Երևանից Ryanair-ի առաջին թռիչքը կհետաձգվի. ո՞րն է պատճառը
Իտալիայում նավիգացիոն կարգավարների գործադուլի պատճառով Ryanair-ի առաջին թռիչքը կհետաձգվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Նա նշեց, որ թռիչքի հետ կապված հնարավոր խնդիրները կապ ունեն հենց գործադուլի փաստի, այլ ոչ թե Ryanair ընկերության հետ.
«Մեր բախտը մեր հետ է: Հնարավոր է թռիչքն ուշանա, բայց այն անպայման կկայանա»,- հավաստիացրեց Ռևազյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ 2020 թվականին բավականին տեղաշարժեր են սպասվում ոլորտում: Այդպես, որոշում է կայացվել նոր ուղղությունների համար հանել այսպես կոչված օդի տուրքը, ինչն արդեն շատ մեծ ազդեցություն է ունեցել:
«Եթե մենք մինչ այսօր ունեցել ենք դեպի Եվրոպա 6-7 ուղղություն, ապա այս փոփոխությունից հետո մենք ունենալու ենք 16-17: Այս ամենի արդյունքում շատ լուրջ հոսքեր ենք ակնկալում 2020 թվականի ընթացքում: Հույս ունենք զբոսաշրջիկների շատ մեծ հոսք կգա Հայաստան, դա կստեղծի մեծ թվով աշխատատեղեր և տնտեսություննը կզարգանա»,- հավելեց Տաթևիկ Ռևազյանը: