Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը
ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է այդ գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ա. Մակինյանի բողոքը:
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, վերջինիս հիմքում դրվել է ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատախազը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ս. Սարգսյանին վերապահված լիազորություններից, որոնք որևէ աղերս չունեն ՀՀ նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը: