24.11.2024
Բաբայանի ակտիվացումը կբերի Արցախի իշխող էլիտաների կոնսոլիդացիայի
prev Նախորդ նորություն

Հարությունյանը ֆավորիտ է, իսկ Բաբայանի աջակցությունը կթուլացնի Մայիլյանին. Աթանեսյան

Նախընտրական Արցախում անհանդուրժողականության մթնոլորտ, որքան իմ դիտարկումներն են թույլ տալիս եզրակացնելու, չկա: Բայց խորքային վերադասավորումներ, ըստ իս, ընթանում են: Այլ հարց է՝ դա կբերի իրավիճակի հստակեցմա՞ն, թե ոչ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում նշեց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:


Նա հույս ունի, որ սրացումներ չեն լինի:


Աթանեսյանի խոսքով, թեև նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը դեռ չի ավարտվել, բայց կարելի է ասել, որ նախագահական մրցապայքարի ֆավորիտը Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է.


«Երեկ ես ֆեյսբուքում կարդացի Արայիկ Հարությունյանին ոչ համակիր մի օգտատիրոջ գրառում: Նա «Ազատ հայրենիք» կուսակցությանը տեղեկացնում էր, որ հանրության շրջանում քարոզչություն է տարվում այն սկզբունքով, որ ցանկացած ելք ընդունելի է, միայն թե Արայիկ Հարությունյանը չընտրվի Արցախի նախագահ: Կարծում եմ, այս հոգեվարքային քարոզչությունը տալիս է հարցի ստույգ պատասխանը՝ նախագահական մրցապայքարի ֆավորիտը Արայիկ Հարությունյանն է: Եվ հանրային տրամադրությունները գերազանցապես դա են վկայում»,- նշեց նա:


Մամուլը տևական ժամանակ շրջանառում էր, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու Արայիկ Հարությունի միջև բանակցություններ են ընթանում, նրանց բազմիցս լրագրողները ֆիքսել էին այս կամ այն վայրում զրուցելիս, սակայն Բաբայանը նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ, որով տեղեկացրեց, որ իր աջակցությունն է հայտնում ԱԳ նախարար Մասիս Մայլիյանին, ով ևս հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին: Հարցին, թե որքանո՞վ է այս հանգամանքը ամրապնդում է Մայիլյանի դիրքերը կամ գուցե հակառակը, Աթանեսյանն արձագանքեց.


«Ես տեղյակ չեմ՝ եղե՞լ են Հարությունյան-Բաբայան բանակցություններ, թե ոչ: Իրողությունն այն է, որ Սամվել Բաբայանը հայտարարեց Մասիս Մայիլյանին աջակցելու մասին: Չեմ կարծում, թե դրանով Մայիլյանի դիրքերն ամրապնդվում են: Հակառակը, նա ստիպված է լինելու պատասխանել մի շարք ոչ ցանկալի հարցերի»:


Մեր զրուցակիցը վստահ է՝ այդ հանգամանքը որևէ կերպ չի ազդի Հարությունյանի դիրքերի վրա: 


Դիտարկմանը, որ թեկնածուներից մեկը՝ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բացահայտ քննադատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ու Երևանի հարաբերությունները, մեղմ ասած, բարիդրացիական չեն, որքանո՞վ նրա ընտրվելը կարող է ազդել ՀՀ-Արցախ հարաբերությունների վրա, Վահրամ Աթանեսյանն ասաց, որ նախագահ ընտրվելու նրա հնարավորությունները չափազանց սուղ են, այնպես որ նման մտահոգությունները կարելի է հանգիստ հանել օրակարգից:


Ու թեև հնարավոր թեկնածուները շատ են ու բոլորն էլ բավականին հայտնի Արցախում, հետագիծ ունեցող անձիք են, բայց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ինքը բացառում է.


«Ես անձամբ կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանը հաղթելու է քվեարկության առաջին փուլում: Դա քաղաքագիտական հաշվարկի վրա կառուցված տեսակետ է»,- հավելեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախագահական ընտրությունները Արցախում կայանալու են մարտի 31-ին:


Լիա Խոջոյան