ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook.com» սոցիալական ցանցում կատարված գրառմամբ, այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար: Ըստ Նարեկ Սամսոնյանի` այդ մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչապետը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:
Այսինքն` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում:
Նարեկ Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Սամսոնյանը նաև նշել էր, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ հանձնարարություններ է տվել։
Նարեկ Սամսոնյանն ավելի վաղ կանչվել էր ՀՔԾ որպես վկա ցուցմունք տալու, այնուհետև հանդես էր եկել հայտարարությամբ, թե իր ցուցմունքը կեղծվել է քննիչի կողմից: Սամսոնյանի այս հայտարարությունը հակառակ հայտարարություն էր տարածել ՀՔԾ-ն:
ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Սամսոնյանը նշեց, որ իրեն վերագրվող սուտ մատնութունը վերաբերում էր ոչ թե «սև խավիար»–ին, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ին հրահանգ տալուն․ ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ։
Նարեկ Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չունի, թեև քննիչը փորձում էր ամեն կերպ այդ կարգավիճակին բնորոշ գործողություններ կատարել: