24.11.2024
Նախագահը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը
prev Նախորդ նորություն

Հայաստանը 2020 թ. է մտնում շատ ավելի լավ տնտեսական հիմքով. քննարկում կառավարությունում

Այս տարվա նոյեմբերին Հայաստանից արտահանման բարձր ցուցանիշ են ապահովել մի շարք ապրանքային խմբերում դրական տեղաշարժերը: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:


Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2019թ. հունվար-նոյեմբերին՝ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ վիճակագրական կոմիտեի ընթացիկ-օպերատիվ ամփոփված տվյալների, աճել է 7,5 տոկոսով, իսկ 2019թ․ նոյեմբերին՝ նախորդ նոյեմբերի համեմատ՝ 10,1 տոկոսով։


Արդյունաբերության հավելաճը 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ կազմել է 13,8 տոկոս, իսկ 2019թ. հունվար-նոյեմբերի կտրվածքով ոլորտն աճել է 9,3 տոկոսով:


Այս տարվա նոյեմբերին շինարարությունն աճել է 4,8 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 11,6 տոկոսով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 11,9 տոկոսով, միջին աշխատավարձը՝ 6,3 տոկոսով, արտահանումը՝ 25,7 տոկոսով, ներմուծումը՝ 9,6 տոկոսով:


«Ինչպես և ակնկալում էինք, ունենք դրական զարգացումներ մի քանի ապրանքների արտահանման խմբերում: 11 ամիսների ընթացքում ունենք կոնյակի արտահանման աճ մոտ 27 տոկոսով: Համարում ենք սա շատ կարևոր, քանի որ ապահովվում է նաև մեր գյուղատնտեսության զարգացումը: Գործընթացը շարունակական է: Հատկապես, որ գինիների արտահանումն այս ամիսների ընթացքում հանրագումարով աճել է շուրջ 50 տոկսով: Սա նոր զարգացում է մեր տնտեսությունում», - ասաց նախարարը:


Նա նկատեց, որ նախորդ երկու տարիներին գինիների արտահանման ոլորտում դրական տեղաշարժերը նկատելի էին, սակայն այժմ որակապես նոր իրավիճակ է:


«Այն, որ այս 11 ամիսների ընթացքում ունենք 24 մլն դոլարի ընդհանուր արժեքով գինիների արտահանում, որը 50 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, շատ կարևոր ու հուսադրող ցուցանիշ է: Հատկապես, որ մրգային գինիների արտահանման ծավալներն աճել են առաջանցիկ տեմպերով՝ կազմելով շուրջ 70 տոկոս», - նշեց Տիգրան Խաչատրյանը:


Վերջինիս խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է բուսական ծագման արտադրանքի 18,5 տոկոս աճ: «Սրանք հիմնականում ջերմատնային պայմաններում աճեցրած կուլտուրաներն են: Շատ մեծ աճ ունենք հատկապես վարունգի ու ելակի արտահանման մասով: Շուրջ 15 տոկոսով աճել է շոկոլադե արտադրանքի արտահանումը, որը նույնպես նոր զարգացում է մեր տնտեսությունում», - նկատեց նախարարը:


Եզրափակելով իր խոսքը՝ էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, տարվա կտրվածքով տնտեսական աճը կկազմի 7,5 տոկոս: «Իսկ մեր արտահանումը տարեկան կտրվածքով կաճի 10 տոկոսով: Հիմա կարող ենք ասել, որ այդ ցուցանիշները շատ իրատեսական են: Կասկած չկա, որ 2020 թվական ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով», - եզրափակեց նա:


Թեմային անդրադարձավ նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները ստիպել են ԿԲ-ին բարելավել սեփական կանխատեսումը տնտեսական աճի վերաբերյալ՝ այն դարձնելով 7,4 տոկոս:


«Մենք այժմ կանխատեսում ենք 7,3-7,4 տոկոս ռիսկերը: Սա նշանակում է` ես կիսում եմ իր գործընկերոջ գնահատականը: Ընդ որում, տնտեսական աճի ամենակարևոր գործոններից է պահպանվող և կայուն մակրոտնտեսական միջավայրը, ցածր գնաճը, կայուն ֆինանսական համակարգը և նվազող պետական պարտքը: Սրանք անհրաժեշտ պայմաններ են ներդրումների ու աճի համար, քանի որ ամրապնդում են մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ», - ասաց Ջավադյանը:


Վերջում վարչապետն արձանագրեց, որ տնտեսական աճի դինամիկան հետաքրքիր վարքագիծ է դրսևորում հատկապես վերջին երեք ամսում:


«Սեպտեմբերին մենք ունեցանք 7,5 տոկոս տնտեսական աճ, հոկտեմբերին՝ 8 տոկոս, իսկ նոյեմբերին՝ շուրջ 10 տոկոս: Բացի այդ, բյուջեում հարկային հավաքագրումների առումով ունենք լուրջ աճ»,- նշեց Նիկոլ Փաշինյանն ու խոսքը փոխանցեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:


«Մենք սպասում ենք, որ պետական բյուջեի հարկային մասով փաստացի կատարողականը, առանց ԱԱՀ-ի բոլոր վերադարձների, լինելու է 1 տրիլիոն 461 մլրդ դրամի շրջանակներում: Եթե մենք գումարենք սրան ԱԱՀ-ով վերադարձված գումարները, որը կկազմի 42 մլրդ դրամ, կունենանք 1 տրիլիոն 502 մլրդ դրամի հասնող թիվ: Սա է եղել այն հիմքը, որի հիման վրա մենք որոշում ենք կայացրել վերադարձնել հին պարտքերը», -ասաց Անանյանը:


Վարչապետը վերջում հավելեց, որ այս տարվա բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով: «Մենք կարող ենք ձգտել մինչև 100 մլրդ դրամի գերակատարման», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: