Գործադիրը հեշտացրեց ՀՀ և Ղազախստանի քաղաքացիների համար միմյանց երկիր այցելելը
Գործադիրն այսօր հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագծին, որով նախատեսվում է ՀՀ-ի ու Ղազախստանի քաղաքացիների համար միմյանց երկիր այցելելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել:
Հերթական նիստում ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը նշեց, որ համաձայնագրի կնքումը նախատեսված է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության 2013 թ. դեկտեմբերի 24-ին հաստատված ճանապարհային քարտեզով և 2006թ. նոյեմբերի 6-ի ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրի արդիականացման անհրաժեշտությամբ:
Այն, մասնավորապես, նախատեսում է, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները միմյանց պետությունների տարածքում մինչև 30 օր ժամկետով գտնվելու դեպքում ազատվում են գրանցվելու, ըստ գտնվելու վայրի հաշվառման կանգնելու պարտավորությունից, իսկ 30 օրից ավելի ժամկետով գտնվելու դեպքում պարտավոր են հաշվառման կանգնել մուտքի պետության իրավասու մարմիններում՝ այդ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան: Մինչև 30 օր ճամփորդությունների դեպքում քաղաքացիներն ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից:
«Ըստ այդմ, Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից: Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիները պարտավորվում են Ղազախստանի տարածք մուտք գործելուց հետո 5-օրյա ժամկետում հաշվառման կանգնել Ղազախստանի իրավասու մարմիններում»,- ասաց փոխնախարարը: