Ընդդիմությունն ավելի կազմակերպված է դարձել եւ կհասնի իր նպատակին. Մարգվելաշվիլի
Ընդդիմությունը դարձել է ավելի կազմակերպված, միտված է կարեւոր քաղաքական նպատակի եւ կկարողանա հասնել իր ուզածին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ես տեսնում եմ, թե որքան կազմակերպված է ընդդիմությունը, ինչպես է աճել մեր ընդդիմադիր սպեկտրը, որքան կազմակերպված այն կարող է աշխատել մեկ սենյակում՝ կոնկրետ նպատակի՝ արդարացի ընտրությունների հասնելու համար»,- ասել է Մարգվելաշվիլին:
Նա նշել է, որ մեկ գլխավոր քաղաքական նպատակի շուրջ ընդդիմության համախմբվածությունը նրան թույլ կտա հասնել իր նպատակին:
«Կազմակերպված, որակավոր ընդդիմությունը շատ լրջորեն է ախատում, եւ ես համոզված եմ, որ իշխանության գլուխ կանգնածները կգնահատեն այն դժվարությունները, որոնց առջեւ իրենք կանգնած են: Ելնելով դրանից՝ այսօր, վաղը կամ վաղը չէ մյուս օրը կա սոսկ մեկ ելք. մենք չենք կարող ապրել վիրավորական ստի պայմաններում, որն սկսվեց համամասնական ընտրություններից հրաժարվելուց»,- հավելել է Մարգվելաշվիլին: