2019 թ. առաջին ինն ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային մուտքերը կազմել են 1 079 միլիարդ դրամ, այսինքն` գերակատարվել է ընթացիկ ժամանակահատվածի ճշտված պլանը՝ 1․7%-ով։ Հարկային մուտքերի 71%-ը ապահովել են խոշոր 1000 հարկատուները։
Պետական եամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ. առաջին ինն ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրված հարկային մուտքերը, որի գումարը կազմել է 765 միլիարդ դրամ, որից 607 միլիարդը հավաքագրվել է հարկային մարմնի կողմից, իսկ 157 միլիարդը՝ մաքսային մարմնի կողմից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2019 թ.-ին հարկային մուտքերն ավելացել են 91 միլիարդ դրամով կամ գրեթե 14%, ընդ որում՝ հարկային եկամուտներն ավելացել են 17%-ով, իսկ մաքսային եկամուտները՝ 1%-ով։ Հարկային մուտքերի գերակշիռ մասը հավաքագրվել է ԱԱՀ-ի միջոցով՝ 41%, իսկ մնացած մասը եկամտային հարկի (20%), շահութահարկի (18%), ակցիզային հարկի (9%) և այլ հարկերի, տուրքերի միջոցով (12%), գրում է Ֆակտորը։
Առաջին 10 խոշոր հարկատուների ցանկը գրեթե չի փոխվել, և 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրվել է մոտ 190 միլիարդ դրամ (1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրված հարկային մուտքերի մեկ քառորդ մասը)։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանում է իր առաջատար դիրքը խոշոր հարկատուների ցանկում թե՛ նախորդ տարվա, և թե՛ այս տարվա 9 ամիսների կտրվածքով։
Առհասարակ 2016 թ.-ից ի վեր կոմբինատից հարկային մուտքերը տարեց տարի ավելացել են և 2019 թ. 9 ամիսներին կազմել են 41 միլիարդ դրամ։
2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ցանկում ընդգրկված ընկերությունների գերակշիռ մասի հարկային մուտքերն ավելացել են։ 10 խոշոր հարկատուների ցանկում ավելացել է Ֆլեշ ՍՊԸ-ն՝ 11 միլիարդ դրամ մուտքերով, նախկին 9 միլիարդ դրամի փոխարեն։ Վառելիքի վաճառքով զբաղվող ընկերություններից ստացված հարկային մուտքերը 2019 թ. առաջին ինն ամիսների ընթացքում կազմել են 53 միլիարդ դրամ, որից գազամատակարարման ոլորտն ապահովել է 27 միլիարդ դրամ։ Ոլորտի խոշոր հարկատու ընկերությունները ներկայացված են գծապատկերում։
Ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող ընկերություններից ստացված հարկային մուտքերն ունեն զգալի կշիռ և կազմում են 54 միլիարդ դրամ։ Նշված ոլորտի խոշոր հարկատու են հանդիսանում՝ Գրանդ Տոբակ ՍՊԸ՝ 28 միլիարդ դրամ, Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ ՍՊԸ՝ 13միլիարդ դրամ, Ֆիլիպ Մորիս ՍՊԸ՝ 5 միլիարդ դրամ և այլն։ Նշված ընկերությունների հարկային վճարների դինամիկան ներկայացված է ստորև։
Ընդհանուր առմամբ, գրաֆիկից նկատելի է դառնում, որ տարեց տարի նշված գրեթե բոլոր ընկերությունների կողմից հարկային վճարներն ունեցել են աճման դինամիկա։
Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին, որը միտված է ծխախոտի օգտագործման սահմանափակմանը։ Որոշ ընկերությունների հարկային վճարները պետական բյուջե նվազել են։
Այսպես օրինակ՝ 2019 թ.-ի 9 ամսվա 10 խոշոր հարկատուների ցանկից դուրս է մղվել «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, որի հարկային մուտքերը նախկինում կազմել են 14 միլիարդ դրամ, իսկ այժմ 7 անգամ նվազ՝ 1․9 միլիարդ։ 2017-2019 թթ. առաջին ինն ամիսների կտրվածքով ընկերության հարկային մուտքերի պատկերը բերված է ստորև գծապատկերում։
Թեպետ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ հարկային մուտքերը նվազել են, փոխարենն ավելացել են «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի հարկային մուտքերը և եթե 2018 թ. 9 ամիսներին կազմում էին 0․6 միլիարդ դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4․6 միլիարդ դրամ, որի 87%-ը մաքսային մարմնի կողմից հավաքագրված միջոցներն են։ Այսինքն` 2 ընկերություններն էլ գործում են ներմուծման ոլորտում։