Պատմամշակութային արժեք հանդիսացող Երևանի Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀԿ-ին պատկանող շենքի վերակառուցումը ձգձգվում է քաշքշուկների հետևանքով: Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Քաղաքաշինության կոմիտեն չեն կարողանում պարտավորեցնել կառուցապատողին՝ «Ի էմ Սի» ընկերությանը, որը նախկին «Գլենդել հիլզն» է, վերակառուցել շենքը:
Այս մասին «Հոդված 3» ակումբում հունվարի 13-ին կայացած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
«Մեր շենքն այժմ գտնվում է փլուզված, քանդված վիճակում: Երբ Արամի 23-ը փլուզվեց, Արթուր Մեսչյանն ասաց, որ դա անհեթեթ քաշքշուկների հետևանք է եղել: Ես կարող եմ ասել, որ շենքը չի վերակառուցվում կամ անհեթեթ քաշքշուկների հետևանքով կամ միտումների»,- ասաց Հեքեքյանը՝ շեշտելով, որ համաշխարհային ճանաչում ունեցող երգչախումբը տուժում է, քանի որ զրկված է իր շենքից, լիարժեք պարապելու հնարավորություններից:
Մեկ տարի առաջ այս օրերին Երևանում փլուզվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի մի մասը՝ հարակից հատվածում կատարվող շինարարության հետևանքով։ Շինարարությունն իրականացնում է «Ի էմ Սի» ընկերությունը:
«Հայ փոքրիկ երգիչներ» ՀԿ-ին պատկանող շենքի փլուզման վտանգի մասին բազմիցս զգուշացվել էին պատկան մարմինները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր շտապ ամրացնել շենքը, սակայն անարդյունք։ Արձագանքներ եղան միայն շենքի փլուզումից հետո։
Թեև Երևանում գտնվող պատմամշակութային մյուս շենքներն ավելի վաղ նույնպես արժանացել էին այս շենքի ճակատագրին՝ «Հին Երևան» նախագծով հետագայում վերակառուցվելու խոստումով, սակայն այս դեպքում քանդվել է ոչ միայն պատմամշակութային արժեք համարվող 19-րդ դարի կառույցը, այլև խաթարվել է միջազգային ճանաչում ունեցող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային կազմակերպության ու աշխարհում լավագույնը համարվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գործունեությունը։
Շուրջ մեկ տարի շենքի վերականգնման հարցը ձգձգվում է, թեև պատկան մարմիններին նախագիծը ներկայացվել էր տասն ամիս առաջ։
Այժմ, Հեքեքյանի խոսքով, ստեղծվել է իրավիճակ, երբ բոլոր ատյանները, ինչպես նաև երգչախումբն ու շենքի վերակառուցումը նախագծած իտալական ըներությունը շահագրգիրռ են, որ ծրագիրն իրականացվի, սակայն տարածքում կառուցապատում իրականացնող «Ի էմ Սի» ընկերությունը դիմադրում է:
«Հայաստանում կա օրենք, որ եթե կառուցապատման ընթացքում որևէ մեկի գույքը վնասվել է, ապա կառուցապատողը պետք է այն փոխհատուցի: Այս պարագայում ընկերությունն այնքան զորեղ է, որ նրան չեն կարողանում պարտավորցնել պետական գերատեսչությունները: Այժմ նախարարությունը հաստատել է նախագիծը, քաղաքապետարանը ևս կողմ է, սակայն ընկերությունը չորս ամիս շարունակ տեղից չի շարժվում: Երբ հարցնում ենք՝ ինչու եք ձգձգում, ասում են՝ մեր փաստաբաններն ուսումնասիրում են փաստաթղթերը: Զարմանում ենք՝ չորս ամիս ուսումնասիրում են, ասում են՝ այո, պետք է լավ ուսումնասիրեն», - ասաց Հեքեքյանը՝ հավելելով, որ իրավիճակը զավեշտի է հասնում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, շենքի պահպանման ու վերակառուցման ջատագովն է: Նա ասաց, որ վերակառուցման վերջին նախագիծը մեկ-երկու ամիս առաջ է ներկայացվել և դրական եզրակացության արժանացել․ «Այժմ խնդիրն ավելի շատ քաղաքապետարանի ու քաղաքաշինության կոմիտեի տիրույթում է: Այս գործում մի քանի կնճռոտ հարցեր միավորված են այդ շենքի և տարածքի շուրջ` իրացման, կառուցապատողի և շինթույլտվության»:
Քննարկմանը մասնակից ճարտարապետ Դավիթ Նահատակյանը, որ ներակայացնում է շենքի վերակառուցման նախագծումն իրականացրած իտալական ընկերությունը, նշեց՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ շենքի վերակառուցման վերաբերյալ հնգակողմ պայմանագիր է կնքվել, սակայն պայմանագրով նախատեսված վճարումը չի կատարվել: «Վճարումը պետք է կատարեր «Ի էմ Սի» ընկերությունը: Գործընթացը բաղկացած է մի քանի փուլերից, առաջին փուլն ավարտվել է, իսկ ընկերությունը վճարումը չի կատարել», - ասաց նա՝ հավելելով, որ պայմանագրի հինգ կողմերն են` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանր, «Ի Էմ Սի» ընկերությունը, ճարտարապետական կազմակերպությունը և Տիգրան Հեքեքյանը:
Մաեստրո Հեքեքյանն էլ հավելեց, որ ստեղծված իրավիճակում կրկին տուժելու է երգչախումբը, քանի որ իրավաբանորեն վճարող կողմն իրենք են, որը կարող է դատի տալ իտալական ընկերությունը:
«Մենք էլ պետք է դատի տանք «Ի էմ Սի» ընկերությանը: Ես արդեն սկսել եմ հասկանալ իրավաբանությունից, քանի որ իմ գործերը թողած ընկել եմ էս հարցերի մեջ: Տուժում է մեր երգչախումբը»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին հույսը Եվրադատարանն է: «Խնդրի չլուծման պարագայում մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- վստահեցրեց նա:
Միջոցառմանը ներկան Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ Արամի 23-ի պատի փլուզումից հետո քաղաքապետարանը տարածքով ապահովելու հարցով զբաղվել է, և առաջարկվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տարածքը․ «Այս պահին երգչախումբը փորձերն անցկացնում է Սայաթ Նովայի անվան դպրոցում, որը նույնպես քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում»:
Միջոցառման մասնակիցները թեև հայտնում էին, որ շահագրգռված են շենքի վերակառուցմամբ, սակայն չէին կարող ասել՝ այն երբ տեղի կունենա: Հարցի պատասխանը չունեին նաև պետական մարմինների ներկայացուցիչները: