24.11.2024
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Առերեսմանը Սերժ Սարգսյանը հայհոյել է Սերգո Կարապետյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի եւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի առերեսման ժամանակ հետաքրքիր «դրվագներ» են եղել։ Ողջ առերեսման ժամանակ բացառապես իր ոտքերին նայած Սերգո Կարապետյանին Սերժ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Հիշեցնենք․ նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։ Սերգո Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել եւ պետությանը վնաս պատճառել, Սերգո»,- հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել: Ի դեպ, Կարապետյանը ցանկացել է մենակ չմնալ իր ցուցմունքում եւ փորձել է այլ ցուցմունք տվող էլ հավաքագրել․ իր երբեմնի վարչության պետերից մեկին տեսել է ու հարցրել` հիշո՞ւմ ես, որ ես քեզ ասի` Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ պետք է «Ֆլեշը» մատակարարի դիզվառելիքը։ «Չէ, չես ասել՝ Սերժ Սարգսյանը, ասել ես` շեֆը, ես հասկացել եմ` վարչապետը»,- խուսանավել է վարչության պետը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչեւ տարեվերջ սպասվում են նոր ձերբակալություններ ու աղմկոտ պատմությունների մատուցում հասարակությանը: Ըստ մեր աղբյուրի, սա պայմանավորված է իշխանությունների շրջանում որոշակի լարվածության եւ անհանգստությունների հետ։ Իսկ դրա համար պատճառներ կան. գնալով նվազող վարկանիշի գործոնից զատ, ըստ նույն աղբյուրների, իշխանությունները սկսել են գիտակցել, որ արբանյակ անհատների ու միավորների կամ, ինչպես հենց իշխանության ներսում են սիրում ասել, «օեկների» միջոցով որեւէ արդյունքի հասնել հնարավոր չէ, ավելին՝ հեղափոխության գաղափարն այդպիսի քայլերով ավելի է վարկաբեկվում: Մյուս կողմից՝ անհանգստացնում է այն հանգամանքը, որ դեռեւս փոքր քայլերով, բայց կայուն զարգացումներ են նկատվում ընդդիմադիր դաշտում: Մասնավորաբար, նյարդայնացնում է «Վերնատան» ստեղծումը, ՀՅԴ-ի ակտիվությունը, Արթուր Վանեցյանի՝ քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին խոսակցությունները, Սերժ Սարգսյանի «վերադարձը», այլ միավորների ակտիվությունը եւ այլն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին վերաբերող քրեական գործից: Նշենք, որ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործի շրջանակներում հարցաքննել են ֆինանսների նախկին փոխնախարար Տիգրան Բարսեղյանին, ում անունը կապված է եղել քրեական գործով անցնող ընկերություններից մեկի հետ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննության առարկա է դարձել դեռեւս 2016 թվականին ՊԵԿ գործունեության մասին աղմկահարույց հրապարակային բարձրաձայնումներից մեկը. մի խումբ մաքսային աշխատակիցներ բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին, որտեղ նշվում էր, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, անձամբ համակարգել է, այսպես կոչված, մաքսային պապկաների աշխատանքները, որոնցով Հայաստանի միջին եւ մանր գործարարները Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից տարբեր տեսակի ապրանքներ են ներմուծել հանրապետություն:


Այդ «պապկաներով» ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացվել է չնչին գումարներով, իսկ գործարարներից «պապկաների» տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-ից 6 ԱՄՆ դոլարի գումար եւ այդ հավաքագրված գումարների հիմնական մասը փոխանցել են Կարեն Խաչատրյանին: Այսպիսով, օրեցօր նոր մարդիկ եւ հանգամանքներ են ներգրավվում ՊԵԿ նախկին նախագահի քրեական գործում, սակայն դեռ նախաքննական մարմինը տեղեկություններ չի հայտնում գործի քննության ընթացքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ուներ մեղադրյալի կարգավիճակ, եւ գործը վերաբերում էր պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Խաչատրյանը անմիջապես 800 մլն դրամը վերականգնել էր պետբյուջե: Հիշեցնենք նաեւ, որ սա այն նույն քրգործն է, որով մեղադրանք է առաջադրված նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք կառավարության հենարա՞նն եք, ձեր ֆրակցիայի որոշ պատգամավորներ գտնում են, որ չեք։ «Չկա նման բան՝ մեր ֆրակցիայի պատգամավորը չի ասել, որ իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ։ Այո, ԱԺ-ն կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը»,- ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հիմա ի՞նչ, իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ՞։ «Խմբակցությունը, այո, կարող է հենարանը լինել՝ իր քաղաքական թիմն է, իր ընտրած վարչապետն է, բա, ուրեմն, հենարանն է, բայց ԱԺ-ն չի սահմանափակվում միայն «Իմ քայլը» խմբակցությամբ»: Իսկ կարո՞ղ է տենդենցը շարունակվել` դուք մերժեք կառավարության բերած նախագծերը, ինչպես, ասենք, դեղերի օրինագծի դեպքում եղավ։ «Այդ տենդենցը մեզանում եղել է առաջին օրվանից՝ վարչապետի ներկայացրած թեկնածու չենք ընտրել` ՏՄՊՊՀ-ի թեկնածուին նկատի ունեմ։ Շատ նախագծեր մերժում ենք կամ՝ հակառակը»: Չե՞ք վախենում, որ տենդենցը վերածվի օրինաչափության, ֆրակցիան փլուզվի` միասնական քաղաքական գծի բացակայության պատճառով։ «Ես նման խնդիր չեմ տեսնում»: Իսկ եթե իրականությունն այլ բան ապացուցե՞ց։ «Դե, եթե իրականությունն այլ բան ապացուցեց, ուրեմն կստացվի, որ իրականությունն այլ բան ապացուցեց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, մամլո քարտուղար ԱԺ-ում դեռ չկա, ինչո՞ւ։ Ասել էիք, որ մրցույթ կանեք, խոսնակ կընտրեք, որ լրագրողների հետ աշխատող լինի․ պառլամենտական երկրում պառլամենտը խոսնակ չունի՝ հիշեցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Որ ասել ենք, ուրեմն տեղի կունենա մրցույթ, կունենանք համապատասխան մասնագետ»: Ե՞րբ․ տարիուկես է՝ չկա։ «Ռեսուրս ենք խնայում»: Իսկ լրագրողները տառապում են ձեր «ռեսուրս խնայելու» պատճառով։ «Մի քիչ էլ դուք ներդրում արեք ԱԺ-ում` ձեր ջանքերի հաշվին»: Իսկ դուք չե՞ք կարող ուրիշ տեղ խնայել` 131 պարապ պատգամավոր չունենալ, այդքան համակարգիչ, օգնական, վերջապես՝ թանկ բազկաթոռներ չգնել։ «Դուք արդեն սխալ գնահատականներ եք տալիս` ավելորդ ծախսեր չկան, պարապ մարդ չկա պառլամենտում»: «Համոզեցիք», իսկ գործուղումնե՞րը՝ գրեթե առանց ՕԳԳ։ «Գործուղումներն էլ անհրաժեշտ են` խորհրդարանական դիվանագիտության համար»: Բա չե՞ք տեսնում ինչ են անում ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի գլխին` ոսկերչական «ստուգումներ» նրա` ժամանակի հետ կապված, վախ չունե՞ք, որ ապագայում նման բան ձեր նկատմամբ կանեն։ «Ես իմ աշխատանքը կատարում եմ հնարավորինս բարեխիղճ եւ լավ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը գրել էինք ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին: Մեր տեղեկություններով՝ Ղազինյանը Վանեցյանին առաջարկել է անդամակցել իր կուսակցությանը և նույնիսկ առաջարկել է համանախագահի պաշտոնը, սակայն մերժում է ստացել: Վանեցյանն իր մերժումը հիմնավորել է որևէ կուսակցության չանդամակցելու որոշմամբ»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը հարցաքննվել է մարզադաշտում կատարված ներդրումների և դրանց արդյունքում կատարված հնարավոր յուրացումների գործի շրջանակներում: Աղաբաբյանը նշել է, որ 2012թ. կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՖՖ-ն «Հրազդան» մարզադաշտում պետք է 750 մլն դրամի ներդրում կատարեր, սակայն դատարանի որոշմամբ՝ ներդրման իրական թիվը 280 մլն է: Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի անձին՝ Աղաբաբյանն ասել է. «Նա ընդամենը խուճապի մեջ է, քանի որ վախկոտի մեկն է: Նա պատերազմի մասնակից չէ՝ ոնց փորձում է ներկայացնել, և դա արդեն հերիք է: Ինքը ով է, որ ինձ հետ համեմատվի»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի շաբաթ առաջ «Պահանջում ենք գլխավոր դատախազի հրաժարականը» նախաձեռնության անդամները հանդիպել են ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի եւ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արեն Մկրտչյանի հետ, պահանջել, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։ Չնայած Մակունցը խմբին խոստացել է հարցի մասին տեղեկացնել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ինչպես նաեւ՝ եկող շաբաթ պետաիրավականի նիստ կազմակերպել եւ հրավիրել նաեւ նախաձեռնության անդամներին, սակայն մոռացել են այդ խոստումը եւ արդեն մի քանի շաբաթ է՝ խմբին չեն պատասխանում իրենց որոշման մասին։ Տեւական ժամանակ է, ինչ այս խումբը ստորագրահավաք է անում եւ հայտարարում, որ Դավթյանը պետք է հեռանա։ Խմբի անդամ Արման Ղարիբյանը չհերքեց, որ՝ այո, սպասում են իշխող թիմի քաղաքական դիրքորոշմանը, կսպասեն մի քանի օր էլ, ապա կորոշեն իրենց հետագա անելիքները»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի «Գոյդեն Փելիս» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Աճուրդը, որը նախատեսված էր վաղը՝ չի կայանալու: Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կամ չեն հասցրել հայտ ներկայացնել, կամ մտափոխվել են: Բաբայանը նշեց, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն ըստ կարգի մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ: Հարցին, թե ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում՝ այսինքն գինը բարձր է եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»: Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս մեկ աճուրդ օրինակ չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հավատարմագրային կառավարման հանձնվի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը եւ Ջանիբեկ Հայրապետյանը համատեղ ներկայացրել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Մասնավորապես, նրանք փոփոխություն են նախատեսել համայնքներին կատարվող նվիրատվություններ կամ նվիրաբերություններ ենթադրող հոդվածում: Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակեն տեղեկատվություն` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ, դրանք ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում: Ինչպես հայտնի է, վերջերս այդպիսի մեծ աղմուկ բարձրացավ Երեւանի քաղաքապետարանին տրված նվիրատվությունների շուրջ, եւ, որպես նախագծի հիմնավորում, ԲՀԿ-ականները նշել են, թե հաճախ այս կամ այն նվիրատվությունը կատարվում է` ապագայում ակնկալելով նվիրատվություն կատարող անձի կամ ընկերության օգտին նպաստավոր իրավական ակտերի ընդունում կամ տնտեսական կամ որեւէ այլ տեսակի առավելություն տրամադրող գործողության կատարում: Հավելենք, որ այժմ հրապարակելու հետ կապված որեւէ կետ ամրագրված չէ, եւ սա նոր կարգավորում է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անդամակցելով ԵԱՏՄ-ին, Հայաստանը միացել է նաև միասնական մաքսային սակագներին: Սա ինքնին ենթադրում էր, որ ակնկալվում է զգալի քանակի ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Վերջինիս ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Եվ հունվարի 1-ից սպասվում է մոտ 700 ապրանքատեսակի թանկացում։ Կարծիք կա, որ դրանց մեջ քիչ չեն այնպիսի ապրանքները, որոնք, այսպես ասած, «ամեն օր չես գնում»: Սակայն մասնագետները պնդում են, որ միևնույն է, թանկացումները մարդկանց կենսամակարդակի վրա ընդհանուր առմամբ էական ազդեցություն թողնելու են: Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտը զերծ չի մնալու թանկացումներից։ Մասնավորապես՝ հունվարի 1-ից թանկանալու է նաև գյուղատնտեսական մթերքի, կենդանիների կերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծումը. դրանց համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավելի գումար, իսկ պարարտանյութերի համար՝ 2,5-4 տոկոսով ավելի։ Մյուս կողմից՝ 2020թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտում օրենսդրական նորմը, ըստ որի՝ անասունի մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում:  Անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները մտահոգություն ունեն, որ այս ամենի արդյունքում մսի գնի էական թանկացում կարող է տեղի ունենալ: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ որոշ տնտեսագետների հաշվարկների, առաջիկա ամիսների ընթացքում կյանքը Հայաստանում հերթական անգամ կթանկանա, նախնական հաշվարկներով, սկզբի համար 5-7 տոկոսով»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի իշխանությունները վաճառքի են հանել Բաթումի նավահանգիստը: Վաճառքի գինը 600 միլիոն դոլար է: Հայաստանյան տարբեր շրջանակներ փորձում են դրամահավաք կազմակերպել, որի արդյունքում հնարավոր կլինի գնել նավահանգիստը, դրանով ապահովելով Հայաստան բեռների անարգել տեղափոխումը: Քննարկվում է բաժնետիրական ընկերություն ստեղծելու գաղափարը, որին մաս կարող են կազմել նաև Սփյուռքի գործարարները, սակայն գործը գլուխ բերելու համար պետք է, որ ինչ-որ մեկը մեկնարկային խոշոր գումար ներդնի, որը այս պահին չկա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է արել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ: Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ՝ մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով: Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ ծառայությանը ՊԵԿ-ում եւ ԱԱԾ-ում ներդնել այնպիսի ներքին հսկողական համակարգեր, որոնք ԲՊՌ-ի շտեմարանների հետ համադրելիս կբացառեն արական սեռի անձանց մուտքը մայրության նպաստի համակարգ: Բացահայտվել են նաեւ մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Օրինակ՝ թվով 6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ՝ 20 մլն 600 հազար դրամ ընդհա­նուր գումարով: Ընդ որում, 1 անձը ստացել է 69 թաղման նպաստ՝ 13.8 մլն դրամ, 1 անձը՝ 17 նպաստ՝ 3.4 մլն դրամ, 1 անձը՝ թվով 5 նպաստ՝ 1 մլն դրամ, 3 անձ՝ 4-ական նպաստներ՝ 800 հազար դրամ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարվա հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տա­րածքում կայանման գները մասնակի կբարձրանան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց օդանավակա­յանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Նշենք, որ այժմ առա­ջին 10 րոպեն անվճար է: Այնուհետեւ յուրաքանչյուր ժամի համար ավտոմե­քենաների վճարը 500 դրամ է: Խնդիրն այն է, որ ավտոկայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս դրամարկղերում, ինչի արդյուն­քում մեքենաների կուտակումներ են լի­նում: Եվ դրանցից խուսափելու համար օդանավակայանի ղեկավարությունը որոշել է դրամարկղում վճարող քաղա­քացիների համար 1 ժամի դեպքում սահմանել 800 դրամ, 1-5 օր կայանելու համար՝ օրական 3000 դրամ, իսկ 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15 հազար դրամ: Այսինքն՝ նրանք, ովքեր կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից սկսած՝ գործող սակագնից ավելի շատ կվճարեն: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղարը նշեց, որ քաղաքացիները գործող սակագներով (նկատի ունի ներ­կայիս սակագինը) վճարումներ կարող են անել շենքի ներսի վճարային տերմինալների միջոցով: Ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այ­սինքն՝ գործող սակագները կպահպան­վեն միայն նրանց համար, ովքեր վճա­րումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով»: