Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ ղարաբաղյան կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություններ կան։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Փոխզիջումը ղարաբաղյան հարցում կոնկրետ հայկական կողմերի, հատկապես Արցախի համար, նշանակում է ողջ անվտանգային, տնտեսական, դեմոգրաֆիկ ստատուս-քվոյի կազմաքանդում, որն էլ մոտեցնելու է Ղարաբաղի հայաթափումը կամ ստեղծելու է ապագայում նոր պատերազմում Ադրբեջանի համար ստարտային ավելի լավ պայմաններ հարձակման համար:
Եթե Բաքուն փոխզիջում կարող է ընկալել 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին և այդ տարածք ադրբեջանցիների վերադարձ, իսկ ապագայում հանրաքվեի անցկացում, ապա հայկական կողմերի համար այսպիսի սցենարը, որն ընկած է մադրիդյան սկզբունքների հիմքում, նշանակում է պարտություն մարտի դաշտում առանց մեկ կրակոցի:
Ադրբեջանն առանց պատերազմի, առանց մեկ փամփուշտ կրակելու հետ է վերադարձնում 7 շրջանները կամ Արցախի շուրջ անվտանգության գոտին՝ ստանալով հսկողություն բոլոր ռազմավարական բարձրունքների նկատմամբ և կրակի օղակի մեջ վերցնելով մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, ինչպես նաև ցանկացած պահի հնարավորություն է ունենալու կտրելու Արցախի կյանքի ճանապարհները՝ Գորիս-Լաչին և Քարվաճառ-Մարտակերտը, որոնք Արցախը կապում են Հայաստանի հետ:
Առանց մեկ կրակոցի ու զոհերի Բաքուն հսկողություն է ստանում մի քանի հազար քմ տարածքի նկատմամբ՝ ընդմիշտ փոխելով այդ շրջանների էթնիկ-կրոնական դեմքն ու ՀՀ-ի ու Արցախի միջև ստեղծվում է ադրբեջանական սեպ, որը սպառնալու է թե՛ Արցախին, թե՛ Սյունիքին:
Անգամ այս պայմաններում Ադրբեջանը չի ցանկանալու բավարարվել այսպիսի ստատուս-քվոյի հետ՝ ապագայում նոր տարածքային պահանջներ ներկայացնելով արդեն Հայաստանին:
Արցախը կամ հայկական կողմերը, համաձայնություն տալով տխրահռչակ մադրիդյան սկզբունքներին, կորցնում են հսկայական տարածքներ, որոնք ազատագրվել են հազարավոր զինվորների կյանքի գնով: Այդ շրջաններն ունեն հսկայական տնտեսական պոտենցիալ՝ գյուղատնտեսություն, էներգետիկա և այլն, ինչպես նաև ռազմավարական նշանակություն՝ հանդիսանալով Սյունիքի և ՀՀ-ի մի շարք այլ մարզերի համար թիկունք:
Ադրբեջանը փոխզիջման տակ հասկանում է Արցախի այսօրվա ողջ ռազմական, լոգիստիկ հնարավորությունների կազմաքանդում առանց պատերազմի, եթե Ստեփանակերտը համաձայնվի մադրիդյան փաստաթղթին, իսկ դա հայկական կողմերի համար նշանակում է պատերազմի դաշտում ձեռք բերված հաղթանակի վատնում դիվանագիտական դաշտում: