27.11.2024
Վրաստանում Հայաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Վրաստանը Ջավախքում պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնեն

Տասը տարիների ընթացքում թուրքերն ու ադրբեջանցիները հնարավորություն ունեցան այնպես իրենց ցանցը ստեղծել, որից դուրս գալը մեծ խնդիր է Վրաստանի իշխանությունների համար: Ներդրումների հետ խնդիրներ ունենք: Ջավախքում կազինոներ են կառուցվում, որի փոխարեն կարող էին վերամշակող ձեռնարկություններ կառուցել, մեզ հասած տեղեկություններով ստվերային հասարակաց տներ կան, և այս խաղատների, ստվերային հասարակաց տների հաճախորդները հարևան շրջանների թուրքերն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով ջավախքցի Շիրակ Թորոսյանը:


Թուրք-ադրբեջանական տանդեմը տնտեսական էքսպանսիան օգտագործում է, որպես հիմք դեմոգրաֆիական էքսպանսիա իրականացնելու համար ու թյուրքական, մահմեդական գործոնը ցանկանում է ուժեղացնել Վրաստանում՝ դրանով միանգամից մի քանի թիրախ խոցելով:


Տնտեսական էքսպանսիան Անկարան և Բաքուն Վրաստանում իրականացրել են 10-15 տարվա ընթացքում՝ վրացական տարածքով կառուցելով նավթագազամուղեր, տրանսպորտային, էներգետիկ լոգիստիկա: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցքում Վրաստանին վերապահված է լոգիստիկ միջանցքի դերակատարում:

Պանթուրքիստական ծրագրերի կյանքի կոչման համար Անկարան ու Բաքուն ուժեղացնում են իրենց ներկայությունը Հարավային Կովկասում չունենալով անմիջական սահման՝ չհաշված Նախիջևանի փոքրիկ հատվածը: Թուրքիան ու Ադրբեջանը վրացական տարածքն օգտագործում են, որպես թյուրքական աշխարհը միավորող կամուրջ՝ այդ թվում տնտեսական հենք ստեղծելով տեղի ադրբեջանցիների, թուրքերի, մահմեդականների համար, որպեսզի նրանք ներգրավվեն այդ նախագծերում և չհեռանան՝ չարտագաղթեն այլ երկրներ:


Դեմոգրաֆիկ իմաստով Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են փոխել Ջավախքի էթնիկ-կրոնական դեմքն ու դրան հասնելու համար օգտագործում են ներդրումները, որպեսզի Ջավախքում տնտեսական նախագծերի կյանքի կոչման պատրվակով այդ տարածաշրջան տեղափոխվեն թուրք և ադրբեջանցի շինարարներ, գործարարներ և այլն, որոնք ապագայում կարող են բնակվել այդ շրջանում և չհեռանալ: Թուրքիայի համար Ջավախքը սահմանակից տարածաշրջան է և դարպաս է դեպի Վրաստան և Ադրբեջան, այդ պատճառով այդ տարածաշրջանից հայերի արտագաղթը ձեռնտու է նրանց, քանի որ թուլանում է հայկական ներկայությունն ու հայերի զսպող գործոնը՝ պանթուրքիզմի ճանապարհին:


Վրաստանն ու Հայաստանը, գիտակցելով պանթուրքիստական ծրագրերի իրական վտանգն ազգային անվտանգության և շահերի համար, պետք է զարկ տան Ջավախքի տնտեսական զարգացմանը կամ տնտեսական հեղափոխության, ինչի մասին այդքան շատ բարձրաձայնում են ՀՀ այսօրվա իշխանություններն, և իրականացնեն այն Ջավախքում Վրաստանի գործարարների հետ համատեղ:


Թբիլիսիին ձեռնտու չէ Ջավախքի թուրքացումը, քանի որ դա ստեղծելու է թուրքական միջանցք, որը ձգվելու է Թուրքիայի սահմանից, Ջավախքով, հասնելով ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի: Վրաստանը պետք է ՀՀ բիզնես շրջանակների ու Ջավախքից ազգությամբ հայ գործարարների հետ համատեղ Ջավախքում իրականացնեն մեծածավալ ներդրումներ՝ ստեղծելով աշխատատեղեր, գործարաններ, լոգիստիկա, որպեսզի կանխեն Ջավախքի հայաթափումը:


Թուրքիան և Ադրբեջանը միասին ունեն հսկայական ֆինանսական, ներդրումային ռեսուրսներ և եթե Թբիլիսին ու Երևանը ցանկանում են պահպանել Ջավախքը հայաբնակ, ապա պետք է հայ-վրացական ներդրումային և ֆինանսական հիմնական հոսքերն ուղղվեն Ջավախք:


Այնտեղ վակուումի պարագայում այդ բացը լրացնելու են թուրք-ադրբեջանական ներդրումները, որոնք իրենց հետևից բերելու են դեմոգրաֆիկ ու գեոպոլիտիկ հետևանքներ՝պանթուրքիզմի ռազմավարության շրջանակներում: