22.11.2024
Սորոսի գրասենյակը վտանգ է պարունակում Հայաստանի համար. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը տեղ չթողեց Գագիկ Ծառուկյանին՝ դիմակայությունը շարունակվում է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրպարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կանչել են Մոսկվա, այսպես ասած, ընդդիմադիր ինստրուկտաժի համար: Ծառուկյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Եդինայա Ռոսիայի» պատգամավորների հետ: Մինչ նա Մոսկվայում էր, Երեւանում նրա խոսնակ, ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն չի միանա Վազգեն Մանուկյանի «Վերնատանը», քանի որ ունի իր սեփական օրակարգը: ԲՀԿ-ն անշուշտ հասկանում է, որ «Վերնատանը» միանալը նշանակելու է «ձուլվել», իսկ կուսակցությունը հավակնում է լինել Հայաստանում իշխանության գլխավոր այլընտրանքը կամ ընդդիմության առաջատարը: Ընդ որում, այդ հարցում, իհարկե, ԲՀԿ համար գլխավոր մրցակիցը «Վերնատունը» չէ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ «Վերնատունը», մեծ հաշվով, ընդամենը հավաքատեղի է, որտեղ հենց միմյանց միջեւ դիրքային պայքար են մղելու ամենատարբեր ուժեր: ԲՀԿ գլխավոր մրցակիցը, դատելով նաեւ Սերժ Սարգսյանի ԵԺԿ համագումարում ունեցած ելույթից՝ ՀՀԿ-ն է:


Այլ կերպ ասած, ԲՀԿ-ՀՀԿ դիմակայությունը շարունակվելու է նաեւ հեղափոխությունից հետո: Ընդ որում, դրա առաջին արարին հանրությունն ականատես եղավ դեռեւս առաջին շաբաթներին, երբ դեռեւս ՀՀԿ գերիշխող դիրքով խորհրդարանը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այդ քննարկումներում ԲՀԿ-ն հեղափոխությունը պաշտպանում էր ՀՀԿ-ից ավելի, քան կաներ «Քաղաքացիական պայմանագիրը»: Մեծ հավանականությամբ, առաջիկայում սպասվում է երկրորդ եւ, ըստ ամենայնի, ավելի երկար արար, որտեղ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կփորձեն պարզել հարաբերություններ ընդդիմության առաջատարի համար պայքարում: Իհարկե, դա չի լինի ներքաղաքական կյանքի գլխավոր դիմակայությունը, սակայն կլինի հիմնական «մենամարտերից» մեկը, ընդ որում՝ բավականին նկատելի ընդգծվող նաեւ արտաքին քաղաքական վեկտորալ տարբերությամբ: Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարին մասնակցությամբ ու ելույթով որեւէ այլ ուժի՝ իշխանությունից բացի, իհարկե, գործնականում տեղ չթողեց Հայաստանի ներքին կյանքում եվրոպական ուղղության վրա խաղալու համար: Ավելին, Գագիկ Ծառուկյանը, թերեւս, ավելի մղվեց դեպի Ռուսաստան: Մի բան, որ Ծառուկյանը այդքան էլ չէր ցանկանա՝ ունենալով թե 2014-15-ի հայտնի փորձը եւ, թերեւս, ոչ քաղցր փորձը, եւ միաժամանակ պատկերացնելով, որ Ռուսաստանից կարող են մղել դեպի Ռոբերտ Քոչարյան»:


«Իրատես» թերթը գրում է. «Այսօր քաղաքական օրակարգի պահանջ է դարձել ընդդիմադիր լուրջ բեւեռի ստեղծումը։ Քանի դեռ իշխանությանը հակընդդեմ ուժ չի ձեւավորվել, որը հակակշիռ կդառնա, կարող ենք մոռանալ երկրի զարգացման մասին։ Այսօր Նիկոլ Փաշինյանը սխալները սխալների հետեւից է անում։ Արդյունավետ կառավարում չկա նաեւ այն պատճառով, որ Փաշինյանը թիկունքում չունի ընդդիմադիր հզոր ուժ, որը նրան միշտ զգոն է պահելու։ Նա, այսպես ասած, «արխային» է, քանի որ գիտի, որ հասարակությունն իրեն այլընտրանք չի տեսնում, չկա որեւէ ուժ, որով կցանկանան իրեն փոխարինել։ Ավելին, եթե նրա ընդդիմախոսներն էլ նախկին իշխանություններն են ու նրանց հետ կապակցված անձինք, Նիկոլ Փաշինյանը էլ ավելի հանգիստ կարող է լինել, քանի որ ժողովուրդը նախկին նախագահների դեմքով քաղաքական ուժերին դեռ չի ընդունում։ Այսինքն, Փաշինյանը շահեկան վիճակում է, եթե նրան ընդդիմություն են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կամ նրանց հետ նույնացվող անձինք։ Անկախ վերջիներիս ինտելեկտուալ մակարդակից, պատրաստվածությունից ու զարգացածությունից այս պահին նման ընդդիմությունը հասարակությանը մերժելի է։ 


Այս իրավիճակում կամ պետք է թարմ ուժեր ստեղծվեն ու ասպարեզ գան (զերծ նախկինների «պիտակից»), կամ Փաշինյանի հանդեպ վստահությունը հասնի զրոյական մակարդակի, երբ ցանկացած ուժ՝ նախկին կամ ներկա, հեշտությամբ կտապալի նրան։ Անշուշտ, բավական հարաբերական է «թարմ ուժ» ասածը, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորի հետ կապեր ունեն եւ ինչ-որ ժամանակ համագործակցել են։ Այս իրավիճակում պեղել ու գտնել «մաքրամաքուր» քաղաքական դեմքեր, որոնք ոչ մի առումով խոցելի չեն, գրեթե անհնար է։ Առնվազն պետք է ունենալ այսօրվա իշխանության կադրերից, որոնք ոչ ճանապարհ են անցել, ոչ կառավարել գիտեն, ոչ հասկանում են, թե ինչ կարգավիճակ են զբաղեցնում, ոչ էլ երկրին ու պետությանն են պիտանի։ Այսինքն, նրանց քաղաքական գործիչ համարելը մեծ սխալ կլինի։ Բավական բարդ գործ է հայաստանյան այսօրվա իրականությունում գտնել իսկական քաղաքական դեմքերի, որոնց շուրջ կարելի է ձեւավորել հանրության վստահությունը վայելող ընդդիմադիր բեւեռ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռուստահարցազրույցի անոնսը կտրուկ արագացրեց պրոցեսները։ Եթե նախկինում հատուկենտ իշխանականներ էին պահանջում նրա հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից, ապա երեկ ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը հրավիրվեց հենց այդ հարցով։ Վանեցյանը պայման էր դրել՝ հրաժարական տալիս ենք բոլորս։ Մի քանի ժամ տեւած նիստից հետո նա հայտարարեց, որ դիմում է գրել, իսկ գործկոմը հրաժարական կտա դեկտեմբերի 23-ին՝ ակումբների ժողովի ժամանակ, երբ կընտրվի նոր գործկոմ։ «Ես իմ ընտրության օրը լրագրողների ներկայությամբ հայտարարել եմ, որ երկար ժամանակով չեմ եկել ֆեդերացիա, 1 տարին լրացել է, եւ ես կարծում եմ, որ մենք, ես՝ որպես նախագահ, գործկոմի անդամները կատարել են իրենց առաքելությունը, եւ այսօր մենք ունեցել ենք կոնսենսուսային որոշում եւ հայտարարել ենք մեր հրաժարականների մասին»։ Այսուհետ, փաստորեն, Արթուր Վանեցյանին ոչինչ չի խանգարում քաղաքականություն մտնելու»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Զագրեբում ԵԺԿ համագումարին ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որոշակի գնահատականներ հնչեցնելով Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, բացի այս հրապարակային ելույթից, Սերժ Սարգսյանն ունեցել է նաեւ մասնավոր հանդիպումներ ու զրույցներ, որտեղ ավելի շատ փակագծեր է բացել հայաստանյան իրականության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված ռիսկերի ու Արցախի խնդրի վերաբերյալ։ Թերթն այս տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Զագրեբում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որը հաստատել է մեր տեղեկությունները՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ համագումարին չի սահմանափակվել միայն հանրային ելույթով, այլ իր մեջ ներառել է տարբեր աշխատանքային քննարկումներ, մասնավոր հանդիպումներ եւ գործնական խոսակցություններ՝ կապված Հայաստանի, մեր տարածաշրջանի եւ գլոբալ խնդիրների շուրջ։ Թերթը տեղեկություններ ունի նաեւ այն մասին, որ Զագրեբի ելույթը նախատեսված էր եվրոպական պաշտոնական շրջանակների համար, թեպետ իր մեջ ներառում էր նաեւ ներքին լսարանին հետաքրքրող որոշակի բաղադրիչներ։ Ըստ այդմ, տեղեկությունների համաձայն, մեր հանրության հետ զրույցը, որը խոստացել է Սերժ Սարգսյանը, նոր է լինելու. այսինքն, հիմնական ելույթն ու ասելիքը դեռ առջեւում են»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՖՖ գործկոմի նիստն ամենեւին էլ հաշտ ու համերաշխ չի անցել, հենց սկզբից է նիստը լարված սկսվել: Գործկոմի կազմը ուղիղ երկու կեսի է բաժանվել՝ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք համատեղությամբ նաեւ ՀՖՖ գործկոմի անդամներ են, մյուս թեւում էլ՝ Արթուր Վանեցյանն ու գործկոմի մյուս ներկայացուցիչները: Իշխանականները խիստ մարտական են եկել նիստին ու սկզբից եւեթ «ատամ ցույց տվել» Վանեցյանին: Բայց Վանեցյանն էլ իր հերթին իրեն «անատամ» չի պահել` շեշտելով, որ չփորձեն ինչ-որ ճնշումների միջոցով իր հրաժարականին հասնել. եթե հրաժարվի, ապա կանի բացառապես հենց իր ցանկությամբ: Գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանն անցել է «ախպեր ջան» դիմելաձեւին: Գործկոմի անդամների հրաժարականի հարցը քննարկելիս Ռուբինյանը դիմել է Վանեցյանին. «Դու էլ պիտի հեռանաս, ախպե՛ր ջան»: Վանեցյանն ասել է` ինքնակամ հրաժարական կտա, եթե գործկոմից մյուսներն էլ հեռանան: Մոտ 3 ժամ բանակցելուց հետո են միայն որոշել, որ բոլորն էլ կհեռանան: Իշխանական թեւից Վանեցյանին առաջարկել են հուշել, թե հայտարարության ինչ տեքստով ինքը կհեռանա, եւ 1,5 ժամ միայն աշխատել են այդ տեքստի վրա:


Հենրիխ Մխիթարյանի՝ գործկոմը ներկայացնող մայրը՝ Մարինա Թաշչյանը, նախատել է նիստի մասնակիցներին` շեշտելով. «Դուք ֆուտբոլ չեք սիրում, չեք ապրում ֆուտբոլով, ընդամենը քաղաքական հրահանգով դուրս եք եկել Վանեցյանի դեմ: Պետք չէր այս հարցն այսքան քաղաքականացնել»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նիստի ընդմիջմանը իշխանական թեւը փորձել է Վանեցյանից պարզել, թե հրաժարականից հետո ինչով է զբաղվելու: Վանեցյանն էլ պատասխանել է. «Ինչով կուզեմ, դրանով էլ կզբաղվեմ»: Իշխանականները փորձել են վարչապետ Փաշինյանի անունից Վանեցյանին հասկացնել, թե պետք չէ քաղաքականությամբ զբաղվել: Իշխանականները նաեւ ակնարկել են, թե իրենց առաջնորդին նա մենակ թողեց, Վանեցյանն էլ հակադարձել է, որ վարչապետն է իր հետ վատ վարվել: Ինչեւէ, Արթուր Վանեցյանը հեռանալուց առաջ հայտարարել է. «Ես եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել թողնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որովհետեւ ինչ-որ մեկը պետք է վերցներ պատասխանատվությունը այն պարտության, որ մենք կրեցինք Իտալիայի հավաքականից։ Ես այդ պատասխանատվությունը վերցրեցի իմ վրա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ նախօրեին վարչապետ Փաշինյանի հանդիպման սկանդալային ընթացքի, Բաքվի հատուկ ծառայությունից վիդեոբլոգեր ներկայացածի` եկեղեցի մուտք գործելու եւ ՀՀ վարչապետին հարցեր ուղղելու հնարավորության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի «Կրակեմ Հրաչի» հետ: «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը` «Մտահոգիչ չէ՞, որ ադրբեջանցին կարողացել է մուտք գործել, կարող էր ահաբեկիչ լինել, այստեղ չկա՞ ԱԱԾ եւ ՊՊԾ աշխատակիցների թերացումը», Հ. Հարությունյանը պատասխանել է` եթե փակ հանդիպում է եղել, եւ ադրբեջանցին ներս է մտել, ապա բացթողում է, իսկ եթե հանդիպումը բաց է եղել, ոչինչ: «Այնտեղ իրեն նորմալ տղերք են պահողները, իրենց գործի լավ մասնագետներն են, դա մեկ, երկրորդն էլ, որ Դուք վիդեոն ուշադիր նայեք, կտեսնեք, թե իր թիկունքում անմիջապես ով է կանգնած: Մեր աշխատողն է կանգնած, որը ամեն վայրկյան կարող էր վզից բռնել ու դուրս շպրտել, եթե վարչապետի կոչը չլիներ, որ, հանգստացեք, բան, հանգիստ կարող էին բռնել դուրս շպրտեին»,- ասել է ՊՊԾ նախկին պետը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են` Օվերտոնի բոլոր կարգի պատուհանները բաց պահելու, հասարակության միտքն անվերջ իր վրա սեւեռելու համար: Վերջինիս դրսի «հայրերը» հրահանգել են` միայն չլռել, թույլատրելի է լինել խեղկատակ, ստրուկ, բռնակալ` ամեն բան, ընդհուպ` գեոքաղաքական ոլորտում, ի անհրաժեշտություն` հավիտենական սիրո խոստումներ տալ Ռուսաստանին, ժամանակ շահել, միայն թե չլռել, ժամանակ շահել: «Ժամանակն» առչնվում է Իրանի շուրջ սպասվող զարգացումներին, արցախյան նախագահական ընտրություններին, որոնց արդյունքներով հնարավոր կլինի կյանքի կոչել Մեծ Մերձավոր Արեւելք մարշալ-պլանի հայաստանա-ղարաբաղյան բաղկացուցիչը: Այդ է պատճառը, որ իրենց ընտանիքապետությամբ Փաշինյանները ձեռնամուխ են եղել թույլատրելի ու անթույլատրելի բոլոր մեթոդներով իրենց վրա ուշադրություն հրավիրելու, պլան «ա»-ն կյանքի կոչելու գործին»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շաբաթ օրը մի տանիքի տակ են հավաքվելու Հայաստանում գործող մի շարք սոցիալական կառույցներ, որոնց նպատակն է միավորվել մեկ շարժման մեջ ու համակարգված կերպով իշխանությունների առջեւ մեկ միասնական օրակարգով առաջ քաշել հանրությանը մտահոգող հարցերը: Կառույցը ձեւավորվում է որպես ապաքաղաքական, բայց իրականում, մեր աղբյուրների պնդմամբ, ունի հեռուն գնացող նպատակ։ Հետաքրքիրն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Երեւանում արդեն գործում են «Սոցիալական շարժում» կոչվող այդ նախաձեռնության մի շարք գրասենյակներ, վաղն էլ նախատեսվում է անցկացնել հիմնադիր համաժողով, սակայն այդ մասին հանրությունը դեռեւս չի իրազեկվում։ Նախաձեռնողներից մեկը, որն իր անունը չցանկացավ հրապարակել, հաստատեց մեր տեղեկությունները եւ հավելեց, որ նոյեմբերի 23-ի համաժողովին կմասնակցեն բոլոր հիմնադիրները, որոնց մեջ, իր խոսքերով, գրեթե բոլոր հայտնի սոցիալական կառույցներն են ու բազմաթիվ անհատ գործիչներ, որոնք այսօր ընդդիմադիր հայացքներ ունեն, սակայն կապված չեն նախկինների հետ: Հիմնադիրների մեջ ներգրավված են նաեւ Ամուլսարի եւ այլ բնապահպանական խնդիրներով ու ազգային հարցերով զբաղվողներ։ Թե որն է իրական նպատակն ու ովքեր են կանգնած այդ շարժման հետեւում, կփորձենք պարզել հաջորդիվ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը «վերակենդանացնում» է բիզնեսը։ Գործարարին պատկանող գինու, կոնյակի եւ օղու գործարանն արդեն մոտ 2 ամիս է՝ ավելացրել է արտադրանքի ծավալը, աշխատում են «գիշեր-ցերեկ» ռեժիմով։ «Վեդի ալկոյի» Մանվելի գործերը սկսեցին «թարս գնալ», երբ 2008-ին, լինելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, միացավ ՀՀ առաջին նախագահի առաջնորդած համաժողովրդական շարժմանը։ Սերժ Սարգսյանի իշխանությունը բազում խոչընդոտներ հարուցեց նրա առաջ։ Ճիշտ է՝ գործարանը չփակվեց, սակայն խիստ կրճատվեցին ծավալները։ Նոր իշխանություններին Ղազարյանը միանգամից ողջունեց, սկսեց գովաբանել նրանց ու քննադատել նախկիններին, եւ արդյունքները սպասեցնել չտվեցին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար Ղարաբաղից Երեւան բերված զինվորականների թվում է եղել նաեւ այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանի որդին, ով որպես սպա ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: Օհանյանի որդին Ղարաբաղից բերված մյուս զինվորականների հետ տեղակայվել է կառավարության շենքում եւ ակտիվ մասնակցություն ունեցել խաղաղ ցույցերը արյան մեջ խեղդելու գործողություններին: Մարտի 1-ի իրադարձություններից ընդամենը մեկուկես ամիս անց Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների ջրերը կրկին մեկ առվով չեն հոսել: Գրել էինք, որ Իգոր Խաչատուրովը անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվել էր Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցից, սակայն կրկին փոշմանել է եւ դիմել է դատարան նույն պահանջով: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի էր տվել Սյունիքի նախկին մարզպետ, իր հարեւան Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին: Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Ու թեեւ մեզ հետ զրույցում Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը վստահեցրել էր, որ ոչ մի ապօրինի բան չկա, այնուամենայնիվ Յուրի Խաչատուրովի տղան` Իգոր Խաչատուրովը, հայցադիմում էր ներկայացրել դատարան` պնդելով, որ շինության մի մասն իր հողատարածքի վրա է կառուցվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի` ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի տապալումն իշխող ուժի տապալումն էր, Դուք եւս չէիք մասնակցել քվեարկությանը` խցանման մեջ լինելու պատճառաբանությամբ, եւ դա՝ այն ժամանակ, երբ քվեարկվում էր նման կարեւոր նախագիծ։ Իսկ առաջին տապալումը ՍԴ ուղարկված դիմումն էր, ասել է` խորհրդարանական մեծամասնությունն էներգիա չունի՞ այլեւս՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։ «Նախ, ես ամբողջովին կողմ եմ Ձեր մատնանշած օրենքի նախագծին։ Այո, տեխնիկական պատճառով չհասցրեցի մասնակցել, եւ հետո` տապալման մասին որեւէ խոսք լինել չի կարող, որեւէ կերպ չեմ կարող համաձայնել նաեւ ՍԴ-ին առնչվող Ձեր դիտարկմանը»: Չեք ընդունում, էլի, ձեր «այիբները»։ «Երբեք չենք խուսափել խոսել մեր բացերից, մեր բացթողումներից, ցանկացած գործունեության ընթացքում, այդ թվում եւ ԱԺ-ում, կարող են լինել բացթողումներ, սակայն Ձեր մատնանշումներն անհիմն են»: Բայց նախկինների, էլ ավելի նախկինների ժամանակ նման բան չէր կարող լինել՝ եթե որոշումը կայացվել է, բոլորը պետք է նստեին «ոզնու վրա» կամ դառնային «լողի չեմպիոն», չհիշեցնեմ ձեր ահռելի թիվը` 88 պատգամավոր։ «Ես կցանկանայի Ձեզ ասել, որ այդ եւ մնացյալ հարցերում «Իմ քայլը» հանդես է գալիս կոնսենսուսով, եւ առաջիկայում դուք դրանում կհամոզվեք` առաջիկայում այդ օրինագիծն ընդունվելու է, եւ հարցը լուծվելու է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուզում է օրենսդրական փոփոխության միջոցով արգելել կտրված եղեւնիների եւ այլ փշատերեւների վաճառքը Ամանորին՝ թույլատրելով միայն փակ արմատային համակարգով ծառերի վաճառքը: Չնայած առաջին հայացքից սա բնապահպանական քայլ կարող է թվալ, սակայն ամբողջ աշխարհում տարածված է ամանորյա եղեւնիների աճեցման պրակտիկան, երբ 4-5 տարեկան եղեւնիները հատվում են, եւ դրանց փոխարեն աճեցվում են նորերը: Սա նույնպիսի գյուղատնտեսական ճյուղ է, ինչպես կաղամբի կամ լոլիկի աճեցումը: Ամբողջ աշխարհում տնկում եւ կտրում են նաեւ շինափայտի ու այլ նպատակներով նախատեսված անտառներ, եւ դա ամենեւին չի համարվում հակաբնապահպանական, այլ ճիշտ հակառակը՝ կոչված է պահպանելու բնական անտառները: Այնպես որ, պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ, այլ պետք է ընդօրինակել դրական փորձը»:


«Իրատես» թերթը գրում է. «Որքան մոտենում են արցախյան ընտրությունները, այնքան իշխանական հովանավորությունը վայելող թեկնածուի շուրջ ինտրիգը մեծանում է։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ մինչ օրս Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի բարձրաձայնում կամ անգամ ստվերային որեւէ աջակցություն չի ցուցաբերում հայտնի թեկնածուներին։ Սեփական թեկնածուի մասին եւս Արցախի նախագահը լռում է։ Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։ Մեր հարցին ի պատասխան, Արցախի մեր աղբյուրը նշեց, որ չեն ցանկանում շուտ գաղտնազերծել իրենց թեկնածուին, որպեսզի նա չհայտնվի եւ հայաստանյան իշխանությունների, եւ մյուս թեկնածուների թիրախում։ Անակնկալ կարո՞ղ է լինել։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, որոշ թեկնածուների դեպքում աջակցություն չպետք է սպասել, մասնավորապես Արայիկ Հարությունյանի պարագայում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դիտորդական առաքելություն կիրականացնի հաջորդ տարվա գարնանը Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրախորհրդարանում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի եւ ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուդիկ Հյուսնունցի հանդիպման ժամանակ: «Մենք պետք է հետեւողականորեն հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը, իսկ խորհրդարանական դիվանագիտությունը դրա ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է»,- ասում է Ռուդիկ Հյուսնունցը»:


«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին GG առցանց ծառայությունը առավոտյան եւ երեկոյան պիկ ժամերին գրեթե կրկնակի բարձրացրել է սակագները։ Նախկինում նման պրակտիկա կիրառում էին նաեւ առցանց տաքսի այլ ծառայությունները։ GG-ն ծառայության բջջային հավելվածից օգտվող հաճախորդներին սակագնային փոփոխության մասին ծանուցել է նամակի միջոցով. «Պատվերների նվազագույն արժեքները կարող են փոփոխվել քաղաքի ծանրաբեռնվածությունից ելնելով, ինչը հնարավորություն կտա համալրելու համակարգը նոր գործընկերներով եւ զերծ մնալու նախկին ուշացումներից»։ Այսինքն՝ հաճախորդների գրպանի հաշվին փորձում են նոր վարորդների ներգրավել համակարգ։ Իսկ պիկ ժամերը տեւում են բավական երկար‚ մասնավորապես‚ երեկոյան պիկ ժամ կոչվածը սկսվում է մոտավորապես 16.30-ից եւ ձգվում մինչեւ ասենք ժամը 20.30-ը։ Այս նորամուծությունից վարորդները գոհ են‚ նշում են‚ որ խցանումների պատճառով երկար ժամանակ են ծախսում մեկ պատվեր իրականացնելու համար‚ իսկ սակագնի բարձրացումը փոխհատուցում է ժամանակի կորուստը։ Բնականաբար‚ այս փոփոխությունից դժգոհ են տաքսի ծառայությունից օգտվողները։ Եթե վարորդի ժամանակի հավելածախսը փոխհատուցվում է բարձր սակագնով‚ ապա քաղաքացիների մոտ տրամագծորեն հակառակն է. խցանումների մեջ մնալու համար վերջիններս ստիպված են վճարել ավելի շատ։ Այս փոփոխությունից հետո շատ քաղաքացիներ հարցնում են՝ արդյոք առցանց տաքսի ծառայություններն իրավասու՞ են սեփական քմահաճույքով բարձրացնել-իջեցնելու տաքսի ծառայության սակագները՝ երբ եւ ինչքան ուզեն»: