27.11.2024
Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վանեցյանը Միքայել Մինասյանին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները;


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ։ Երեկ, ի վերջո, հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանն ի վերջո հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն այդպես էլ փակագծեր չբացեց։ «Թե ովքեր են լինելու կուսակցության կազմում, այս պահին ձեռնպահ կմնամ անուններ հնչեցնելուց, քանի որ շատերի հետ եմ բանակցել։ Գաղափարախոսության մասին կխոսենք կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։ Ուղղությունը կլինի կենտրոնամետ-աջ, իսկ ավելի լայն կխոսենք հետագայում»,-նշեց Վանեցյանը։ Տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հնչել են բազմաթիվ հարցեր՝ սկսած նախկին իշխանությունների հետ կապերի, հրաժարականի պատճառների, Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին։ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը հետաքրքրվել է Վանեցյանի հրաժարականից հետո նրա հրապարակային խոսքում առկա այն ակնարկների մասին, թե երկրին պատուհասել են վտանգներ։ Կարո՞ղ եք կոնկրետացնել՝ ինչ վտանգ է սպառնում, ում կողմից, եւ ի վերջո, ինչու եք լռում։ Այս հարցին, սակայն, կոնկրետ պատասխաններ չտրվեցին։ 


«Այն վտանգները, որ ես տեսել եմ այն ժամանակ, ի հայտ են գալիս կամաց-կամաց։ Որպես օրինակ կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ, որն անվտանգության տեսանկյունից նաեւ շատ մեծ խնդիր է մեզ համար։ Դա վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին եւ, առհասարակ, աշխարհի ցանկացած կետում մարդիկ եթե վերցնեն ու հետեւեն Հայաստանի լրահոսին, կտեսնեն այնպիսի վերնագրեր ու վերլուծություններ, որոնք ապշեցնող են ու զարմանալի»,-նշեց նա։ Հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում իր անձի շուրջ պտտվող այն խոսակցություններին, թե փորձել է պետական կամ հիբրիդային հեղաշրջում իրականացնել։ «Իհարկե ես նման ցանկություն չեմ ունեցել, հակառակը, ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, պետք է դատապարտվի եւ կրի իր պատիժը»,-նշել է նա։ ԱԱԾ նախկին տնօրենը չթաքցրեց, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես՝ վերջին շրջանում տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ոչ մեկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի հեռախոսազրույցի գաղնալսման հրապարակումից հետո։


Նա մասնավորապես հայտարարեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, սակայն մանրամասներ չհայտնեց: Մեկ այլ ուշագրավ բացահայտում արվեց արդեն նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մասին, որն այս պահին ապաստան է ստացել ՌԴ-ում: «Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերաբացել գործը, սակայն գործը վերադարձվել է մեզ: Այնուհետեւ Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, եւ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, եւ ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց»: Բացի այս, Վանեցյանը նաեւ չթաքցրեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկն էլ եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տարվող քաղաքականության հետ անհամաձայնությունը, եւ այդ պատճառով իր խոսքում ասել էր. «Կա՛նգ առ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի հետ խմբագիրների հանդիպման ժամանակ հարց է հնչել՝ ի՞նչ անօրինական հանձնարարություններ եք ստացել Նիկոլ Փաշինյանից, ի՞նչ կոնֆլիկտներ ու տարաձայնություններ եք ունեցել։ «Շատ լավ հասկանում եք, որ 20 տարվա օպերաշխատողի ստաժ ունեցող մարդը, սպան, գեներալը երբեք չի պատմի վարչապետի եւ իր անձնական, աշխատանքային զրույցների մասին։ Բայց եղե՞լ են արդյոք տարօրինակ հանձնարարականներ․ բազմիցս վարչապետը հրապարակայնորեն մեզ տվել է այնպիսի հանձնարարություններ, որոնք ուղղակի կատարման ենթակա չեն եղել։ Օրինակ՝ կառավարության նիստի ժամանակ ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները, տեղորոշել սեւազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում․․․ ի՞նչ սեւազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված ինչ-որ կերպարներ, որոնք, իբր, հասարակությանը վտանգ են ներկայացնում։ Վերջին իրադարձությունները վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում իրավապահ համակարգի գործունեությունը»։


«Փաստ» թերթը գրում է. ««Երբեք չեմ ափսոսել իմ հրաժարականի համար: Ափսոսում եմ միայն նրա համար, որ չենք կարողացել արդարացնել բազմահազարանոց մարդկանց, քաղաքացիների հույսերն ու սպասումները, այլ ընդհակառակը, եղել են մեծ հիասթափության առիթներ»,- երեկ տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Փաստ» թերթի գլխավոր խմբագրի հարցին, թե երբևէ չի՞ ափսոսել, որ հրաժարական է տվել: Հարցրեցինք. «Մինչ իշխանափոխությունը Դուք հանրության լայն շերտերին անծանոթ էիք: Վարչապետ Փաշինյանը Ձեզ վստահեց, ճանաչում ձեռք բերեցիք: Արդյոք զուտ բարոյական առումով ճիշտ չէր լինի՞, եթե պաշտոնից լուռ հեռանայիք»: «Իմ աշխատանքը վերջին 20 տարիներին չի ենթադրել հանրային գործունեություն: Դա է պատճառը, որ հանրային ճանաչում չեմ ունեցել: Կարող եմ ասել, որ բացի Նիկոլ Փաշինյանից, իշխանության եկածների 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել: Իշխանության գալուց հետո յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղը զբաղեցնել հասարակության մեջ: Ինչ վերաբերում է բարոյական կողմին: Բարոյական չէր լինի, եթե ես, կոմֆորմիզմից ելնելով, շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը և չբարձրաձայնեի վտանգների մասին: Իմ և Նիկոլ Փաշինյանի մեջ եղել են տարաձայնություններ: Դրանք հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականից առաջ, առավել ևս հրաժարականիցս հետո ոչինչ պարտք չեմ»,- ասաց Վանեցյանը: Այս ընթացքում Վանեցյանին մեղադրում են Փաշինյանին դավաճանելու մեջ, Փաշինյանին էլ՝ ժամանակին Վանեցյանին վստահելու մեջ: Արդյո՞ք չի վախենում նման գնահատականներից: Այս հարցին ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, ովքեր դավաճանեցին հեղափոխության գաղափարներին: Թող վախենան նրանք, որոնք իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից: Թող դավաճանի պիտակավորումից վախենան բոլոր նրանք, ովքեր կարճ ժամանակ հետո սթափվելու են և ասելու են, թե՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում»: Վանեցյանը խուսափեց անուններից՝ միայն նշելով, որ խոսքն այն շրջանակի մասին է, որը գտնվում է իշխանության մեջ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դիլիջանից մինչև Երևան, Սայաթ-Նովայից մինչև Բաղրամյան պողոտա և խորհրդարանի տարբեր սենյակներում օրուգիշեր քննարկումներ կազմակերպելու արդյունքում վերջապես իշխող ուժը խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության հետ գտավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահից ու անցանկալի կազմից ազատվելու իրատեսական տարբերակը: ԱԺ 37 իշխանական պատգամավորներ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ են մշակել և առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»: Հիմա իշխող թիմն առաջարկում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնել, բացի ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանից և Արման Դիլանյանից, որոնք իշխանության համար ցանկալի դատավորներ են: Բացի այդ, առաջարկվելու է հանրաքվեի դնել ընդհանրապես ՍԴ գոյության հարցը, որպեսզի քաղաքացիները իրենք որոշեն՝ ուզում են մեր երկրում լինի Սահմանադրական դատարան, թե ոչ:


Նախկին իշխանության ներկայացուցիչները աղմկում են, թե այս օրինագծի ընդունումով ԱԺ-ն ՍԴ-ի լիազորություններին է տիրանում, այլ կերպ ասած՝ զավթում է, յուրացնում դատական իշխանությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է: Մինչդեռ իրականում հանրային լայն շերտերի համար միևնույնն է՝ մեր երկրում կա Սահմանադրական դատարան, թե ոչ, քանի որ ՀՀ քաղաքացիները ուղիղ չեն առնչվում բարձրագույն դատարանին, և արդեն կանխատեսելի է, որ հանրաքվեով ջախջախիչ հաղթանակ է տանելու ՍԴ-ն լուծարելու կարծիքը: Այդպիսով և՛ ՍԴ-ի հարցը կլուծվի, և՛ լուծողը կլինի ոչ թե իշխանությունը, այլ ժողովուրդը՝ հանրաքվեով: Ու հենց այս հարցն էր երեկ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ քննարկում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միրզոյանը դեսպաններին համոզել է կարծիք ձևավորել, որ ՀՀ իշխանությունը որևէ հակաժողովրդավար քայլ չի անում: Հավելենք՝ երեկ՝ երեկոյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք և ԲՀԿ-ն դեմ են քվեարկելու: Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ սահմանադրական դատարանը: Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից, որը նշեց. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ փոփոխություններ անողներն արձագանքեն իրենց արածին»»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ: ԲՀԿ-ական պատգամավորները չգիտեն նաև, թե իրենք արդյոք դիմելո՞ւ են ՍԴ՝ օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար: «Դա կորոշվի հաջորդ շաբաթ, երբ խմբակցությունը այս հարցով քննարկում կկազմակերպի»,- ասաց մեր աղբյուրը: Իրականում ԲՀԿ որոշումները կայացնում է Գագիկ Ծառուկյանը, իսկ թե ինչ սկզբունքով՝ չգիտի ոչ ոք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ով օրեր առաջ հերքում էր մեր տեղեկությունները, թե իր հետ կապված քրեական գործ է քննվում։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն հրապարակեց, որտեղ նշված էր, որ նա «մտերիմի» միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել։ Իսկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ ձերբակալվել է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է։ Ի դեպ, Գալստյանի մասին երեկ շատերը դրական կարծիք էին հայտնում եւ զարմանում էին կատարվածի առիթով։ Մենք տեղեկացանք, որ Գալստյանի մեղադրանքը կապված է «Վաստակավոր շինարար» կոչման հետ, որի դիմաց Վերմիշյանը, ըստ մեղադրանքի, նրանից 5 հազար դոլար կաշառք է վերցրել»:


«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները մարդկանց հատուկ խումբ է ձեւավորել, որոնց գործառույթը պետք է լինի իրենց թիրախում գտնվող ընդդիմադիր հայացքներ ունեցող, Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների քայլերին դեմ արտահայտվող անձանց՝ քաղաքական-հասարակական գործիչների, տնտեսվարողների, լրագրողների, առհասարակ՝ ակտիվ գործունեություն ծավալող անձանց հեռախոսները, այսպես ասած որեւէ ձեւով թռցնելը։ Նպատակը՝ մուտք գործել հեռախոս եւ ձեռք բերել իրենց ցանկալի տեղեկատվությունը։ Ազգային անվտանգության ծառայության մեր աղբյուրը խստիվ զգուշացրեց, որ որեւէ վայրում պետք չէ հեռախոսը թողնել սեղանին, դրսում որեւէ մեկի հեռախոս չտրամադրել որեւէ պատրվակով՝ լինի դա ինչ-որ տեղ զանգելու կամ այլ։ Պետք է խուսափել նաեւ այն մարդկանցից, ովքեր քայլում են անմիջապես ձեր կողքով, փորձում են հավասարվել, որովհետեւ, ըստ լուրերի, հիմա հեռախոսներ թռցնելու օպերացիա իրականացնելու հրահանգ է տրված։ Տեղեկացնենք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ ռեստորաններում եւ սրճարաններում մարդիկ ոչ միայն խուսափում են միմյանց հետ շփվել, այլեւ մատուցողներին հատուկ զգուշացնում են իրենց սեղաններից հեռացնել անձեռոցիկների տուփերը եւ հատկապես հեռախոսները լիցքավորող սարքերը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են ուժային կառույցների հետ լուրջ փոփոխություններ իրականացնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջին շաբաթների ընթացքում կառավարության կուլիսներում ակտիվ քննարկումներ են ընթանում ռազմական ոստիկանությունը «օպտիմիզացիայի» ենթարկելու հարցում: Ըստ նույն աղբյուրների, թեման Նիկոլ Փաշինյանի սեղանին հասցնելու հարցում մեծ դերակատարություն են ունեցել իշխանության սատելիտ որոշ ուժեր ու անհատներ, որոնք գլխավորապես սնվում են արեւմտյան գրանտներից: Սակայն դիրքորոշումը, ըստ տեղեկությունների, հստակեցված չէ, ավելին՝ կան մեծ թվով ընդդիմացողներ: Կառավարական աղբյուրների փոխանցմամբ, վարչապետը այս հարցի հետ կապված մասնագիտական շրջանակներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրություն կատարել եւ հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերն ու հետեւանքները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտոնական կայքը ՀՀ-ում հայերի էթնիկ կազմը ներկայացնում է 96 տոկոս, սակայն միևնույն ժամանակ, ըստ վարչապետի պաշտոնական կայքի, այս կարևորագույն ցուցանիշը 98,1 տոկոս է։ Առնվազն տարօրինակ է, թե ինչպես է հնարավոր, որ երկու պաշտոնական գերատեսչական կայքերում նույն տեղեկությունը տարբեր կերպ է ներկայացված»:


«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 29-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր թավշյա հեղափոխությունից հետո: Վերջինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այլևս նախկին խորհրդական Ֆելիքս Թադևոսյանի որդին է, ով աշխատանքից ազատվել էր դեռևս 2019թ. մայիսից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի Լեոյի 54 հասցեի շինարարական աշխատանքների հետեւանքով 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լեոյի 54 հասցեում գտնվող Հիդրոմետ ծառայության նախկին շենքը վերածվելու է հյուրանոցի: Այժմ շինաշխատանքներ են իրականացվում, ավելանալու է եւս մեկ հարկ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Լեոյի 54 հասցեում «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությունը շինարարություն իրականացնելու թույլտվություն ստացել է անցած տարվա օգոստոսին Հայկ Մարությանի կողմից: Ի դեպ, խոսքն այն շենքի մասին է, որը վաճառվել է անմիջապես հեղափոխությունից հետո` 2018 թվականի մայիսին. ենթադրվում է, որ այս գործարքի հեղինակները օգտվել են երկրում տիրող խառը վիճակից: Եվ, ըստ որոշ տեղեկությունների, այդ տարածքում հյուրանոց կառուցում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց ճշտել Արման Սահակյանից, սակայն ողջ օրվա ընթացքում նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ իրականացվող շինաշխատանքների հետեւանքով հարեւանությամբ գտնվող շենքը փլուզվում է: Կառուցապատող «Առ Արտ» ընկերությունը շարունակում է փոսի փորման աշխատանքները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Թալանի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ, Հարկային պետական ծառայության նախկին պետ Վահրամ Բարսեղյանը, ով ներկայումս Քոչարյանի մոլի աջակից է, թերևս լավ կաներ հիմա վկայություն տար վերև՝ շեֆին փոխանցած գումարների մասին, սակայն նա հիմա չի թաքցնում իր վերաբերմունքը գործընթացների նկատմամբ, անձամբ մասնակցում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին շեֆի դատերին: Նրա ակտիվ դերակատարությունը առնվազն մի շարք հարցեր է առաջացնում, քանի որ Բարսեղյանը, նախկինում լինելով պաշտպանության նախարարի խորհրդական, լավ հարաբերությունների մեջ է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Բեգլովի հետ: Վերջերս էլ Բեգլովի նվերն էր բերել Քոչարյանին: Բարսեղյանը Քոչարյանի աջակիցների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նվերն է բերել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից մեկնարկում է Արցախի նախագահական ընտրությունների առաջադրման փուլը։ Չնայած քարոզարշավի մեկնարկը դեռ տրված չէ, բայց Արցախը վաղուց նախընտրական փուլում է։ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հաղթելու է, չնայած նրան, որ շատերը 2-րդ փուլ են կանխատեսում։ Հենց այդ հույսով է շարժվում արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով բանակցում է մի շարք ուժերի հետ, որ 2-րդ փուլում ստանա նրանց աջակցությունը։ Վիտալի Բալասանյանն էլ կասկած չունի, որ 2-րդ փուլում ինքն է լինելու Հարությունյանի մրցակիցը։ Նա էլ է քաղաքական կոնսուլտացիաների մեջ։ Եթե Մասիս Մայիլյանն անցնի երկրորդ փուլ, ոմանց կարծիքով, կմեծանան նրա շանսերը։ Նրան կաջակցի նաեւ Սամվել Բաբայանը»: