Նիկոլ Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձեւ։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան: Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի եւ հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետեւանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից: Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում:
Քոչարյանի մեսիջը բանտից ուղղված է առաջին հերթին Արցախի իշխանություններին: Հակամարտության կարգավորման Փաշինյանի բանաձևը տանում է հակամարտությունը դեպի փակուղի և պատերազմ ու Արցախը պետք է իր վճռորոշ ձայնն արտահայտի այս հարցի կապակցությամբ: Բաքուն կարող է պահանջել հրապարակել Փաշինյանի թեզիսները, թե ինչպես կարելի է բավարարել միանգամից երեք կողմերին ու այդ պարագայում ՀՀ-ն պետք է գծի այն կարմիր գիծը, որից այն կողմ հայկական կողմերը չեն զիջելու: Սակայն Երևանի համար կարող է ընդունելի լինել մադրիդյան փաստաթուղթը, որը կոշտ ձևով մերժվելու է Արցախի կողմից՝ այս պայմաններում դեստրուկտիվ կողմ հանդես կգա Արցախը, ինչն անթույլատրելի է:
Փաշինյանի բանաձևն իհարկե իր մեջ պարունակում է ստատուս-քվոն պահպանելու տարրեր՝ ՀՀ վարչապետը հասկանում է, որ Բաքուն չի գնալու ոչ մի զիջման ղարաբաղյան հարցում ու չի պատրաստվում հետ կանգնել իր մաքսիմալիստական դիրքորոշումից: Պաշտոնական Երևանն այս կերպ փորձում է հանդես գալ բանակցություններում որպես կառուցողական կողմ, իսկ Բաքուն, մերժելով հայկակական կողմի առաջարկությունը, հայտնվելու է դեստրուկտիվ կողմի կարգավիճակում: Իհարկե ժամանակ ձգելը շատ լավ է՝ կարևոր է պահպանել ղարաբաղյան հարցում այսօրվա ստատուս-քվոն, սակայն Ադրբեջանը ժամանակն օգտագործում է տնտեսապես հզորանալու, նոր էներգետիկ նախագծեր կյանքի կոչելու համար, այդպես մեծացնեկով իր գեոպոլիտիկ նշանակությունը Արևմուտքի և ՌԴ-ի համար, ինչպես նաև նավթից ու գազից ստացված եկամուտներն ուղղում է բանակի հզորացմանն ու ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելուն:
ՀՀ-ն պետք է ուժեղացնի Արցախի տնտեսությունը, ժողովրդագրական վիճակի կտրուկ բարելավում իրականացնի, հզորացնի Արցախի ՊԲ-ն ու շարունակի բանակցությունները, քանի որ դրանցից հրաժարվելը տանելու է պատերազմի:
Պատերազմն Արցախում անխուսափելի է, հարցը միայն ժամկետների մեջ է, թե երբ է սկսվելու այդ պատերազմը: Բանակցությունները թույլ են տալիս ժամանակ շահել, սակայն այդ ժամանակը պետք է օգտագործվի տնտեսական և ռազմական հզորացման համար, իսկ հակառակ պարագայում խաղաղասիրական կոչերը Բաքվում ընկալվելու են թուլության նշան:
«Անընդունելի է Արցախում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»,- նշել է Քոչարյանն՝ անդրադառնալով 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:
Քոչարյանը, ունենալով կոշտ քաղաքական գործչի համբավ ու իմիջ, կոչ է անում ղարաբաղցիներին ընտրել ոչ թե Երևանի, այսպես ասած, «դաբրոն» ունեցող որևէ մեկին, այլ պատերազմով անցած գործչի, իսկ տվյալ պահին դա Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է: Քոչարյանը կանխատեսում է Արցախի շուրջ լուրջ սրացումներ, Արցախին անհրաժեշտ է գեներալ-նախագահ, որը կունենա մեծ հեղինակություն թե՛ բանակում, վետերանների շրջանում, թե՛ հասարակության շրջանում:
Սակայն Վիտալի Բալասանյանը սրված հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ ու նրա ընտրվելն Արցախում այս պահին խնդրահարույց է:
Այս պարագայում մեծանում է Արայիկ Հարությունյանի հաղթելու շանսերն, այսինքն Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանն ու արցախյան պատերազմով անցած այլ գեներալներ պետք է զբաղեցնեն կառուցողական ընդդիմության դաշտն ու անհրաժեշտության պահին աջակցեն Հարությունյանին՝ Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի պարագայում: