեքստում նաև երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Քուվեյթի բիզնեսի` հայկական շուկա ներգրավմամբ ու ընդգծել, որ դա հնարավորություն կտա ներդրողներին մուտք գործել նաև Եվրասիական տնտեսական միության շուկա: Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անհրաժեշտ են համարել գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը և պայմանավորվել հանձնարարել կառավարությունների պատասխանատուներին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Զրուցակիցները կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, ինչը կնպաստի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը: