Հայաստանից ապրանքների արտահանումը 2019 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է ավեի քան 2 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8․9%-ով, իսկ ներմուծումն աճել է 3․9%-ով` կազմելով 3,3 մլրդ դոլար, արդյունքում ապրանքների գծով բացասական մնացորդը նվազել է 3․8%-ով: Այս մասին ասված է ԿԲ-ի հրապարակած հաշվետվությունում:
Ըստ ստացված տվյալների 2019թ. հունվար-սեպտեմբերին արտահանման կառուցվածքում հիմնական ապրանքախմբերից աճ է արձանագրվել «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և դրանցից իրեր» (աճել է 41․1%-ով կամ 89․4 մլն դոլարով՝ հիմնականում անմշակ ոսկու և ոսկերչական իրերի գծով), «Բուսական ծագման արտադրանք» (աճել է 8․1%-ով կամ 5․8 մլն դոլարով՝ հիմնականում լոլիկի ու վարունգի գծով), «Հանքահումքային մթերք» (աճել է 8․7%-ով կամ 43․4 մլն դոլարով՝ հիմնականում էլեկտրաէներգիայի, պղնձի ու ցինկի խտանյութերի գծով):
Բացի այդ աճել է նաև պատրաստի սննդի արտահանումը 15․3%-ով կամ 57․2 մլն դոլարով (հիմնականում կոնյակի, սիգարետի ու շոկոլադի գծով), «Սարքեր և ապարատներ» (աճել է 2․ 1 անգամ կամ 37․4 մլն դոլարով՝ հիմնականում բժշկական վիրաբուժական սարքերի ու ժամացույցերի թափքերի գծով):
Համաձայն ԿԲ-ի տվյալների, արտահանման կառուցվածքում հիմնական ապրանքախմբերից նվազում է արձանագրվել «Մանածագործական իրեր» (նվազել է 29․0%-ով կամ 53․1 մլն դոլարով՝ հիմնականում տղամարդու ու կանացի վերարկուների ու կոստյումների, տրիկոտաժե սվիտերների գծով), «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» (նվազել է 11.9% կամ 27.1 մլն դոլար՝ հիմնականում, չզտված պղնձի և ալյումինի փայլաթիթեղի գծով):
Հետաքրքրական է պատկերնը նաև արտահանման ու ներկուծման աշխարհագրության առումով: «2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների ծավալներն աճել են 6.9%-ով կամ 34․3 մլն դոլարով (հիմնականում Ռուսաստան՝ 34․9 մլն դոլարով): Այս տվյալները հրապարակել է ՀՀ կենտրոնական բանկը։ Դեպի Եվրամիության երկրներ արտահանման աճ է արձանագրվել հիմնականում Լեհաստան` 49․3 մլն դոլարով, Ֆրանսիա՝ 38․9 մլն դոլարով, Նիդերլանդներ՝ 32․9 մլն դոլարով, Չեխիա՝ 30․9 մլն դոլարով, Իտալիա՝ 25 7 մլն դոլարով», - նշում են ԿԲ-ի մասնագետները։
Զգալիորեն աճել է արտահանումը դեպի Կանադա՝ 80․8 մլն դոլարով, Չինաստան՝ 63․8 մլն դոլարով, Ուկրաինա՝ 43․8 մլն դոլարով, Շվեյցարիա՝ 39 1 մլն դոլարով, Իրաք՝ 27․9 մլն դոլարով: Միաժամանակ 297 մլն դոլարով կրճատվել է արտահանումը դեպի ԱՄԷ, 8 3 մլն դոլարով Իրան:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ԿԲ-ի տվյալներով, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծումը աճել է 116․9 մլն դոլարով, ընդ որում այն հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ներմուծման 110․5 մլն դոլար աճով:
Եվրամիության երկրներից ներմուծման ծավալները նվազել են 23.8 մլն դոլարով: ԵՄ երկրներից աճ է արձանագրվել Մեծ Բրիտանիայից 35 0 մլն դոլարով, Գերմանիայից՝ 32․9 մլն դոլարով, Իտալիայից՝ 13․6 մլն դոլարով, Ավստրիայից՝ 9.0 մլն դոլարով: Ներմուծման ծավալների անկում է արձանագրվել հիմնականում Հունաստանից՝ 34 8 մլն դոլարով, Ֆրանսիայից՝ 17 1 մլն դոլարով։ Այլ երկրներ խմբից ներմուծման ծավաների աճ է արձանագրվել հիմնականում Ճապոնիայից՝ 40 9 մլն․ դոլարով, Իրանից՝ 40 6 մլն դոլարով, ԱՄՆ-ից՝ 38.2 մլն դոլարով, Չինաստանից՝ 36․2 մլն դոլարով։
Ներմուծման ծավալների նվազում է արձանագրվել Շվեյցարիայից՝ 68․7 մլն դոլարով, ԱՄԷ-ից՝ 30․1 մլն դոլարով, Ուկրաինայից՝ 7 7 մլն դոլարով։