VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ եթե նախկինում դեսպանատունը բավական հաճույքով էր շփվում հակաիշխանական տրամադրություններ ունեցող քաղաքական գործիչների և ուժերի հետ, ապա հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է: Իշխանություններից և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանից բողոքողներին դեսպանատանը շատ հստակ հասկացնում են, որ Հայաստանը և Ռուսաստանը բարեկամ երկրներ են, և երկու երկրների ղեկավարության միջև առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չշնորհավորեց առաջին նախագահին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, ինչն էլ իր հերթին հարուցել է տերպետրոսյանական թեւի զայրույթն ու վիրավորանքը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ առաջին նախագահն իր շրջապատում ասել է, որ Փաշինյանն անգամ զուգարանների խնդրին անդրադառնալու ժամանակ ունեցավ, բայց իրեն պաշտոնական շնորհավորանք հղելու ժամանակ չունեցավ: Նշենք, որ այդ ամենին հաջորդեց Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնանկությունը, ով, ինչպես հայտնի է, տերպետրոսյանական էր»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Քրեական օրենսգրքում» և ծանր պատիժ՝ 4-8 տարի ազատազրկում նախատեսել դիտավորությամբ պաշտոնեական դիրքի չարաշահման համար, որը առաջացրել է ծանր հետևանքներ անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին: Գործող օրենսդրությամբ նման հանցագործությունների համար պատիժը առավելագույնը 4 տարվա ազատազրկում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցին, թե ինչ վիճակ է «վերջին բաստիոնում»՝ Սահմանադրական դատարանում, ՍԴ մեր աղբյուրն ասաց` առավոտներն առայժմ խաղաղ են. «Իմ տպավորությամբ, դատավորներից ոչ մեկը հրաժարական տալու մտադրություն չունի, թե ինչեր կարող են անել իշխանությունները, մեզ համար դժվար է կռահել, քանզի այդ հարցում նրանց երեւակայությունը սահմաններ չունի` խիստ ստեղծագործ է, այնուհանդերձ, մերոնք հանգիստ նստած են տեղները, անվրդով հետեւում են իրենց շուրջ զարգացումներին»: Արտաամուսնական «դոսյեների» մասով անհանգստություններ չունե՞ն։ «Ո՛չ… հայտնի անեկդոտն են միմյանց վրա պատմում, բոլոր դեպքերում հասկանալի է, կա մի նպատակ` մեկուսացնել Հրայր Թովմասյանին, որ մյուս դատավորների վրա կարողանան ազդեցություն բանեցնել։ Բայց իշխանությունները չեն հասկանում, որ նման քայլերից դատավորներն ավելի են համախմբվում։ Բոլոր դեպքերում` վաղ կենսաթոշակի գնալու օրենքի կիրառման ժամկետը դեռ չի ավարտվել, իրենք հույս ունեն, որ դատավորներից գոնե մի քանիսը «թոշակի կգնան», եւ իրենք կկարողանան քվորում ապահովել։ Բայց այս պահին գոնե նման տրամադրություններ ՍԴ-ում չկան, որովհետեւ հասկանում են, որ դա շատ առումներով ռիսկային է»: Եթե իշխանությունների պլանն իրագործվի, Հրայր Թովմասյանին կփոխարինի Վահե Գրիգորյա՞նը։ «Չէ, կարծես փոշմանել են, հիմա Վլադիմիր Վարդանյանի մասին է խոսք գնում, դրա համար է վերջինս այդքան ակտիվացել։ Եթե իշխանություններին հաջողվի փոխել դատարանի կազմը, ապա ամենահավանականը նոր նշանակվելիք դատավորներից նախագահ ընտրելու տարբերակն է»: Ի դեպ, երեկ ՍԴ-ն նիստ է արել, որին կրկին Վահե Գրիգորյանը չի մասնակցել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ իշխանությունների կտրուկ սրացումը հիմնավորում ունի: Վերջին շրջանում քաղաքական ուժերից շատերը, մեր տեղեկություններով, Վանեցյանին ուղղակի եւ անուղղակի մեսիջներ են ուղարկում՝ վերջինիս առաջարկելով մտնել քաղաքական դաշտ՝ խոստանալով նրան ամեն ինչով աջակցել, որ քաղաքական բեւեռ ձեւավորվի երկրում, եւ ընդդիմության դատարկ դաշտը լցվի: Նրանք բոլորը, ռեալ գնահատելով իրենց շանսերը, հասկանում են, որ ընդդիմադիր դաշտը միավորելու ունակ ամենալուրջ թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրենն է։ Միակ դիմադրողը, մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանն է, ով խուսափում է իշխանությունների հետ հարաբերությունները փչացնելուց եւ սպասում է՝ եթե իր թիմի ու ընտանիքի դեմ կոնկրետ քայլեր արվեն, ինքն էլ կմիանա այս ճամբարին: Այս քննարկումների մասին հստակ տեղեկությունների տիրապետող իշխանություններին այս կոնսոլիդացիայի հեռանկարը սարսափեցրել է, եւ չի բացառվում, որ առաջիկայում քրեական հետապնդման թիրախ դառնա նաեւ Վանեցյանը: Կյանքը ցույց է տալիս, որ այս իշխանությունն իր հակառակորդների դեմ պայքարի 2 ձեւ գիտի՝ քրեական գործեր եւ ֆեյքային հարձակումներ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանը եւ Սոֆյա Հովսեփյանը զրույց են ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Բայց նույնիսկ պարզաբանումներից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սարուխանյանին ճնշել են, որպեսզի մանդատը վայր դնի: Ինչպես հայտնի է, Մարալիկի ծննդատան փակման մասով քննադատություններին ի պատասխան՝ ֆեյսբուքյան բանավեճի վերջում Սարուխանյանը Սոֆյա Հովսեփյանին խորհուրդ էր տվել. «Ամուսնացի՛ր, կանցնի»: Սա, համաձայնեք, հատկապես տղամարդու կողմից, էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, անթույլատրելի վիրավորանք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սարուխանյանից պարզել՝ ինչ ճնշումներ են եղել Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ կամ դրանից հետո: «Իմ վրա որեւէ ճնշում չի եղել եւ չի կարող լինել: Մանդատից հրաժարվելու, խմբակցությունը լքելու ու նման անիմաստ խոսակցություններ չեն եղել: Ես դեռ սպասում եմ տիկին Հովսեփյանի կողմից ներողության, քանի որ տիկինը, ինձ մեղադրելով, որեւէ ապացույց չի ներկայացրել: Թիմակից գործընկերոջ հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելը բարոյական քայլ չեմ համարում»,- պատասխանեց նա՝ հիշեցնելով, որ ինքն արդեն ներողություն խնդրել է Սոֆյայից: Սոֆյա Հովսեփյանն իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ պատրաստ է փաստերով ցանկացած տեղ ցանկացած քննարկման մասնակցել: Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը Սարուխանյանից տեղեկացավ, որ երեկ կազմակերպված «Իմ քայլի» խնջույքին Սոֆյա Հովսեփյանի հետ չի շփվել: Այսինքն՝ կողմերը միմյանց հետ բաժակ չեն բարձրացրել, որ «բարիշեն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ուժային կառույցների հետ հանդիպումների շրջանակում երեկ մոտ 3 ժամից ավելի հարցուպատասխան է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարարը փակ հանդիպմանը բացահայտել է բոլոր այն խնդիրները, որոնք հուզել են լուսավորականներին՝ որոշակի բաներ, իհարկե, պահելով լեզվի տակ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի հենց սկզբում ՀՀ պաշտպանության նախարարի եւ խմբակցության պատգամավորների միջեւ պայման է կապվել, որ հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցներին մանրամասն տեղեկություն չտրամադրվի՝ երկրի անվտանգությամբ պայմանավորված: Տեղեկացանք, որ ամենաակտիվը նախարարին հարցեր տալիս եղել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը հորդորել է նախարարին ամեն ինչ անել բանակային վատ բարքերը վերացնելու համար: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նաեւ հունվարի 13-ի՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ նույն խմբակցության պատգամավորների հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ պատգամավորները ոստիկանապետից նախ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական նախաձեռնությամբ կարող են օգնել ոստիկանությանը, որպեսզի իրենք հանրության շրջանում իրենց պաշտպանված զգան, քանի որ վերջիններս շատ հաճախ են «հալածվում»: Հանդիպումները սուր եւ ընդդիմադիր բնույթ չեն կրել»:
«Փաստ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում ՀՀ ուժային կառույցների շուրջ, որոնք հիմնականում պայմանավորված են այդ համակարգերում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որը ցանկանում են իրականացնել գործող իշխանությունները։ Պատահական չէ, որ այս թեման պատեհ առիթի դեպքում դառնում է լայն քննարկման առարկա եւ իշխանությանը սպասարկող քաղհասարակության կողմից սուր քննադատության ենթարկվում։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունների տեսլականում ներկա փուլում ներդրվել է նոր օրակարգ, ըստ որի, նախատեսվում է լուրջ «վեթինգ» իրականացնել ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում։ Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ իշխանությանը սպասարկող քաղհասարակության սեկտորը տարբեր առիթներով այնքան առաջ է քաշել յուստրացիայի եւ թափանցիկ գործունեության թեման՝ շարունակ պնդելով այն թեզը, թե չեն վստահում այս երկու ուժային համակարգերին, որ իշխանությունները ձեռնամուխ են լինելու նման քայլերի։ Մեր աղբյուրների պնդմամբ, թեման առավել ակտուալ է դարձել վերջին օրերի զարգացումներից հետո՝ կապված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին առնչվող աղմուկի հետ: Պատահական չէ, որ վերջին օրերին հայտնի հոդվածի հետ կապված՝ քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ ու իշխանամերձ շրջանակներ խիստ ոգեւորվել էին ու նորից քննարկումներ սկսել այս թեմայով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս տեղեկացրել էինք, որ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների գլխավոր հարկային տեսուչ Գոհար Բոստանջյանն իր պաշտոնին զուգահեռ ոչ միայն զբաղեցնում է իրեն պատկանող գեղեցկության սրահի տնօրենի պաշտոնը, այլև ամուսնու՝ Ստեփան Փաշայանի (ով, ի դեպ, պահնորդ է) անունով ունի հաշվապահական ֆիրմա, որի միջոցով թերևս կարելի է կռահել ուր են հոսելու խոշոր հարկատուների հարկերը։ Ուշագրավ է, որ մեր հրապարակումից հետո նրան պատկանող «Նոլիջ սոլյուշնս» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, այն էլ՝ ՊԵԿ-ի պահանջով, այսինքն՝ մի կողմից այդ աշխատակիցը ամեն ամիս ստանում է բավական բարձր աշխատավարձ, գումարած վիթխարի պարգևավճարներ, իսկ երբ հերթը հասնում է հարկեր վճարելուն, պարզվում է՝ սնանկ է։ Առհասարակ սա կարծես թե գործելաոճ է դառնում ՊԵԿ-ում։ Աշխատակիցները, որոնցից շատերը անարգել և հրապարակային բիզնես ունեն, գործունեություն են ծավալում, կուտակում են չվճարված հարկեր, և որպեսզի առհասարակ չվճարեն, սնանկ են ճանաչվում։ «Հենրի թրեյդ» ՍՊԸ-ն, որ պատկանել է միլիոնատեր Մաշադյանի եղբորը, նույնպես սնանկ ճանաչվելու «շնորհիվ» խուսափեց բյուջեին և այլոց հասանելիք հարկերի վճարումից։ Հենց այս մեխանիզմով էլ ՊԵԿ աշխատողները «քցում» են պետությանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Նոր Հայաստանի» ոստիկանությունը հերթական շոուն է բեմադրել։ Ոստիկանության դիմակավորված ծառայողները ֆուրգոնով մտել են Չարենցավան եւ «ասֆալտին փռել» մի խումբ երիտասարդների ու տարել բաժին։ Մենք պարզեցինք, որ բերման են ենթարկել Կինոյի տան մոտից, որտեղ տաքսիներ են կանգնում։ Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը․ «Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության Չարենցավանի բաժին տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ: Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ: Նախապատրաստվում են նյութեր»։ Մեզ ասացին, որ նրանցից մի քանիսին երեկ օրվա վերջում արդեն բաց էին թողել։ Իսկ թե ինչու էին դրա համար «մասկի շոու» բեմադրում, դժվար է ասել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական համակարգի մի շարք աշխատողներ, որոնք համարվում են սոցփաթեթի շահառուներ, հայտնվել են անհարմար դրության մեջ: Արդեն մի քանի օր է՝ մարդիկ դիմում են տարբեր հիվանդանոցներ այս կամ այն գանգատով, բայց չեն կարողանում բուժում ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցշահառուները, որոնք այս օրերին մոտենում են բուժհաստատություններ բուժսպասարկում ստանալու նպատակով, առանց բացառության մերժվում են: Հիվանդանոցներում նրանց հրաժարվում են սպասարկելուց՝ պատճառաբանելով, որ կա´մ «ծրագիրն է թռած, չի աշխատում», կա´մ էլ բազան թարմացված չէ, հին տվյալներով չեն կարող սպասարկել սոցշահառուներին: Տեղեկացնենք, որ սոցփաթեթի համար նախատեսված բազան սովորաբար թարմացվում է երկու ամիսը մեկ անգամ, սակայն չի արվել: Ո՞րն է խնդիրը: Արդյոք ՀՀ Առողջապահության նախարարությունը, ծննդատները փակելու գործընթացով պայմանավորված, գերզբաղված է եւ հասարակության մյուս շերտերի, այս դեպքում սոցշահառուների խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի՞: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը տեխնիկական է եւ առաջիկա երկու օրերի ընթացքում կկարգավորվի: Հիմա մնում է՝ ուսուցիչները, պետական այլ ոլորտի աշխատակիցները հասկանան իրավիճակը եւ մի քանի օր հետաձգեն հիվանդությունները: Կհաջողվի՞, հազիվ թե»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանի կրթության տեսչական մարմնում, որտեղ վերջին շրջանում բավական լարված մթնոլորտ էր, փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես աշխատանքից ազատվելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Նա արդեն դիմում է գրել, որն այսօր թերևս կստորագրվի։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սասուն Համբարձումյանը համալրելու է հակահեղափոխականների թիմը։ Ամենայն հավանականությամբ, աշխատանքի է անցնելու այդ թիմին պատկանող մեդիաոլորտում։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը ԿԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական, վաղամեռիկ Մհեր Ղազարյանի աներորդին է»։
«Փաստ» թերթը գրում է․ «Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդում, «Փաստ» թերթի տեղեկություններով, խմորումներ են առաջացել: Բանն այն է, որ ներքին լուրջ դժգոհություններ կան ԿԳՄՍՆ-ից խորհրդի անդամ նշանակված Վահրամ Սողոմոնյանի գործողություններից: Ըստ դպրոցում պտտվող տեղեկությունների, նրա «տանիքը» ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն է, եւ նրանք որոշակի հեռահար նպատակներ ունեն այս դպրոցի, մասնավորաբար առաջիկայում սպասվող՝ տնօրենի մրցույթի հետ կապված: Ի դեպ, Վահրամ Սողոմոնյանը նաեւ աշխատում է «Քաղաքական դիսկուրս» հանդեսում, որի ֆինանսավորումը, ըստ տեղեկությունների, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամից է: Մեր աղբյուրները պնդում են, որ Վահրամ Սողոմոնյանը խորհրդի նիստերի ընթացքում բարձրացնում է հարցեր, որոնք խորհուրդն այդպես էլ պարզ մեծամասնությամբ չի ընդունում, ինչից «նեղսրտված»՝ նա աղմուկը տեղափոխում է «Ֆեյսբուք»: Ըստ մեր զրուցակիցներից մեկի, որը չցանկացավ ներկայանալ, Սողոմոնյանն օրերս էլ գրառում է կատարել, որից իրենք տպավորություն են ստացել, թե նա «դպրոցի կյանքով հետաքրքրվող բոլոր մարդկանց» հրավիրել էր շրջայցին, որը խորհուրդը նախաձեռնել է դպրոցում: «Սակայն դա պարզապես անթույլատրելի է: Դա հակասում է դպրոցի կանոնադրությանը: Այս դպրոցի հեղինակությունն այսօր Հայաստանում ամենաբարձրներից է, օլիմպիադաներում այս դպրոցի աշակերտներից շատերն են լավագույնը ճանաչվում, այս դպրոցում են ցանկանում սովորել շատերը՝ դպրոցի ճիշտ կառավարման շնորհիվ: Այնինչ, այսօր փորձում են խաթարել դպրոցի բնականոն գործունեությունը: Հետաքրքիր է՝ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է, թե իրենց կողմից դպրոց ուղարկված մարդն ինչով է զբաղված»,-ասաց մեր զրուցակիցը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանը և իր թիմակիցները կարողացան իշխանության գալ ճանապարհ փակելու, տարբեր կազմակերպությունների աշխատանքները կազմալուծելու, կաթվածահար անելու միջոցով։ Ու անցած այս ողջ ժամանակահատվածում այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ բան փակելը դարձել է գործելաոճ, բնավորություն: Սկզբունքը հստակ է՝ «գլխացավի լավագույն լուծումը գլխից ազատվելն է»: Երբ պրոբլեմների լուծման ճանապարհ չեն գտնում կամ «հավես» չունեն գտնելու, ընտրում են ամենահեշտ և ուղիղ ճանապարհը՝ միանգամից անդամահատում են, կրճատում պետության ստրուկտուրաները՝ այդպիսով ներկայացնելով, թե իբր ավելի արդյունավետ են դարձնում պետական կառավարման համակարգը։ Նախ՝ այդ սկզբունքով օպտիմալացվեցին առանձին ԾԻԳ-եր, հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ ու այլ պետական հիմնարկներ, ապա անցում կատարվեց նախարարություններին, որոնց թիվը կրճատվեց 5-ով: Կրճատման տակ ընկան նաև գիշերօթիկները, որոնցում ընդհանուր առմամբ խնամք էր ստանում մոտ 260 երեխա։ Փակման գործընթացից չխուսափեցին մանկատները։ Իսկ հիմա կառավարությունն արդեն հասել է առողջապահական առանձին օղակներ կրճատելու գործին։ Խոսքը մասնավորապես որոշ ծննդատների փակման մասին է։ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով։ Ծննդատների դեպքում առողջապահության նախարարությունը որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն»: