24.11.2024
Հայաստանը 2020 թ. է մտնում շատ ավելի լավ տնտեսական հիմքով. քննարկում կառավարությունում
prev Նախորդ նորություն

Հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողները ևս փոխհատուցում կստանան. ՊՆ

Կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններին:


Դրանք ենթադրում են, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառվեն նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերը:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով, զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են  դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք:


«Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով թվով 10 զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը, սակայն, չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը եւ սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ: Այս փոփոխություններով լուծվում է անարդարդությունը»,-ասաց Դավիթ Տոնոյանը:


Նա նաև տեղեկացրեց, որ հոգաբարձուների խորհուրդը համապատասխան որոշում կկայացնի և կարգավորումը կտարածվի մինչև 1998 թվականը ընկած դեպքերի վրա: