Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի կապահովենք բնակարաններով՝ այդպիսով լուծելով մեր հայրենակիցների մինչև օրս չլուծված 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, շուրջ 1,5 մլդ դրամ արժողությամբ ծրագիրը ներկայացվել և իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության կողմից։
Այսպիսով ծրագրով նախատեսվում է.
1. Սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները.
2. Վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով.
3. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
Այնուհետև Պապիկյանը հավելում է, որ Արբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովության խնդրի լուծման գործընթացի առաջին փուլն է։
Համաձայն ներկայացված ծրագրի հիմնավորման, 2019թ. մարտ-ապրիլ ամիսների տվյալներով ՀՀ-ում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է, որոնցից 1070-ը՝ Երևանում, իսկ 1519-ը՝ մարզերում:
«ՀՀ կառավարությունը 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատել է Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագիր: Ծրագրի իրականացման նպատակով սկսած 2005 թվականից ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են համապատասխան գումարներ, որոնցով 1065 ընտանիքներ ստացել են բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 718-ը իրացրել են դրանք` ձեռք բերելով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում: 2009 թվականից հետո ծրագրի իրականացման համար ՀՀ պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել:
Ըստ 2013թ. իրականացված հաշվառման տվյալների վերոգրյալ առաջնահերթ ծրագրի շրջանակներում 895 ընտանիքներ, որոնցից 641-ը Երևան քաղաքում և 254-ը մարզերում համարվում են առաջնահերթ կարիքավորներ: Ծրագրի շահառուների թիվը ճշգրտելու նպատակով ծառայությունը այս տարի նախաձեռնել է ուսումնասիրություններ», - ասված է ծրագրի հիմնավորման մեջ:
Ըստ այդմ կառավարությունն այս ծրագրով լուծում է առաջնահերթ կարիքավորներից 112 ընտանիքի բանակարանով ապահովելու խնդիրը: «Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը` նպատակահարմար է համարվել այն իրականացրել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է», - նշում է նա:
Արդյունքում, նրա խոսքով, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը և ապահովվում մեր հայրենակիցներա արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական իրավունքը:
Կառավարության նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ տվյալ փուլում առաջնորդվել ենք ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:
«Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են»,- ասաց Բադալյանը:
Բնակարանների վկայագրերի տրամադրումն իրականացվելու է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: