Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը զգալի աճել է՝ 1 մլն 460 հազար մարդ 9 ամսվա ընթացքում
2019 թվականի 9 ամսվա ընթացքում Հայաստան է այցելել մոտ 1 մլն 460 հազար մարդ, ինչը 15 տոկոսով ավելի է, քան 2018թ.-ի նույն ամիսներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, ամենից շատ Հայաստան այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ Բացի այս, ավելացել է նաև ամերիկացի զբոսաշրջիկների թիվը։ Ինչ վերաբերում է եվրոպացի զբոսաշրջիկներին, ապա նախարարը նշել է, որ դրանց թիվը համեմատաբար ավելի քիչ է, քան իրանցիների կամ ռուսաստանցիների, բայց մեկ տարվա ընթացքում նաև այս ուղղությամբ լուրջ աճ կա: Մասնավորապես, Գերմանիայից ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 45 տոկոսով, Ֆրանսիայից և Նիդեռլանդներից` ավելի քան 20 տոկոսով։
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ 2020 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կարող է կտրուկ աճել հունվարից եվրոպական լոուքոսթեր ավիաընկերությունների թռիչքների շնորհիվ: Խոսքը Ryanair և Wizz Air ավիաընկերությունների մասին է: