230 կողմ քվեներով, դեմ՝ 197-ը, ԱՄՆ Ներկայացուցիչների տունը իմփիչմենթ հայտնեց նախագահ Թրամփին` իշխանությունը չարաշահելու համար, րոպեներ անց ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ հավանության արժանացավ նաև նախագահին առաջադրված երկրորդ` Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքը:
Այսպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ Ամերիկայի պատմության մեջ երրորդ նախագահը, ով իմփիչմենթի է ենթարկվել Ներկայացուցիչների տանը:
Պատմական այդ քայլից առաջ օրենսդիրները երկար ու թեժ բանավիճեցին, ավելի քան 8 ժամ շարունակված քննարկումների ընթացքում դեմոկրատները մեկը մյուսի ետևից նախագահ Թրամփին մեղադրում էին դավաճանության ու Սահմանադրությունը ոտնահարելու մեջ: «Որևէ մեկն օրենքից վեր չէ, մտածեք ոչ թե Թրամփի, այլ` Միացյալ Նահանգների ու ամերիկյան Սահմանադրության մասին», - հորդորում էին ընդդիմախոսները, հայտնում է Ազատությունը:
Դեմոկրատների ազդեցիկ ներկայացուցիչ, Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն է՛լ ավելի հեռուն գնաց ու պնդեց` նախագահ Թրամփը վտանգավոր է ամերիկյան ժողովրդավարության համար: «Մեր ժողովրդավարությունը վտանգի տակ է, բայց մենք ունենք դեղամիջոց, որ կտակել են մեզ մեր երկրի հիմնադիրները հենց այսպիսի դեպքերի համար` դա իմփիչմենթն է: Հարցն ընդամենը այն է, թե արդյոք մենք կօգտագործենք այդ դեղամիջոցը», - դիմելով գործընկերներին՝ հայտարարեց Շիֆը, պնդելով` Թրամփը զոհաբերել է ազգային շահը, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծի իր համար նախագահական հաջորդ ընտրություններում:
Աղմկահարույց այս քննությունը սկիզբ առավ Միացյալ Նահանգների նախագահի ու Ուկրաինայի նորընտիր առաջնորդի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են` Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:
Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:
«Քրիստոսի ընդդիմախոսներն ավելի արդար էին, քան դեմոկրատները` նախագահ Թրամփի հանդեպ», - քվեարկությունից առաջ հայտարարեց հանրապետական Բերի Լոուդերմիլքը` գործընթացը որակելով ամոթալի խարան Նահանգների պատմության մեջ:
Հիմա արդեն, երբ դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների տունը հավանություն է տվել իմփիչմենթին, հարցը պետք է փոխանցվի Կոնգրեսի վերին պալատ` Սենատ: Այստեղ մեծամասնությունը Թրամփի կուսակից հանրապետականներն են, վերջիններիս առաջնորդն արդեն իսկ զգուշացրել է` իրենց շարքերը կուռ են, նախագահի պաշտոնանկությունը` իսպառ բացառված:
Ի դեպ, այս ճանապարհով են անցել նաև Ամերիկայի նախագահներ Բիլ Քլինթոնը` 1998-ին, և Էնդրյու Ջոնսոնը` 1868-ին, նրանցից որևէ մեկի դեպքում, սակայն, գործընթացն ավարտին չի հասել, և Նահանգների պատմության մեջ որևէ նախագահ մինչ օրս պաշտոնանկ չի արվել իմփիչմենթի միջոցով: