Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ քրգործը
Հայաստանի Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցված քրեական գործը: Այս մասին VERELQ-ին տեղեկացրեց ՔԿ լրատվական ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:
Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է հանդիսացել։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: