24.11.2024
ԱՄՆ Սենատի բանաձևը արդարության և ճշմարտության հաղթանակն է․ Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արթուր Վանեցյանը ակտիվացրել է շփումները Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը սկսել է ակտիվորեն շփվել Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ: Քոչարյանականները Վանեցյանին իրենցով են արել, և չի բացառվում, որ առաջիկայում Վանեցյանը սկսի մասնակցել ի պաշտպանություն Քոչարյանի կազմակերպվող հանրահավաքներին՝ մեգաֆոնով վանկարկելով «Քոչարյան հերոս»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի խնդրանքով մեկնաբանել է որոշ հասարակական գործիչների կողմից ԱԱԾ-ի ուղղությամբ վերջին օրերին ուժեղացած հարձակումները: Արթուր Վանեցյանը նշել է, որ եթե ԱԱԾ-ն սահմանափակված է պաշտոնեական էթիկայով, չի նշանակում, որ ում մտքով ինչ դատարկաբանություն անցնի, պետք է հրապարակավ հնչեցնի սպաների հասցեին: «ԱԱԾ գործող սպաները այսօր սահմանափակված են պաշտոնեական էթիկայով, ես՝ այլևս ոչ: Ասել եմ, նորից կրկնում եմ՝ անկախ իմ կարգավիճակից, մշտապես լինելու եմ ծառայակից ընկերներիս կողքին։ Երբեք թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, արտաքին օրակարգեր սպասարկող անձինք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր հասարակությունը զերծ մնա նրանց վտանգավոր քարոզչության ազդեցությունից։ Սա մեր տունն է, մեր հայրենիքն է»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։ Մեր այն հարցին՝ ինչպես է գնահատում ԱԱԾ ներկայիս գործունեությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պատվով լուծել իր առջև դրված խնդիրները։ Չնայած ներքին և արտաքին վայրիվերումներին՝ ԱԱԾ-ն այսօր էլ այն կառույցն է, որն իր ուսերին է կրում հայկական պետությունների և ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու չափազանց ծանր ու պատասխանատու բեռը։ Այնտեղ ծառայում են լավագույնները, ովքեր անձնուրաց ու պատվով դիմակայում են բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերներին»»:


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի նոր անդամներ նշանակեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին: Նշանակումից անմիջապես հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ այսպիսով վարչապետը նոր «ռևերանս» արեց Սորոսի հիմնադրամին: Շատերը նշում էին, որ նոր իշխանությունների օրոք պետական կառույցներում Ջորջ Սորոսի «տիրապետությունը» գնալով ընդլայնվում է, եթե նաև հաշվի առնվի, որ ի սկզբանե պետության հումանիտար ոլորտները համակարգող ԿԳՄՍ, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունները, ինչպես նաև իրավական ոլորտի մի մասը՝ արդարադատության նախարարությունը և հատուկ քննչական ծառայությունը նույնպես սորասականների տիրապետության տակ է, ԱԺ-ում էլ քիչ չեն «սորոսական» պատգամավորները: Ի դեպ, ինչ վերաբերում է պետական կառույցներում պաշտոններին, ապա տեղեկություններ կան, որ Սորոսի հիմնադրամը, որպես ցանցային կազմակերպություն, ունի իր ներքին հիերարխիան, որը սրբորեն պահպանվում է նաև գերատեսչություններում: Օրինակ՝ ըստ տարբեր աղբյուրների, իրականում ԿԳՄՍ նախարարությունը ղեկավարում է առաջին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որը սորոսական ուղղահայացում շատ ավելի բարձր դիրք ունի Արայիկ Հարությունյանից: Կան տեղեկություններ, որ Անափիոսյանն է որոշում նախարարության գործունեության ուղղություններն այն սկզբունքներով, որոնք նախընտրելի են իր հիմնադրամի համար: Փորձագետներն արդեն կարծիք են հայտնում, որ պետական կառավարման ոլորտում որոշ պաշտոնյաների կողմից սխալներն ու թերացումները պատահական չեն, այլ փաստացի Նիկոլ Փաշինյանի տակ դրված դանդաղ գործողության ական են, ինչի արդյունքում զգալիորեն թուլանում են վարչապետի դիրքերը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ «Իմ քայլի» պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի առաջարկով, նախատեսում են ոստիկանությանն իրավունք վերապահել՝ ունենալու տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ իրականացնելու համար: Նախկինում էլ ոստիկանությունն ուներ այդ իրավունքը, բայց կատարում էր ԱԱԾ-ի տեխնիկայով, ըստ այդմ՝ ԱԱԾ-ի գիտությամբ։ Համակարգի աշխատակիցներից մեկը մեզ բացատրեց, որ սրա իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ու վերահսկի ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը։ Եվ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կասկածամտությամբ, ով վախենում է դավադրություններից եւ ուժային կառույցների դժգոհությունից՝ ուզում է ամեն ինչ վերահսկել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ կատաստրոֆիկ վիճակ էր․ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի ջրի խողովակները պայթել էին եւ ջրել ներքեւի հարկաբաժինը։ Արդյունքում Լիլիթ Մակունցը, բառի բուն իմաստով, վտարանդի էր դարձել՝ տեղափոխվել էր նոր մասնաշենք, մինչեւ կվերանորոգեն ջրի տակ անցած աշխատասենյակը։ Թե որն է վթարի պատճառը, պաշտոնապես չհաջողվեց պարզել, բայց պատգամավորներն ասում էին՝ խողովակների անորակությունը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ ավելացնելով հետևյալ բովանդակությամբ հոդված. «Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքը պարտավոր է ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվություն սույն հոդվածով սահմանված չափը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության աղբյուրի վերաբերյալ, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել իր պաշտոնական համացանցային կայքում»: Ակնհայտ է, որ այս փոփոխությունը Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների և դրանց բացահայտումների արձագանքն է: Փոփոխության նպատակն է ավելի թափանցիկ դարձնել նվիրատվությունների ստացման աղբյուրը և նվիրատվության չափը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն առաջիկայում պատրաստվում է բացահայտումներ անել: Մեր տեղեկություններով` դա վերաբերելու է «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին. ընկերությունը պետք է շահագործեր Ամուլսարի հանքավայրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հանձնաժողովը փաստաթղթեր է ուսումնասիրել, որտեղ, պարզվում է, ակնհայտ երևում է, որ ընկերությունը անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել: «Եթե «Լիդիան Արմենիան» համարում է, որ 4 հարյուր միլիարդ դրամի ներդրում է արել, մենք պետք է հասկանանք` որտեղ են արվել այդ ներդրումները և ինչ արդյունավետությամբ: Այս և նմանատիպ ուսումնասիրությունները պետք է իրականացնենք»,- «Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՊՎԾ պետի լիազորությունները դադարեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը դատարանում փորձում է ապացուցել իր անմեղությունը, Պետական վերահսկողական ծառայությունը բավական արագ տեմպով համալրվում է նախկին պաշտոնյաներով, նախկին համակարգին ծառայածներով, ընդ որում՝ հիմնականում ՊԵԿ-ից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊՎԾ-ում Տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Աղասի Մքոյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ՊԵԿ Կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի պետի տեղակալի, ապա պետի պաշտոնը։ Նշենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՊՎԾ պետի տեղակալ Զաքարյանը, վարչության պետ Հունանյանը, տեղակալ Պլուզյանը ևս հարկայինից են գնացել այդ կառույց։ Նրանց միացավ նաև Աղասի Մքոյանը։ Այլ կերպ ասած՝ ՊՎԾ-ն աստիճանաբար դառնում է ՊԵԿ-ի ֆիլիալը»։


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է: Իշխանության սատելիտները տոտալհոգեբանական ճնշում են գործադրել վերջինս վրա, որովհետև թե դատական, թե փորձագիտական մակարդակում միանշանակ է եղել համոզմունքը, որ Պապոյանն անպայման փոխելու է Քոչարյանի խափանման միջոցը, որովհետև բացարձակապես «վնգստացողների» դասից չէ, խոցե­լի չէ, ազատ մտածողության կրող է: Ճնշումների արդյունքում Պապոյանը փակ զրույց է ունեցել «համքարության» իր պես մտածող դատավորների հետ (չենք տալիս նրանց անունները, որպեսզի չվնասենք). թե տղերք, եթե ես որոշումը կայացնեմ, դուք պատրա՞ստ եք «ուդարն» ինձ հետ պահելու, որովհետև էս դեպքում միայն ինձ չեն խփելու, շարունակությունում` մնացած նորմալ դատավորներին էլ են խփելու: Ինչ որոշում է կայացրել «համքարությունը», ակնհայտ դարձավ դատավարության և ինքնաբացարկի ընթացքից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, և որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը: Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները: Ըստ այդմ, գույքը ենթակա է բռնագանձման, եթե ապացուցվում է, որ գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով: Նկատենք, որ փոփոխություններն էական են. գործող օրենսդրությունն այժմ թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը, իսկ նոր նախագիծը նախատեսում է, որ դատախազությունը կարող է առանձին վարույթ սկսել և ուսումնասիրել, համեմատել անձի օրինական եկամուտներն ու ունեցած գույքը, և եթե դրանց տարբերությունը լինի 50 միլիոն դրամից ավելի, ապա դիմել դատարան այդ գույքը բռնագանձելու համար:


Նկատենք, որ այս օրենքի շուրջ աշխատանքները վաղուց էին տարվում, և նախագիծն ուղարկվել էր նաև միջազգային փորձաքննության, որից հետո էլ դրվեց հանրային քննարկման: Ինչպես հայտնի է, իրավասու մարմին է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազությունը: Սակայն այս տարբերակը միակը չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի տարբերակ է քննարկվել` նախ` ստեղծել անկախ մարմին, որ կզբաղվի նման գործերով, կամ էլ նման գործառույթ տալ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Սակայն հետագայում եկել են այն եզրակացության, որ սրանք հարմար տարբերակներ չեն, և, որպես իրավասու մարմին, ընտրվել է դատախազությունը: Հավելենք, որ այս օրենքի շուրջ խորհրդարանում բուռն քննարկումներ են սպասվում, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները խնդրահարույց կետեր են տեսնում և կարծում են, որ օրենքը կարող է վնասել նաև «շարքային» քաղաքացիներին և դառնալ վրեժխնդրության հիմք»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 61-րդ հարցով իշխանությունը հերթական ծածուկ որոշումն է կայացրել։ Զեկուցողը եղել է ֆինանսների նախարարությունը։ Հարցը կոչվում է․ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին»։ Որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված գումարն ավելացնել 95 մլն դրամով։ Բացատրությունն այն է, որ հատկացված գումարները չեն բավարարել։ Իսկ 2019-ին պետական բյուջեով նախատեսված է եղել 350 մլն դրամ, ընդ որում՝ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ կազմել 880 մլն: Մինչ այս պահը այդ 880-ից ծախսվել է 844.2 մլն-ն, սակայն մնացած 36 միլիոնը, պարզվում է, բավարար չէ մինչև տարեվերջ գործուղումների գնալու համար, ուստի ևս 95 միլիոն են ավելացրել: Այսինքն՝ պետական բյուջեից մոտ 2 միլիոն դոլար ծախսվել է վոյաժների վրա, ինչը փորձում են հանրությունից գաղտնի պահել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-ից կրճատվում են ոստիկանական բաժինների հերթապահ մասերը, ըստ ոստիկանության մեր աղբյուրի՝ կրճատվում են մի քանի հարյուր ոստիկանության ծառայողներ, ոստիկանության հերթապահ մասերում միջինը ծառայում է 6-10 ոստիկանության աշխատակից: Սա չի նշանակում, որ ոստիկանությունում շուրջօրյա հերթապահություն չի լինելու, ուղղակի այդ հերթապահությունն իրականացնելու են ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում գազալցակայանների կողմից սահմանած գները անհանգստացնում են վարորդներին: Արդեն մի քանի օր է, ինչ վարորդները դժգոհում են, որ բնական սեղմված գազով լիցքավորելու համար հիմա ավելի շատ են վճարում, քան օրեր առաջ: Օրինակ՝ 1.3 ծավալի գազաբալոնը գազով ամբողջությամբ լիցքավորելու համար վարորդն արդեն երկու օր է՝ վճարում է 4300 կամ 4400 դրամ՝ նախկին 3600 դրամի դիմաց: Հիմա էլ 20 դրամի չափով թանկացում է արձանագրվել հեղուկ գազի շուկայում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու օր է՝ հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամից թանկացել է՝ դառնալով 200 դրամ, իսկ որոշ տեղերում նույնիսկ գազի մեկ լիտրը վաճառվում է 220 դրամով: Ուշագրավն այստեղ այն է, որ որևէ կառույց չի հետաքրքրվում, թե հեղուկ գազը տնտեսվարողը որքանով է վաճառում: Ի դեպ, գնագոյացման հետ կապված որևէ վերահսկողություն չունի նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»: