Սիրիայի խորհրդարանի ժեստը՝ Էրդողանին և սիրիահայերին
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Սիրիայի խորհրդարանի քայլը կարելի է պայմանավորել նաև թուրք-սիրիական վերջին սրացումներով, որոնք տանում են դեպի ուղիղ պատերազմ՝ Անկարայի և սիրիական կառավարական ուժերի միջև:
Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր ապաստան են գտել Սիրիայում՝դարձել են այդ երկրի լիիրավ և բոլորի հարգանքը վայելող քաղաքացիներ:Ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն այժմ՝Սիրիայի բանակի կազմում կռվում են այսօրվա Թուրքիայի զինված ուժերի ու Էրդողանի պանթուրքիզմի և նեոօսմանիզմի դեմ:
Սիրիան արաբական աշխարհում ՀՀ-ի համար դաշնակից ու բարեկամ երկիր է:
Դա պայմանավորված է մի կողմից՝ Սիրիայում հայ համայնքի առկայությամբ՝չնայած սիրիահայերի մեծ հոսք եղավ պատերազմական Սիրիայից դեպի Հայաստան, մյուս կողմից՝գեոպոլիտիկ առումով՝ «իմ թշնամու թշնամին՝իմ բարեկամն է» տրամաբանությունից ելնելով:
Սիրիան այժմ դիմակայում է թուրքական և Անկարայի պրոքսի տարբեր իսլամիստական խմբավորումների գրոհներին և խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման թայմինգը՝ընտրված ժամանակը կարելի է համարել նաև մեսիջ ու ժեստ՝մի կողմից ուղղված Թուրքիային, մյուս կողմից՝այսօր մարտի դաշտում գտնվող այն հայերի սերունդներին, որոնց պապերն ենթարկվել են ցեղասպանության Օսմանյան կայսրության տարածքում:
Էրդողանն իր ռազմավարության մեջ ցանկանում է փորձել վերականգնել Թուրքիայի ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում՝Սիրիայի տարածքը մի քանի դար եղել է Օսմանյան կայսրության մաս:
Թուրքիայի պանթուրքիստական և նեոօսմանական քաղաքականությունը սպառնալիք է թե Սիրիային, թե այնտեղ ապրող հայ համայնքին:
ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ պետք է շարունակի ամրապնդել կապերը Սիրիայի հետ՝դատապարտի Անկարայի ռազմական ագրեսիան սուվերեն Սիրիայի դեմ, ինչպես նաև շարունակի հումանիտար և այլ առաքելություններով աջակցել հայ համայնքին՝թե Սիրիայի տարածքում, թե սիրիահայերին՝ՀՀ-ի տարածքում:
Վարդան Վարդանյան