Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2019 թվականին կազմել է 3 մլն 169,144 մարդ
2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով: Այս մասին հայտնում են «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
2019թ. դեկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213,953 ուղևոր, ապա 2019թ. դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226,786 ուղևոր:
Նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10,535 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 7.1 տոկոս:
2019 թվականին Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 3,169,144 մարդ, որը 10.9 տոկոսով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: