«Դալմա Գարդեն մոլ» շարունակում է փակ մնալ. մասնագետներ են հրավիրել Ռուսաստանից
Հունվարի 10-ից փակ է Երեւանում գտնվող «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնը: Այն փակվել էր տեղային ցնցումների պատճառով: Կենտորնից հայտնել էին, որ կվերաբացվի հունվարի 14-ին, սակայն առեւտրի կենտրոնը շարունակում է չգերծել, գրում է ՀԺ-ն:
««Դալմա Գարդեն մոլ»-ից մեզ չհաջողվեց որեւէ տեղեկատվություն ստանալ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հայտնել է, որ իրենց տեղեկություններով առեւտրի կենտրոնի տնօրինությունը Ռուսաստանի դաշնությունից է մասնագետներ հրավիրել, որպեսզի գան եւ փորձաքննություն իրականացնեն», - ասված է հրապարակման մեջ:
«Մեզ չեն էլ տեղեկացրել, դա իրենց որոշումն է եւ մեր գործառույթների մեջ չի մտնում: Մանրամասներ չեմ կարող ասել, բայց ենթադրվում է, եթե մասնագետներին Ռուսաստանից են հրավիրել, ուրեմն նախագծողն ու հեղինակներն այնտեղից են»,- ասաց Զարգարյանը:
Հիշեցնենք, հունվարի 9-ին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանել էին: Անվտանգության աշխատակիցները մարդկանց ուղղորդել էին դեպի դուրս եւ բարձրախոսով հայտարարել, որ ներսում եղած բոլոր մարդիկ շտապ լքեն տարածքը: Կարծիքներ էին հնչել, որ երկրաշարժ է, ինչը սակայն, շատ չանցած հերքվել էր:
Ավելի ուշ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտնել էր, որ ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման պատճառով: «Միացրեցինք անջատեցինք, տեսանք, որ վիբրացիան այդտեղից է: Օդափոխիչ սարքի տակ պետք է ռետինից հատուկ միջադիր լինի, որպեսզի վիբրացիան միանգամից պատերին չհաղորդի: Չնչին, կես ժամանոց մոնտաժի աշխատանք է պահանջվել, ուղղակի չի արվել»,- ասել էր նա: