25.11.2024
Միհրան Պողոսյանի նկատմամբ ՌԴ-ում ընտրված խափանման միջոցը վերացվել է․ դատախազություն
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վանեցյանը կուսակցաշինության գործը որոշել է սկսել դրսից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած այն տեղեկություններին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը զբաղված է կուսակցաշինական աշխատանքներով, ըստ մեր աղբյուրի՝ այս օրերին Վանեցյանը Հայաստանում չէ: Նա կվերադառնա միայն դեկտեմբերի առաջին տասնօրյակին: Չի բացառվում նաև, որ Վանեցյանը կուսակցաշինության գործը որոշել է սկսել դրսից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը երկօրյա արձակուրդի է մեկնել։ Նա 3-շաբաթյա արձակուրդից վերադարձել էր 10 օր առաջ։ Քաղաքապետարանից այդպես էլ չասացին, թե հրատապ արձակուրդի պատճառը որն է։ Սակայն մեզ հայտնի դարձան պատճառները։ Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների, եւ, հատկապես «ԿամԱզների» աղմուկը Հայկ Մարությանը ծանր է տարել։ Նա խորը դեպրեսիայի մեջ է հայտնվել, եւ այդ հոգեկան վիճակն է պատճառը, որ արձակուրդ է վերցրել եւ գնացել։ Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ նա պարբերաբար նման դեպրեսիաներ է ունենում եւ ճգնաժամային իրավիճակներում հրաժարականի դիմումներ է գրում վարչապետին։ Նախորդ անգամները այդ դեպրեսիաները հաղթահարվել են Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի մերձավոր շրջապատի ջանքերով։ Բայց շրջապատը վստահ չէ, որ այս անգամ կհաղթահարվի դեպրեսիան եւ կարծում են, որ ինչ-որ պահի Մարությանի նյարդերը տեղի կտան եւ նա հրաժարականի դիմումը կպնդի»:


«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի աշխատանքը շարունակում է դժգոհության առիթներ տալ ոչ միայն ընդդիմադիրների շրջանում, այլեւ հենց քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի աշխատակիցները հեգնանքով նշում են, թե Երեւանի գումարներին էլ «Կարգին հաղորդման» պրոդյուսերի ոգով է մոտենում։ Ի դեպ, քաղաքապետարանում ներկայացված ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, թերեւս, առավել ընդդիմադիր գործունեություն են ծավալում քաղաքապետարանում, քան նրանց գործընկերները՝ խորհրդարանում։ Ավագանու անդամները բավականին սուր քննադատեցին Երեւանի 2020-ի բյուջեն՝ ամենամեծ խնդիրը դիտարկելով բյուջեի դեֆիցիտի մեծ չափը։ Չնայած արձանագրած խնդիրներին, մեր տեղեկություններով, Հայկ Մարությանը շարունակում է սեփական քիմքին հարմար տնօրինել քաղաքային բյուջեն՝ հաշվի չառնելով ոչ մեկի խոսքն ու «խրատը»։ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունն ունենալով, Մարությանը ոչ միայն սեփական կադրերին է տեղավորում քաղաքապետարանում, այլեւ եկող տարվա բյուջեով ավելացրել է պարգեւատրումների ֆոնդը։ 700 մլն դրամի փոխարեն, 2020-ին պարգեւատրումների ֆոնդը դարձել է 1 մլրդ 900 մլն դրամ։ Բայց այս առումով էլ քաղաքապետարանում մեծ հույսեր չունեն, քանի որ հիշում են, թե ինչպիսի «դասակարգումով» էին ամիսներ առաջ որոշել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձն ավելացնել, որի արդյունքում շահելու էին միայն «քայլ արածները»։ Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բուռն արձագանքի արժանացավ, Մարությանը որոշեց այն օրակարգից հանել։ Եվ պարզվում է, աշխատավարձի բարձրացում կլինի պարգեւատրումների ձեւով։ Հասկանալի է նաեւ, թե ում ինչպես կպարգեւատրեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից կոռուպցիոն սկանդալի հոտ է գալիս։ Այսպես․ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մակնիշի մեքենա։ Մեր տեղեկություններով՝ դա արվել է «Մեգամոլ» առեւտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտի համար, որը քաղաքապետարանն ընդունելիս չի եղել։ Մյուսը՝ «Ն եւ Ս» ՍՊԸ-ն, որը 14 միավոր տեխնիկա է նվիրել․ մեր տեղեկություններով՝ Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել, որոնք նախապես պետք է լինեին 14 հարկանի, իսկ նվիրատվությունից հետո դարձել են 18 հարկանի։ Քաղաքապետարանի նվիրատուների թվում է նաեւ «Տերյան-5» ՍՊԸ-ն, որը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներինն է։ Բայց նրանց մատուցած նվերը ոչ թե մեքենաներ են, այլ Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի Սանմաքրման եւ աղբահանության հիմնարկի համար նախատեսված ավտոպարկը եւ սպասարկման կենտրոնը, որը կառուցում են որպես նվեր քաղաքին։ Դրա դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա եւս 5 հարկ ավելացնել։ Նախնական թույլտվությունը 17 հարկ էր, այժմ կառուցում են 22-ը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը տեւական արձակուրդից հետո դարձյալ մեկնել է արձակուրդ, իհարկե, խիստ կարճատեւ՝ ընդամենը երկու օր, սակայն այդ արձակուրդը բոլորովին այլ լույսի ներքո է հայտնվում աղբատար մեքենաների նվիրատվության աղմուկի ներքո: Քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է ԿամԱԶ-ների նվիրատու ընկերությունների ցանկը, որտեղ կան նաեւ հայտնի անուններ ունեցող սեփականատերեր, ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանը: Սակայն նվիրատուների ցանկի հրապարակումը ոչ թե հանում է հարցերը, կամ նվազեցնում աղմուկը, այլ գործնականում ավելի խճճում պատկերը: Ի վերջո, ինչո՞ւ էր քաղաքապետարանը խուսափել հանրությանը նվիրատուների մասին տեղեկացնելուց: Իսկ տեղյա՞կ էր այդ ամենից, օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ինքը պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման սկզբունքի մասին ու նաեւ փորձում հնարավոր տարբերակներով հանրությանը ներկայացնել պարբերական հաշվետվություն: Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղակի անփորձության, սխալ կողմնորոշվելու, քարոզչական մարտահրավերները թերագնահատելո՞ւ, թե՞, այդուհանդերձ, կոռուպցիոն ռիսկի արդյունք է: Հարցերն իսկապես շատ են եւ անկասկած է, որ դրանք հասնում են արդեն ընդհուպ կառավարող մեծամասնության քաղաքական ղեկավարությանը: Այն, որ կարողունակ մարդիկ նվիրատվություն կանեն համայնքներին, որեւէ կերպ ոչ միայն դատապարտելի չէ, այլ նույնիսկ խրախուսելի: Սակայն ամենատարօրինակն այն է, որ քաղաքապետարանը տվյալ պարագայում հանրությունից գաղտնի է պահել նվիրատվությունը: Այստեղ իրավիճակ է, երբ, մեղմ ասած, բարդ է խոսել «հեղափոխություն-հակահեղափոխություն» բանաձեւով:


Ի վերջո, նվիրատվությունը հանրությունից հակահեղափոխականները չէ, որ թաքցրել են: Եվ աղմուկն էլ, ի վերջո, քարոզչական հնարքի կամ նենգափոխման, այսպես ասած, ֆեյք նյուզի տրամաբանությամբ չէ, որ ձեւավորվել է, այլ իսկապես հիմնավոր հարցադրումների: Մեծ հաշվով, այդ իմաստով ստեղծված իրավիճակն իրապես եզակի է, որպես աղմկոտ պատմություն եւ այն կարող է առնչվել քաղաքական տողատակերի: Արդեն իսկ հնչում են հայտարարություններ, որ Հայկ Մարությանը պետք է հրաժարական ներկայացնի: Կձեւավորվի՞ այդ հարցում, այսպես ասած, նոր քաղաքական ճակատ, կրթության ու գիտության նախարարի հանդեպ անարդյունավետ փորձից հետո: Արդեն իսկ հնչում են քաղաքապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրության մասին հարցադրումներ, թեեւ ֆորմալ իմաստով քաղաքապետի հրաժարականն ամենին չի ենթադրում կամ պահանջում արտահերթ ընտրություն: Մյուս կողմից, իսկ կարո՞ղ է արտահերթ ընտրությունը դիտարկվել ներքաղաքական որոշակի լիցքաթափման մեխանիզմ՝ ներկայիս բավականին լարված ու հագեցած փուլի համատեքստում: Այստեղ, իհարկե, մեծ նշանակություն է ունենալու այն, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի քաղաքական թիմը եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանը, ինչպիսին է նրա գնահատականը իրավիճակին: Արդյոք նա կանդրադառնա՞ թեմային Բիշքեկից վերադարձից հետո, որտեղ մասնակցում էր ՀԱՊԿ պետությունների ղեկավարների վեհաժողովին: Այն, որ իրավիճակը կարող է հանգեցնել կառավարող ուժի ներսում հերթական տարակարծությունների եւ բաժանարար մոտեցումների, կասկածից վեր է: Այստեղ էական է դառնալու, թե Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշմամբ որքանով կնախընտրի հարված վերցնել իր վրա եւ պահել Հայկ Մարությանին: Մյուս կողմից, իսկ ով կարող է լինել կառավարող ուժի քաղաքապետի նոր թեկնածուն, նրանից բացի: Պետք է նկատել, որ, այսպես ասած, հնչեղ թեկնածուներ ցուցակում չկային, թեեւ մյուս կողմից, իհարկե, հնչեղությունը ամենեւին արդյունավետության երաշխիք չէ, եւ հակառակը: Իր հերթին հարց է, թե արդյոք Հայկ Մարությանը չի հայտնվե՞լ որոշակիորեն նաեւ ներքին հարվածի թիրախում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարան է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայությունից գումարով ազատվելը օրինականացնելու նախագիծ, որը նա վերնագրել է «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծ: Այս նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում և երկրից դուրս բնակվող յուրաքանչյուր զինապարտ քաղաքացի կարող է դիմում ներկայացնել արագացված զինվորական ծառայություն անցնելու մասին: Արագացված ծառայությունը տևում է մեկ ամիս: Դրա փոխարեն քաղաքացին վճարում է նվազագույն աշխատավարձի 10-հազարապատիկի չափով գումար, այսինքն 10 մլն դրամ: Եթե նման օրենք ընդունվի, ապա կարելի է չկասկածել, որ Հայաստանի բանակը կազմված կլինի ոչ թե չքավորների, այլ բացառապես ունեզուրկ ընտանիքների երեխաներից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ իշխանական խմբակցությունը ներկայացնող Հայկ Սարգսյանը որոշել է մի օրենք գրել, որով զինվորական ծառայություն է առաջարկում՝ արագացված ընթացակարգով: Ամենեւին հասկանալի չէ, թե ինչու է նա այս սիմվոլիկ ծառայությունն առաջարկում, ըստ որի՝ եթե չես ուզում ծառայել, ապա կարող ես պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել ու … հետո թերեւս գնալ, տանը բազմոցին պառկել: Ո՞ւմ նախաձեռնությունն է իրականում այս խիստ խտրական նախագիծը, որն, ըստ էության, դասալքության ուղիղ քարոզ է պատերազմող մեր երկրում: Առնվազն ծառայած, զինվորական գործի մասին նվազագույն պատկերացումներ ունեցող մարդը կհասկանա, որ այդ սիմվոլիկ մեկ ամսում անհնար է սովորել զինատեսակից օգտվելու կարգը, անհնար է 1 ամսում զինվորական գործին տիրապետել այնպես, ինչպես դա անում են ժամկետային ծառայության 24 ամիսների ընթացքում: Ծառայությունն, ի վերջո, ոչ թե զորամասում քնել-արթնանալն է, այլ, ըստ էության, ռազմական գործի ուսումնառություն: Մտնել բանակի հարցերի մեջ, առանց բանակից դույզն-ինչ գլուխ հանելու, նշանակում է կոնկրետ նժարին դնել երկրի անվտանգությունը: Ինչո՞ւ է լռում Պաշտպանության նախարարությունը: Զինծառայություն, հայրենիքի ու սահմանների անառիկություն քարոզելու փոխարեն հարուստների զինծառայության էլիտար միամսյակի՞ն է ծափահարում պաշտպանական գերատեսչությունը: Զորքից ու զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս զորամասային էլիտար մեղրամիսը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլը գրեց, որ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպման ընթացքում նրանք խոսել են Մանվել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելու մասին: Սարգսյանը նշել է, որ եթե Մանվել Սարգսյանին բանտում որեւէ բան պատահի, ողջ կյանքում բեռ է դառնալու իր խղճին: Փաշինյանն էլ պատասխանել է, որ ինքն էլ չի ցանկանա, որ նման բան լինի, ու ինքն էլ է մարդ, որ իր խղճին եւս կծանրանա եւ հավելել, որ մի անգամ բաց է թողել, սակայն Գրիգորյանը, գտնվելով դրսում, իրեն սխալ է պահել, որ արդյունքում կրկին հայտնվել է կալանավայրում: Մենք այս մասին փորձեցինք հարց ուղղել վարչապետի մամուլի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին՝ ճշտելու, թե արդյոք եղել է նման հանդիպում, եւ արդյոք այն, ինչ ասում է պարոն Սարգսյանը, համապատասխանում է իրականությանը: Չգիտես ինչու, Վ. Կարապետյանը բավականին ցավոտ ընդունեց հարցը՝ մեզ ասելով, որ խելքը գլխին հարցեր տանք: Այնուամենայնիվ, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ դա անհեթեթություն է եւ իրականության հետ աղերս չունի»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-ում աշխատող լրագրողներն գործում են բավականին բարդ պայմաններում. հարցերին պատասխանելուց խուսափող իմքայլականներին երբեմն գումարվում են ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի անպատրաստ, իրենց գիտելիքների վրա անվստահ պատգամավորները։ Մեկ տարուց ավելի գործող ԱԺ-ն չունի մամլո խոսնակ, եւ ցանկացած հարց մնում է առկախ, օդում` հասցեատեր չունենալու պատճառով։ Չե՞ք կարծում, որ խորհրդարանական երկրում ԱԺ աշխատանքն առանց մամլո խոսնակի նոնսենս է, երբեք այսպիսի բան չի եղել, պատահաբար Դո՞ւք չեք այն անձը, որին կարող ենք ուղղել մեզ հետաքրքրող հարցերը՝ դիմեցինք Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին։ «Ես չեմ, նման պարտականություն ինձ վրա դրված չէ։ Կլինի մամուլի հետ կապերի վարչության պետի մրցույթ, ընտրվելուց հետո ձեզ հետ աշխատող կլինի»: Ե՞րբ կլինի մրցույթը, մեկ տարի է՝ պարապուրդ է։ «ԱԺ աշխատակազմում կատարվում են կառուցվածքային փոփոխություններ, եւ մրցույթը շուտով կլինի»: Ի դեպ, Դուք ստատուս գրեցիք` ԲՀԿ-ին ուղղված, որ «պետք է դաս քաղեն» օրենքով գողերի մասին սպասվող քննարկումից, կարծում եք ընդունելի՞ է, որ Արարատ Միրզոյանի օգնականն այդպիսի տոնով խոսի ԱԺ ֆրակցիաներից մեկի հետ։ «Ես կարծում եմ, որ մեր քաղաքական թիմում կա կոնսենսուս, որ օրենքով գողերի դեմ պետք է պայքար մղել»»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է ոչ միայն մեր երկրի բարեփոխումների օրակարգը, այլեւ մասնակցությունը տարածաշրջանային անվտանգության հարցերում, ինչը շատ կարեւոր է այսօր ընթացող թուրք-ամերիկյան եւ ռուս-թուրքական բանակցությունների համապատկերում: ԱՄՆ աջակցությունն այս տարի 40 տոկոսով կավելանա, ինչը գնահատել է հայկական կողմը: Դանդաղ, սակայն դրական միտումով են առաջ գնում նաեւ ԵՄ-ՀՀ հարաբերությունները: Օրերս Երեւանում էր ԵՄ Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արեւելյան գործընկերության, ՌԴ, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինը: Նա գնահատելով ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի իրականացման գործընթացը, նշեց, որ «Ճանապարհային քարտեզը լավ բան է, դրա իրականացումն էլ ավելի լավ»: Եվ հավելեց, որ այն ամենն, ինչ ունեն, գրանցում են թղթին, որը հնարավորություն է տալիս սահմանելու գերակայություններ, քանզի հնարավոր չէ բոլոր 200 գործողությունները միանգամից իրականացնել։ ՀՀ հարաբերությունները ՌԴ հետ եւս զարգացում են ապրում, ինչը շարունակական է ինչպես բուն ռուսական կողմի հետ հարաբերություններում, այնպես էլ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում: Բայց թյուրքական վտանգը կա եւ այն ուռճացված չէ: Պարզվում է՝ Թուրքիան ծրագրել էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որն ըստ շվեդական «Nordic Monitor» կայքի, ներկայացրել է դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրել են գործողությունները: Շվեդական կայքը նշել է, որ ներքին փաստաթուղթը հանձնվել է Գլխավոր շտաբին, որի պատճենն էլ ձեռք է բերվել «Nordic Monitor»-ի կողմից…»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, անհանգստացած լինելով ներկայումս քաղաքական դաշտում տեղի ունեցող ակտիվ գործընթացներից ու վերադասավորումներից, ձեռնամուխ են եղել նոր մարտավարության։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում, ի հակակշիռ ընդհանուր ընդդիմադիր ճամբարում նկատվող ակտիվ զարգացումների ու մասնավորաբար «Վերնատուն» հասարակական եւ քաղաքական ակումբի եւ այլ նոր ուժերի հայտնվելու, ինչպես նաեւ հաշվի առնելով իշխանությունների՝ գնալով ավելի ու ավելի նվազող վարկանիշը, վերջիններիս կողմից որոշում է կայացվել «իրենց դաշտում» գործող ուժերի շրջանում որոշակի քաղաքական մոբիլիզացիա սկսել։ Մեր աղբյուրների պնդմամբ, նախատեսվում է, որ իշխանության մերձակա եւ սատելիտ հասարակական ու քաղաքական շրջանակները կներառվեն այս համախմբման մեջ։ Իշխանությունների հետ համապատասխան համաձայնություն ձեռք բերելուց հետո ներկայումս հիշյալ շրջանակի ներկայացուցիչները լծվել են այս թեման «ռասկրուտկա» անելու գործին եւ տարբեր հարցազրույցներում ու քննարկումների ժամանակ առաջ են քաշում կոնսոլիդացիայի գաղափարը։ Ավելին՝ որոշ պատգամավորներ իրենց հռետորաբանության մեջ արդեն ակնարկում են իշխանությանը սատարելու եւ նրա շուրջ լայն համախմբում իրականացնելու գաղափարը»:


«Իրատես» թերթը գրում է. «Այսօր հավանաբար հասարակության տարանջատումն ավելի մեծ է, քան 1,5 տարի առաջ, որովհետեւ իշխանափոխության օրերին «սեւերը» հատուկենտ էին, իմա՝ նախկին իշխանության ներկայացուցիչները եւ նրանց մերձավորները, իսկ «սպիտակները»՝ մի ողջ ժողովուրդ։ Կամաց-կամաց այս անհավասարակշռությունը վերացավ, ավելին, շատերը սկսեցին բողոքել, ընդդիմանալ օրվա իշխանությանն ու մեխանիկորեն տեղափոխվեցին «սեւերի» դաշտ՝ բացարձակ նախկինների հետ կապ անգամ չունենալով։ Եվ խնդիրն ամենեւին այն չէ, որ նախորդներն ավելի լավն էին, քան նորերը։ Ամեն մեկը սեփական «արատն» ունի։ Բայց այս ամենում էականն այն է, որ իշխանությունը կորցնում է իր հեղինակությունն ու վտահությունը ոչ թե այն պատճառով, որ ոչ ամբոխահաճո որոշումներ է կայացնում, արմատական փոփոխությունների է գնում, որոնք գուցե առաջին փուլում ցավոտ են, այլ ընդհանրապես արմատական ոչ մի քայլ չի անում, էական ոչ մի որոշում չի կայացնում։


Ոչինչ չանելով, վարկանիշ է կորցնում։ Սա դեռ մի կողմից, մյուս կողմից ամեն օր անպատասխանատու հայտարարություններ, «փուչիկ» թվեր, երբեմն զավեշտի հասնող հրահանգներ, տնտեսական ոչ մի բեկումնային, հեղափոխական փոփոխություն։ Ահա այս ամենի ֆոնին օր օրի անկում է ապրում իշխանության վարկանիշը, ու թեւ են առնում «քնած» ընդդիմադիրները։ Իսկ իշխանությունից դժգոհող հատվածը շվարած է մնացել, նախկինների ու նորերի մեջտեղում է հայտնվել։ Չի ուզում նախկիններին, նորերից էլ է հիասթափված։ Աջ են գնում՝ նախկինների արատավոր բարքերն են, ձախ են գնում՝ պարզվում է, «հեղափոխականներն» էլ պակաս արատավոր չեն։ Ի դեպ, մեջտեղում հայտնվածները, թերեւս, հանրության ամենազգալի զանգվածն է։ Ստեղծվել է պարարտ հող իրական ընդդիմության համար, որը կլինի ոչ պոպուլիստ, ինչպես նորերը, ոչ կոռուպացված, ինչպես նախկինները։ Սակայն այս նոր ուժի մեջ պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք վստահելի եւ ընդունելի են հանրության համար, նրանց թիկունքում չեն տեսնի այս կամ այն հայտնի դեմքի «ականջները»։ Այս պահին, համենայն դեպս, այդպիսի ընդդիմադիր ուժի ծիլերն անգամ չեն երեւում, սակայն քաղաքականությունում ոչինչ հնարավոր չէ բացառել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել, քանի որ նա ՀՔԾ-ի սահմանած 48 ժամվա ընթացքում չի ներկայացել հարցաքննության։ Խոսքը Մարտի 1-ի գործով նրան առաջադրված մեղադրանքի մասին է։ Կոստանյանը հայտարարել էր, որ դասախոսում է Մոսկվայում եւ կգա ուսումնական պրոցեսի ավարտից հետո։ Երեկ նա մեզ ասաց, որ իրեն չի զարմացնում ՀՔԾ-ի որոշումը․ «Բայց մի էական տարբերություն կա՝ իրենք մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, բայց ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական»։ Այդուհանդերձ, պատրաստվո՞ւմ է վերադառնալ Հայաստան։ «Ես միանշանակ պատրաստակամություն հայտնել էի եւ ասել էի՝ երբ եմ վերադառնալու, բայց իրենց նպատակը մեկն է՝ իրենք ամեն ինչ անում են, որ ես չվերադառնամ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` գլխավոր դատախազությունում լուրջ աղմուկ է հասունանում: Դատախազները, լավ գիտակցելով, որ էթիկայի կանոն խախտելով` հնարավոր է կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, այնուամենայնիվ չեն պատրաստվում լռել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, նրան «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու առնչությամբ: ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը, որը «Մարտի 1»-ի գործով դատախազական խմբի ղեկավարն է եղել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել է. «2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ օրս աշխատել է 3 գլխավոր դատախազ։ Իմ կարծիքով` Գեւորգ Կոստանյանը եղել է այն գլխավոր դատախազը, որը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները… Նրա հանձնարարությամբ են 10 զոհերի մահվան դեպքերով գործից առանձին վարույթներ առանձնացվել եւ յուրաքանչյուր վարույթով առանձին դատախազի ու քննիչի հանձնարարվել է առավել մանրամասն ուսումնասիրել եւ բացահայտել մահվան հանգամանքները»:  Կոստանյանին զորակցող գրառում է արել դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ Սաքունցի վանաձորյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչը, վանաձորցի Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է։ Հենց դրանով է պայմանավորված սորոսական թեւի հաղթանակը նման կարեւորագույն պոստում: Ասում են` Հայկուհին վաղուց գիտեր, որ ինքն է ղեկավարելու հանձնաժողովը, այդ պատճառով էլ էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանի նկատմամբ սկսել էր իրեն ոչ ճիշտե պահել։ Ս. Սահակյանի բավականին բարձր ռեյտինգ ունեցող ՀԿ-ն ժառանգած Հարությունյանը Սիրանույշի համանախագահությամբ ստեղծված, «Իրավական ուղի» ՀԿ-ի որեւէ հայտարարության չէր միանում, որպեսզի չասոցացվի ընդդիմադիր Սիրանույշ Սահակյանի հետ: Ի դեպ, մինչ այդ էլ Մարուքյանը փորձել էր նրան դարձնել ԲԴԽ անդամ»:


«Փաստ» թերթը գրում է. «Նորից քննադատությունների թիրախում է հայտնվել առողջապահության նախա­րար Արսեն Թորոսյանը: Տպավորություն կա, որ այս իշխանության մեջ որոշ պաշ­տոնյաներ, այդ թվում՝ Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և այլք, «պատմությունների» մեջ հայտնվելու «մշտական» ունեն: Հերթական թեման կապված է առողջության համապարփակ ապահովագրության հետ: Ըստ նախագծի՝ առողջապահական հարկատեսակի չափը պետք է սահմանվի 6 %: «Փաստ» օրաթեր­թի հետ զրույցում մասնագետները կարծիք էին հայտնում, որ հարկատեսակը փաս­տացի խախտում է սոցիալական արդարու­թյան տրամաբանությունը: Թերթի տեղեկություններով, այս թեմայով առաջիկայում նախատեսվում է անցկացնել նաև խորհրդարանական լսումներ: Ոլորտի փորձագետների դիտարկմամբ, առողջա­պահական համակարգը ներկայումս պատ­րաստ չէ այս փոփոխությանը, եթե նույնիսկ նշյալ տոկոսադրույքը նվազեցվի: Ավելին՝ կան կարծիքներ, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ուշագրավ է, որ նախկինում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը և աշխատավար­ձից 5 տոկոս գանձումը «թալան համարող­ներն» այսօր հանրությանը համոզում են, որ մեր աշխատավարձից այլոց համար 6 տո­կոսը գանձելը «հոգատարություն» է: Ի դեպ, կոռուպցիոն ռիսկերի մասին երեկ բարձրաձայնեց նույնիսկ Թորոսյանի թիմա­կից պատգամավորներից մեկը, այս անգամ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագ­ծի՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Առաջին ընթերցման քննարկ­ման ժամանակ էլ քաղաքական մեծամասնությունը միակամ չէր այս հարցում՝ դարձյալ շեշտելով կոռուպցիոն ռիսկերի առկայությու­նը: Իսկ երեկ Թորոսյանին նույնիսկ հիշեցրին ոչ վաղ անցյալի սկանդալներից մեկը. «Ես հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ձեր փոխնախարարն արդեն մեղադրվել է կոռուպցիոն ռիսկի մեջ»,- նշեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը Արցախի «Վալեքս գարդեն» հյուրանոցի սրահում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը` գարնանային ընտրություններին ընդառաջ։ Կուսակցությունը կհայտարարի ընտրություններին մասնակցելու եւ գեներալ Վիտալի Բալասանյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին: Նույն օրը համագումար կանի նաեւ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը․ նրանք էլ Ղուլյանին կհայտարարեն թեկնածու: «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանին հարցրինք` ովքե՞ր են հարում կուսակցությանը։ «Փազլը շատ մեծ, բազմաշերտ է»: Ինչո՞վ է բացատրվում անկուսակցական Բալասանյանին առաջադրելը։ «Արցախի անվտանգային խնդիրներով, մարտահրավերներով։ Գտնում ենք, որ Արցախի նախագահն այսօր, երբ երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում, ռազմաքաղաքական վեկտորի ներկայացուցիչ պետք է լինի»: Խոսակցություն կա, որ եթե մեկ այլ կոնսենսուսային թեկնածու լինի, Բալասանյանը կաջակցի նրան․ գնալու եք մինչեւ վե՞րջ։ «Այլ մտադրություն, բացի մինչեւ վերջ գնալուց, չունենք»: Ո՞ւմ եք մրցակից համարում։ «Վիտալի Բալասանյանին մրցակից, թող բարձր չհնչի, այս պահին չենք տեսնում»:


«Իրատես» թերթը գրում է. «Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ֆոնին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Երեք ամենաակտիվ ու գործունյա կուսակցություններից «Ազատ Հայրենիքը», որի նախագահը նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանն է, արդեն համագումար է արել ու հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունը՝ «Արցախի ժողովրդավարականը», համագումար նոյեմբերի 30-ին կանի, ՀՅԴ-ի համաժողովը դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա: Թեեւ դեռ վերջնական չէ, թե հայաստանյան իշխանություններն ում են աջակցելու ու «դաբրո տալու» նախագահական ընտրությունների ժամանակ, բայց բոլոր սլաքները Արայիկ Հարությունյանի վրա են: «Նախ ԱԺ նրանց խմբակցությունը վերջերս հանդիպում ունեցավ անձամբ Նիկոլ Փաշինյանի, ապա Հայաստանի խորհրդարանի երեք ֆրակցիաների հետ։ Իսկ մի քանի օր անց նրանք հանդիպել են Ստեփանակերտում՝ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հարսանիքի ժամանակ եւ դրա հաջորդ օրը: Փաշինյանը, կարծես թե, հակված է հենց նրա թեկնածությանը, չնայած իմքայլականները խիստ տարակարծիք են այդ հարցի շուրջ: Թեեւ Աշոտ Ղուլյանն այս պահին ակտիվություն չի դրսեւորում, բայց նա նույնպես լուրջ ֆիգուր կարող է դառնալ՝ իհարկե որոշ այլ ուժերի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը: Նա մանրամասնեց, որ համագործակցության եզրեր են փնտրում Արցախի ՀՅԴ-ի կառույցը, Աշոտ Ղուլյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Այս պահին փորձում են հասկանալ՝ ինչ ձեւաչափով ու անգամ ցուցակով կարող են մասնակցել: «ՀՅԴ-ն հակված է ընտրություններին մասնակցելու առանձին իր ցուցակով, Մասիս Մայիլյանն էլ կուսակցական չէ, հետեւին կանգնած քաղաքական ուժ չունի, հետեւաբար հավանական է, որ ոչ թե միասնական կամ դաշինքի տարբերակով մասնակցեն, այլ համաձայնեցված ցուցակով: Թե ով ինչ պաշտոնի կհավակնի կամ ինչ պայմանավորվածություններ կլինեն, դեռ վաղ է ասել: Բայց այն, որ Աշոտ Ղուլյանը հակված է շարունակելու պաշտոնավարումը որպես ԱԺ խոսնակ, կասկածից վեր է»,- ընդգծեց մեր աղբյուրը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 23-ին կայանալու է ՀՖՖ ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվելու է նոր գործկոմ եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ: Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ նախագահի ամենահավանանական թեկնածուն Լոռի ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Թովմաս Գրիգորյանն է: Գրիգորյանը հանդիսանում է ֆուտբոլային մարդ, տարիներ շարունակ եղել է ոլորտում ու ընդունելի մարդ է: Ավելին՝ վերջինս հասցրել է հանդիպումներ ունեցել հայկական ակումբների զգալի մասի ներկայացուցիչների հետ, ովքեր վերջինիս աջակցելու նախապայման են առաջադրել Լոռի ֆուտբոլային ակումբը վաճառելը, այս պայմանի հետ Թովմաս Գրիգորյանն արդեն համաձայնել է ու կարծես թե բավարարում է բոլոր կողմերին: Մեր աղբյուները պնդում են նաեւ, որ ֆուտբոլային աշխարհի ներայացուցիչների մեծ մասի թեկնածությունը կանգնել է Գրիգորյանի վրա, քանզի ֆուտբոլային եւ ֆինանսապես կայացած մարդ լինելուց զատ՝ Գրիգորյանը լավ հարաբերություններ ունի իշխանության տարբեր թեւերի հետ, իսկ դա կարեւոր հանգամանք է, քանզի ֆուտբոլայն գործունեությունը ենթադրում է անընդհատ շփումներ ու օպերատիվ լուծում պահանջող հարցեր սկսած արտգործնախարարության վերջացրած տեղական իշխանությունների մակարդակներում: Թույլ ու կապեր չունեցող մարդը ֆեդերցիայի նախագահ չի կարող լինել, ինչքան էլ սիրուն-սիրուն խոսի, հավելեց մեր զրուցակիցներից մեկը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Վիրջինիա նահանգում կալանավորվել է դաշնակցական երգիչ Գառնիկ Սարգսյանը: Վերջինս մեղադրվում է թմրամիջոցների, մասնավորապես՝ կոկաինի ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մեջ: Ըստ մեր աղբյուրի՝ երգիչ Սարգսյանը իր վարած բեռնատարի խցիկում թաքցրել է կոկաին եւ փորձել է Կալիֆոռնիայից Վիրջինիա տեղափոխել: Ծագումով լիբանանահայ, առաջին լիբանանյան պատերազմի ժամանակ ԱՄՆ գաղթած երգիչ Գառնիկ Սարգսյանը համարվում է Դաշնակցության ոգին, քանի որ հենց նրա երգերի ներքո էին ընթանում Դաշնակցության բոլոր հավաքները ԱՄՆ-ից մինչեւ Լիբանան, Լոս Անջելեսից մինչեւ Բուջ Համուտ: Հիմա էլ ո՞վ է երգելու «Վեհ գաղափար Դաշնակցության»: