Զինծառայողի մահվան մեղավորները խստագույն կերպով պատժվելու են. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ բանակում տեղի ունեցած հերթական մահացության դեպքի առթիվ զրուցել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Սիմոնյանը մասնավորապես նշել է, որ զինծառայողի մահվան մեղավորները խստագույն կերպով պատժվելու են: Գրառումն ամբողջությամբ՝ստորև.
«Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պ նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: Նման ցավալի պատահարների բացառումն առաջնային կարևորություն ունի` անկախ պատճառից` լինի դա ոչ կանոնակարգային հարաբերություն, թե առողջական խնդիր, թե այլ բան: Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեր տղերքի արյան ամեն կաթիլն անգին է: Իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են:
Խորին ցավակցությունս եմ հայտնում պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանի հարազատներին:
Աստված պահապան Հայոց բանակին և մեր տղաներին», ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հ. Ա.-ն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: