VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տարեվերջին
Հովիկ Աբրահամյանի կողմից նախանշված կառուցվածքային փոփոխությունների առաջին «զոհը» կարող է դառնալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։ Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում քննարկում են էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների միավորման հարցը։ Իսկ կապը երկու նախարարությունների միջև, վստահեցնում են, մեծ է՝ բնական պաշարներ, այլընտրանքային էներգետիկա, ատոմակայան ու ՀԷԿ-եր, բնապահպանությանն առնչվող գործառույթներ։ Չնայած
Երվանդ Զախարյանը համարվում է
Սերժ Սարգսյանի «սիրելիներից», սակայն այս տարի լրանում է նրա 70-ամյակը. տարիքն արդեն զգացնել է տալիս, ասում են՝ նաև առողջական խնդիրներ ունի։ Այնպես որ, նրան թոշակի ուղարկելու ժամանակը կարծես եկել է: Բացի սրանից, քննարկվում է նաև ֆիննախն ու ՊԵԿ-ը կրկին իրարից առանձնացնելու հարցը։ Ի դեպ, նոր Սահմանադրությամբ նախարարությունների թիվը չպետք է գերազանցի 18-ը։ Չի բացառվում, որ էներգետիկայի և բնապահպանության նախարարությունների միավորումը պայմանավորված է ֆինանսների և հարկայինի տարանջատման «անհրաժեշտությամբ»։ Ի դեպ, Երվանդ Զախարյանն այսօր ասուլիս է տալիս։ Ասացին, որ չի հասցրել անցած տարին ամփոփել, հիմա է անելու։ Իսկ նրա մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը գերատեսչության միավորման լուրերի մասին ասաց. «Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տարիներ առաջ ծանոթներիցս մեկն այսպես բնութագեգրեց կոալիցիոն գործընկերներին, այսինքն՝ նրանց, որոնք սկզբից ընդդիմություն են խաղում, հետո ՀՀԿ-ի փեշի տակ են մտնում: Երբ մերացու խոզը մի 10-12 խոճկոր է ունենում, սրանք քանի սովածանում, այնքան բարձր են ծվծվում: Իբր, բողոքում են ստեղծված ծանր սոցիալական վիճակից, դժգոհ են մերացու խոզի վարած քաղաքականությունից, ու գնալով այդ դժգոհությունը խորանում է: Մինչեւ այն պահը, երբ մայր խոզը ձայն է տալիս, կանչում խոճկորներին: Սրանք անմիջապես վրա են տալիս խոզի պտուկներին, սկսում մշմշալով ուտել: Ձեններն անմիջապես կտրում են: Կարծես ընդամենը մեկ րոպե առաջ իրենք չէին ձայներն աշխարհով մեկ գցել: Մոտավորապես այս վիճակում է նաեւ Դաշնակցությունը: Քանի տարի ծվծվում էին, թե Սերժ Սարգսյանը սխալ քաղաքականություն է տանում, դժգոհում էին արտաքին ու ներքին քաղաքականությունից, հանրահավաք, նույնիսկ նստացույցեր էին անում: Հիմա որեւէ մեկը դրանց ձայնը լսո՞ւմ է: Ընդհանրապես ծպտունները դուրս չի գալիս: Երեւի բռնել են իշխանության պտուկներից մեկը եւ մշմշալով ուտում են: Կպցրել են: Խոսելու ժամանակ չունեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել են 2017 թվականի խորհրդարանական պատկերի ձեւավորման աշխատանքները, եւ կոալիցիայի մասին ՀՅԴ-ի հայտարարությունը, իհարկե, այս աշխատանքների մեկնարկի մասին հայտարարությունն է, որ
Հրանտ Մարգարյանի շուրթերով անում է Սերժ Սարգսյանը: Եվ պատահական չէ, որ հետեւում է ՀՀԿ-ի արձագանքը
Վահրամ Բաղդասարյանի շուրթերով, որը, ըստ էության, հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը թող անձամբ ասի այդ մասին եւ միանգամից իրենց՝ ՀՀԿ խմբակցությանը: ՀՀԿ խմբակցությունը լինելու է խորհրդարանական պատկերի առանցքը, եւ ակնհայտ է, որ հենց այդ առանցքի շուրջ պետք է հավաքվի, այպես ասած, մնացյալ խորհրդարանական խճանկարը: Եվ իրականում այն է հարցը, թե ինչ կոալիցիա է ձեւավորվելու ՀՀԿ-ում: Իսկ այս կուսակցությունը վաղուց է գործում կոալիցիոն սկզբունքով՝ դեռ 2007 թվականից, երբ կուսակցությունում իրենց, այսպես ասած, թիմային ներդրումներն ունեցան եւ՛ Սերժ Սարգսյանը, եւ՛ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, այսօր ՀՀԿ-ն այլ պատկեր ունի, սակայն կուսակցության կոալիցիոն բնույթը շարունակվում է եւ, ըստ էության, ավելի է խորացել այն բանից հետո, երբ լուծարվեց ներիշխանական երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն: Իրական կոալիցիոն բանակցությունները սպասվում են հենց ՀՀԿ-ի շրջանակում, առավել եւս այսօր, երբ չկա նախագահական պաշտոնը, եւ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման մոդելի, որտեղ առավել բարձրանում է պատգամավորական ամեն մի մանդատի, այսպես ասած, իշխանական արժեքը: Դա նշանակում է, որ եթե նախկինում առանցքային խնդիրը որեւէ ՀՀԿ-ական թիմի համար կարող էր լինել խորհրդարանական խմբակցությունում թեկուզ փոքր ներկայացվածությունը, այսօր ըստ էության կարեւոր է դառնում ամեն մի մանդատի տարբերությունը, քանի որ պատգամավորական մանդատից այն կողմ առաջնային մանդատ այլեւս չկա, եւ ամեն պատգամավոր, ըստ էության, դառնում է յուրօրինակ մի նախագահ: Բնականաբար, սա նշանակում է, որ ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների՝ եւ՛ 2012, եւ՛ 2007, 2017-ին ընդառաջ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատերը հստակեցնելը լինելու է շատ ավելի թեժ գործընթաց՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ բաց է մնում նաեւ վարչապետի հարցը, եւ հայտնի չէ, թե ի վերջո ինչ է անելու Սերժ Սարգսյանը: Ավելին՝ իրավիճակը դրանով առանձնահատուկ է դառնում նաեւ այն տեսանկյունից, որ կապված Սերժ Սարգսյանի պլանների հետ՝ ՀՀԿ խմբակցության հարցը կարող է վերստին բարձրանալ նույն սրությամբ, ինչ սրությամբ որ այժմ, նաեւ 2018-ից հետո: Եվ այստեղ արդեն տեղի է ունենում ոչ միայն, այսպես ասած, անցողիկ շրջանակների մանդատների արժեքի բազմապատկում, այլեւ ոչ անցողիկ թվացող տեղերի, քանի որ 2018-ից հետո, կախված Սերժ Սարգսյանի պլաններից, կարող է առաջանալ ՀՀԿ խմբակցության արմատական վերանայման անհրաժեշտություն, երբ կլինեն մանդատերից զանգվածային հրաժարումներ մեկ գիշերում»:
«168 ժամ» թերթը գրում է. «Սովորաբար նորմալ երկրներում, նորմալ քաղաքական համակարգերում կոալիցիաներ կազմում են ընտրություններից հետո, կոալիցիոն բանակցություններ վարվում են ընտրությունների արդյունքների հիման վրա։ Սակայն Հայաստանում հակառակն է՝ կոալիցիա են ցանկանում կազմել ընտրություններից մոտ մեկ տարի առաջ… ընտրություններին մասնակցելու, ավելի ճիշտ՝ ընտրություններից դուրս չմնալու համար։ Դա է Դաշնակցության հիմնական մոտիվացիան՝ կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ՝ 2017 թվականին խորհրդարանում հայտնվելու համար։ Առողջ և քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետք է լիներ հակառակը՝ մասնակցել և հաղթել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ ապագա կառավարությանը մաս կազմելու համար։ Բայց դա տեղին կլիներ նորմալ քաղաքական ու, ամենակարևորը՝ նորմալ ընտրական համակարգի դեպքում։ Հայաստանում ոչ քաղաքական համակարգն է այդպիսին, ոչ էլ, առավել ևս, ընտրականը։ Ու դեգրադացված քաղաքական համակարգը ծառայում է նույնքան դեգրադացված ընտրական համակարգի պահպանմանը, և՝ հակառակը։ Դրա համար էլ Դաշնակցությունը ցանկանում է հիմա մաս կազմել իշխանությանը, որպեսզի իշխանությանը հնարավորություն տա 2017 թվականի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն, որն անցավ ՀՅԴ-ի «բարձր հովանու ներքո»։ Իշխանությանը պետք է կիսել ոչ թե պատասխանատվությունը ՀՅԴ-ի հետ, ինչպես պնդում են շատերը, այլ ՀՅԴ-ին պատասխանատու ու մասնակից դարձնել 2017 թվականի ընտրակեղծարարությանը՝ մի քանի մանդատի դիմաց, բնականաբար։ Խնդիրն այն չէ, որ ՀՅԴ-ականներն իրենց հարյուրքանիամյա փորձառությամբ պետք է ընտրակեղծարարությամբ զբաղվեն կամ ընտրակաշառք բաժանեն։ Ոչ, դա կանեն ՀՀԿ-ականները՝ իրենց համապատասխան «ստորաբաժանումներով»։ ՀՅԴ-ն կապահովի նախընտրական քարոզչությունն ու հետընտրական «լղոզումը», ինչպես բարեհաջող կերպով արեց անցած տարվա հանրաքվեի ընթացքում։ ՀՅԴ-ին մանդատներ են պետք, իսկ իշխանությանը՝ կեղծված ընտրությունների լեգիտիմացում։ Ահա սա է ՀՀԿ–Դաշնակցության բանակցությունների հիմնական առարկան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 5 միլիարդ դոլարի հոգեբանական շեմը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ այդմ, ընթացիկ 2016 թվական Հայաստանը թեւակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով: Անցած 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 629 միլիոն 500 հազար դոլարով: Ի դեպ, նշված պետական պարտքից 3 միլիարդ 833 մլն 200 հազար դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է: Այսինքն՝ նշված գումարը ՀՀ կառավարությունը պարտքով վերցրել է միջազգային ֆինանսական կառույցներից: Հատկանշական է այն փաստը, որ ՀՀ արտաքին պետական պարքից 487 մլն 900 հազար դոլարը գոյացել է անցած տարվա ընթացքում: Ի դեպ, նշենք նաեւ, որ Հայաստանի պետական արտաքին պարտքը սրընթաց սկսեց աճել 2008-ի միջազգային տնտեսական ճգնաժամից հետո: Օրինակ՝ 2008-ի գարնանը, այսինքն՝ մինչեւ տնտեսական ճգնաժամի մեկնարկը Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 1 միլիարդ 550 մլն դոլար: Իսկ արդեն 2009-ի վերջին Հայաստանի պետական արտաքին պարտքը հասել էր 3 մլրդ դոլարի: Հաջորդած տարիներին ՀՀ իշխանությունները մի փոքր դանդաղեցրին պետական արտաքին նոր պարտքերի ներգրավման գործընթացը, բայց անցած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կրկին սկսեց մեկը մյուսի ետեւից պարտքեր վերցնել»: