Վերջին շրջանում ինձ շատ զվարճացնում է արհեստական դիսկուրսը՝ հնի եւ նորի, իբր հին մտածողության, իբր նոր մտածողության միջեւ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, ստացվում է, որ գիրք կարդացողը, սեփական լեզուն, գրականությունը, պատմությունը իմանալը հին մտածողություն է, իսկ այդ ամենը հերքելը ինչ-որ նյու կոսմոպոլիտիզմի վերջին ճիչն է:
«Ես ասեմ, որ գիրք կարդալը ժամանակակից է, սեփական լեզուն, գրականությունը, սեփական պատմությունն իմանալը սուպեր ժամանակակից է:
Ինձնից ավելի լայնախոհ կարծում եմ՝ քիչ քաղաքական գործիչ կա, բայց ես հիմա բերեմ թվեր. 5370 դիմորդներից հայոց լեզվի եւ գրականության պետական միասնական քննության ժամանակ նվազագույն շեմը չի հաղթահարել 1045-ը, այսինքն 19,7 տոկոսը: Դա արդյունք է հանրակրթական եւ ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման: Եթե մենք հանրակրթական, ավագ դպրոցներում տայինք այնպիսի պրոդուկտ, պոտենցիալ ուսանողների, ապա միգուցեեւ այսօրվա դիսկուրսը՝ բուհերի պարտադիր առարկաների ցանկից հանել այս առարկաները, կարող էր տեղի ունենալ»,-ասաց Զոհրաբյանը:
Նա կոչ արեց անկեղծ լինելու շարունակեց. «Այստեղ նստած քանի պատգամավոր ու պաշտոնյա է մոտեցել այս ամբիոնին ու ասել՝ «հարցը կայանում է նրանում»: Հարցը որեւէ դեպքում՝, որեւէ անգամ չի կարող նրանում կայանում: Հարցը առավելագույնս կարել է լինել՝ «հարցն այն է»: Հիմա եկեք մի հատ թեստ անցկացնենք մեր պատգամավորների եւ պաշտոնյաների մեջ եւ թող ասեն, թե քանիսն են «մեղանչել» բառը հասկանում որպես ապաշխարհել: Երեւի 70-80 տոկոսը: Քանի անգամ է այս ամբիոնից հնչել «հաշվանդամ» ձեւակերպումը: Մի փորձեք լինել սուպեր ժամանակակից, դա սուպերժամանակակից չէ:
Վերջերս ինչ-որ երեւույթ ուղղակի իդիոտ մտքեր էր հայտնում, ես հիշեցի մի հայտնի անեկդոտ: Ասում է՝ ի՞նչ կլինի եթե մոտիվացնես իդիոտին: Ոչ մի բան չի լինի, արդյունքում կունենաս ընդամենը մոտիվացված իդիոտ»:
Նաիրա Զոհրաբյանը ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «Վախենամ, որ եթե հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ անգամ տարրական գիտելիքներ չունենան, եկեք այդ թեման չբացենք: Կարող ենք սկսել այդ փորձառությունը, ես դեմ չեմ:
Կառավարություն եք ասում, բան եք ասում, ո՞ւմ նկատի ունեիք: Դե բազմաթիվ մարդիկ կարող է հայոց լեզվի քննություն չկարողանան հանձնել»: