Զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջելու դեպքով քրգործ է հարուցվել
Զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Երեւանի «Մարիոթ» հյուրանոց հասցնելու համար 34 հազար դրամ պահանջելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը): Գործն ուղարկվել է նախաքննական մարմնին:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն էլ մեր զրույցում ասաց, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, մեղադրյալ կամ կասկածյալ չկա:
Հիշեցնենք, որ դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը: Զբոսաշրջիկն այս մասին պատմել էր Մանուկյանի ընկերոջը: Գրառմանը կից Մանուկյանը հրապարակել էր նաեւ «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ի տաքսի ծառայության կտրոնը՝ 34 հազար դրամ գումարային նշումով: Նա նաեւ տեղեկացրել էր, որ տաքսին ինչ-որ պատահական մեքենա չի եղել, այլ՝ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: «Զվարթնոց» օդանավակայանը՝ հերքել էր «Աէրոպորտ Սերվիս» տաքսի սերվիսի հետ իր առնչությունը:
Չնայած, որ զբոսաշրջիկն արդեն մեկնել էր երկրից եւ բողոք չկար, ոստիկանությունն ուսումնասիրել էր Մանուկյանի հրապարակումը: Տաքսու վարորդի ինքնությունը պարզվել էր. նրան լսել էին ոստիկանության «Զվարթնոց»-ի բաժնում: