23.11.2024
Փորձում են համոզել, որ Թովմասյանի հետ հաշվեհարդար են տեսնում. Փաշինյան (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Կասեցվել է կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը Սիսիանի մանկապարտեզներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համայնքապետարանից ստացել է գրության, որում կասկածներ են եղել այն մասին, թե պետական գնումների շրջանակներում համայնքի մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին:


ՍԱՏՄ-ն հայտնում է, որ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախ կատարվել է մատակարարվող կարագի հսկիչ գնում, որի շրջանակներում էլ, ապրանքատեսակի նույնականացման նպատակով, իրականացվել է նաև նմուշառում մանկապարտեզներից: Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:


Միաժամանակ անցկացված փաստաթղթային փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատակարար հանդիսացող «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ն որպես «սերուցքային կարագ» մատակարարել է «Крестянское Раздолье» անվանմամբ ապրանքատեսակ, որին կից ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության համապատասխանության հայտարարագրերը: Կազմակերպության հայտարարագրերում, սակայն, բացակայել են «Крестянское Раздолье» ապրանքատեսակի մասին հղումները:


Բացի այդ, ապրանքի արկղի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա վրա առկա մակնշումը կրկնապիտակ է, և արտադրողի բնօրինակ մակնշումը բացակայում է:


Տեսչական մարմնի մասնագետները կապ են հաստատել նաև Ռուսաստանի ««Молочный комбинат» Светловодский» կազմակերպության հետ, որի տնօրենը պաշտոնապես հերքել է իրեց կապը տվյալ ապրանքատեսակի հետ և հայտնել, որ «Крестянское Раздолье» ապրանքանիշով արտադրանք իրենց կողմից չի արտադրվում:


Որպես ներմուծող կրկնապիտակի վրա նշված է եղել Ա/Ձ Վիգեն Ստեփանյանը, որի գործունեությունը, սակայն, համաձայն պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության, ժամանակավորապես դադարեցված է:


Կրկնապիտակի տակ առկա մասամբ ջնջված մակնշման հետքերի վերծանումից պարզվել է, որ տվյալ տուփի պարունակությունը Ռուսաստանի Դաշնության «ДМФ» կազմակերպության կողմից արտադրվածը բուսակաթնային արտադրանք է՝ «Սփրեդ»:


Զուգահեռաբար «Հանրապետական անասնաբուժասանիտսրական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքները ևս փաստել են, որ փորձաքննության ներկայացված ապրանքատեսակն իր ճարպաթթվային կազմով չի համապատասխանում կարագին ներկայացվող պահանջներին և պարունակում է բուսական յուղեր:


Այդպիսով, Սիսիանի մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն մատակարարվել է բուսաճարպային սփրեդ:


Սիսիանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա խմբաքանակների իրացումը կասեցվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կեղծիքի ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ: