Նախկին իշխանության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն՝ արձանագրելու համար, որ Հայաստանի իշխանությունները հետապնդման են ենթարկում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին եւ փորձում են անձնական հաշվեհարդար տեսնել:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հավելելով, որ սա ազդում է ՀՀ-ի՝ ժողովրդավար պետություն լինելու իմիջի վրա:
Վարչապետն այնուհետև խոսեց այն մասին, թե որքանով են այս պնդումները համապատասխանում իրականությանը:
«Եկեք հետ գնանք 2018թ. մայիս: Ինչպես հիշում եք նորձեւավորված կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը չպահանջեց: Չպահանջեց՝ ինչո՞ւ: Ոչ թե նրա համար, որ սիրում էր կամ չէր սիրում, այլ մի պարզ պատճառով: Մենք որոշել էինք, որ հարցերին պետք է մոտենանք ինստիտուցիոնալ, որ եթե կա պաշտոնյա, որը շատ թե քիչ օրինական ընտրվել է այդ կարգավիճակում, ուրեմն ոչ թե պետք է մեր անձնական ճաշակներով առաջնորդվենք, այլ պետական տրամաբանությամբ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրա համար իրենք նաեւ քննադատվել են:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր վերաբերմունքը սկզբում լիարժեք չի եղել իրավիճակի վերաբերյալ:
«Իսկ ինչո՞ւ ամբողջական չէր, որովհետեւ կար իրավաբանների եւ մարդկանց խումբ, որքն 1-2 անգամ ինձ դիմել էին եւ ասել, որ իրականում Հրայր Թովմասյանի գտնվելը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին ապօրինի է եւ սահմանադրական տրամաբանությամբ, բայց կա նաեւ ուրիշ հանգամանք, որ իրենք ունեն տեղեկատվություն, որ այդ կոմբինացիան առանց կեղծիքների հնարավոր չէր իրականացնել», - ասաց նա:
Վարչապետը նշել է՝ սկզբում ժամանակ չի ունեցել քննելու հարցը: Հետո երբ առիթ ու ժամանակ է ունեցել ուսումնասիրելու, իր մոտ անգամ հարց չի առաջացել՝ պետք է ընթացք տալ, թե ոչ: Երբ հանձնարարել է՝ հասկանալ, թե դա ինչ է ու ինչի մասին է: Այդ ընթացքում ազդակներ է ստացել, որ, այսպես ասած, պետք չէ «բզբզալ» և ՍԴ-ն նորմալ աշխատում է:
«Սակայն ես անսկզբունք կոմպրոմիսների չեմ գնացել ու չեմ գնա: Հանձնարարել եմ՝ ստուգել: Այդ ժամանակ ի հայտ եկավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը և ՍԴ նախագահի պաշտոնի օկուպացված լինելու հանգամանքը դարձավ ավելի հանրամատչելի: ՍԴ նախագահն էլ սկսեց քաղաքական դաշտում և երկրից դուրս իր համար պաշտպանություններ փնտրել, որոնք իմ գնահատմամբ ուղղված էին Հայաստանի շահերի դեմ: Հետո բացահայտվեց, որ ՍԴ նահագահի ընտրությունն ԱԺ-ում տեղ է ունեցել կեղծիքով:
Դա կեղծ ընտրություն է եղել: Եվ երկու ճանապարհ է եղել՝ օգտագործել այդ փաստը և ՍԴ-ն ու ՍԴ նախագահին վերցնել վերահսկողության տակ, թե գտնվել սկզբունքային և գնալ իրավական ճշգտիտ լուծումների ճանապարհով: Ես գնացել եմ ուրիշ ճանապարհով, քանի որ հասկացել եմ, որ չի կարելի է սիրո և համերաշխությամբ հասնել հեղափոխության ու ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան: ՍԴ նախագահն էլ տեսել, որ գնում ենք իրավական ճանապարհով, դարձել է ընդդիմություն: Սա է ողջ ճշմարտությունը», - նշեց Փաշինյանը:
Նա վերջում ցույց տվեց Հրայր Թովմասյանի կողմից իրեն նվիրած գրիչ՝ նշելով, որ սա խամաճիկային Սահամանդրական դատարան ունենալու խորհրդանիշ է: "Սատանան մանրուքների մեջ է", - հավելեց նա: Վարչապետը նշեց, որ այս պատմությանը ողջ դետալներով տեղյակ է երեք մարդ, որից երկուսն իրեն թշնամաբար են տրամադրված և իրենց "կաշին փրկելու համար" նման գործելաոճ են որդեգրել: "Երբ ես Կապանում ասուլիսի ժամանակ խոսում էի ակնարկներով սրա մասին, իրենք իրենց բացահայտեցին", - ասաց նա՝ վերջում նշելով՝ կեղծիքով ընտրավծ մարդը չի կարող լինել ՍԴ նախագահ, անդամ կամ դատավոր:
Հունվարի 25-ին Կապանում հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանն ամենօրյա ռեժիմով իրեն առաջարկել է իր ծառայությունները։ Այս հայտարարությանը հակադարձել էր Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ եթե եթե Փաշինյանը չհրապարակի իր խոսքերը հիմնավորող փաստ, ստիպված է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել նրա դեմ։ Նույն թեմային անդրադարձել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը (նա ըստ գնահատականների Փաշինյանի նշած երեք անձանցից մեկն է)՝ հորդորելով, որ "Իմ քայլը" դաշինքին քննարկել նոր վարչապետ ընտրելու հարցը:
Թովմասյանի այս հայտարարությանը Փաշինյանը Կապանից պատասխանել էր․ «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ»։ Հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում պատմություն հրապարակեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ստացած մի գրիչի և իր ու Թովմասյանի նախկին առնչությունների մասին։