25.11.2024
ՀՀ արդարադատության նախկին նախարարը 2 դրվագով ներգրավվել է որպես մեղադրյալ. դատախազություն
prev Նախորդ նորություն

Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է. Դավիթ Հարությունյան

Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով և նրա նկատմամբ անձեռնմխելիությունը գործում է ամբողջ ծավալով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որը Թովմասյանի հարցաքննության ընթացքում գտնվում էր ՍԴ-ի դիմաց:


Նրա խոսքով՝ առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելն ինքնին հանցագործություն է, որը սահմանված է քրեական օրենսգրքի 309 հոդվածով: Հարությունյանն ասաց նաև, որ հաշվի առնելով, որ այս գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, պատասխանատուն նա է և շատ փոքր հույս ունի, որ գլխավոր դատախազը չի դառնա 309 հոդվածով կատարված հանցագործության հանցակիցը: Նախկին նախարարը նաև վստահություն հայտնեց, որ փաստաբաններն այդ հարցը կարծարծեն:


«Այն, որ տվյալ պարագայում ակնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, դա միանշանակ է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:


Դիտարկմանը, որ գործողությունները, որոնց հիման վրա մեղադրանք է առաջադրվել, վերաբերում է Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակվա գործողություններին, Հարությունյանը պատասխանեց, որ անձեռնմխելիության ինստիտուտը ստեղծված է որպեսզի ապահովի դատարանի անկախությունը:


«Եթե լիներ հակառակը, օրինակ, դատավորը նշանակվել է և անձեռնմխելիությունը, եթե վերաբերվեր միմիայն այն ժամանակահատվածի գործողություններին, երբ ինքը դատավոր էր, հարցի էությունը կվերանար: Հենց որ անձը զբաղեցնում է դատավորի պաշտոն, անձեռնմխելիությունը տարածվում է ոչ միայն այն ժամանակահատվածի վրա, երբ ինքը դատավորի պաշտոն էր զբաղեցնում, այլ ցանկացած նախորդող ժամանակահատվածի համար ևս»,- ասաց Դավիթ Հարությունյանը:



ՍԴ-ի դիմաց էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նրա համար անհանգստացնող է, որ ՀՔԾ-ի գործողությունները անմիջապես հաջորդեցին ՀՀ նախագահի կողմից ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ստորագրմանը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին․ «Սա մեկ անգամ ևս հաստատում է այն փաստը, որ օրենքին,- որում կամավորության մասին է խոսքը, ինչը խիստ վիճարկելի է,- անմիջապես հետևում են գործողություններ, որոնք իրենցից դատավորների վրա ճնշում են ենթադրում: Սրանք այն քայլերն են, որ դրդում են ՍԴ դատավորներին կամավոր գնալ թոշակի: Անընդունելի էր այդ օրենքի նախագիծը, որը դարձնելու է Սահմանադրական դատարանն իշխանությունների կցորդ մարմինը, եթե դատավորներն առաջնորդվեն այդ դրույթով»:


Վարդանյանն ակնկալում էր, որ «նախագահը կգտնվի իր տեղում» և կվիճարկի այդ օրենքի սահմանադրականության հարցը․ «Այս պահին ակնկալիքս է ՍԴ դատավորների իրավագիտակցությունը և այն, որ իրենք հավատարիմ կմնան իրենց առաքելությանը»:


Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը։


Եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված Սահմանադրական դատարանի յոթ անդամները, նրանց թվում՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան աշխատավարձի ու հավելավճարների չափով կենսաթոշակ։


Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայության կողմից: