ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է ՔԿ
ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է քննչական կոմիտե: Ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում հայտնել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հոկտեմբերի 26-ին հարուցված վերոհիշյալ գործը, քրեադատավարական նորմերի խստիվ պահպանմամբ, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նոյեմբերի 12-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։
Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր է բացահայտել:
ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում են կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին: