Աննա Հակոբյանը Ալիևային հրավիրել է Արցախ մուղամ լսելու
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրավիրեց Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային Արցախ մուղամ լսելու, որպեսզի իրականանա վերջինիս երազանքը: Մի վերապահմամբ՝ Աննա Հակոբյանը պատրաստ է իրականացնել Մեհրիբան Ալիևայի երազանքը, սակայն խաղաղ պայմաններում:
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին Աննա Հակոբյաննը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին ասաց, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, բայց դա արժանանում է Ադրբեջանի նախագահի տիկնոջ ագրեսիվ արձագանքին:
«Մի քանի օր առաջ Մեհրիբան Ալիևան ստատուս էր գրել, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Ղարաբաղում: Ես մոտավորապես գիտեմ, թե նա ինչ կոնտեքստով է դա գրել: Բայց հիմա Մեհրիբան Ալիևային ուզում եմ հրավիրել Ղարաբաղ, նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել, հարգել հյուրին: Մեր ընդունված կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը: Կարող ենք իրականացնել նրա երազանքը, և նա լինի մեր հյուրը, Ստեփանակերտում լսի իր սիրելի մուղամը: Սա, իսկապես, հրավեր է, և եթե նա ընդունի այս հրավերը, պատրաստ եմ նաև ինքս լինել Բաքվում և հյուրընկալվել իրենց կողմից: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ և մուղամ լսեն պատերազմի միջոցով, վստահեցնում եմ՝ այդ երազանքն անկատար կմնա: Եվ եթե նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- ասել է Աննա Հակոբյանը:
Նա նաև հավելել է, որ իր հրավերը լուրջ հրավեր է: