«Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան:
«Մենք մշտապես ասել ենք, եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ այդ շրջանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձը կարող է իրական հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի սահմաններում հակամարտության կարգավորման համար եւ բարձր մակարդակի ինքնակառավարման կարգավիճակի հիմքով, որը նախատեսում է տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական եւ հայկական համայնքների, խաղաղության եւ անվտանգության պայմաններում համագոյակցություն»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հակամարտության կարգավորման հարցով առարկայական բանակցություններ անցկացվեն, բացի այդ «հայկական օկուպացիոն ուժերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի 7 շրջանները»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի շահերի իրական հավասարակշռությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքների եւ խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են բոլոր տարբերակներում, որոնք կողմերի միջեւ քննարկվում են:
Ադրբեջանը շարունակում է պնդել հակամարտության միայն ադրբեջանամետ լուծման վրա՝ անտեսելով պատերազմի պատճառներն ու հետևանքները: Բաքուն ցանկանում է հակամարտության կարգավորումը՝ Ադրբեջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղին տրամադրելով ինքնավարություն: Բացի այդ, Բաքուն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ և 7 շրջաններ պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականներ: Դա նշանակում է Արցախի ամբողջ ռազմական ու անվտանգության համակարգերի փլուզում, ինչպես նաև էթնիկ-կրոնական ստատուս-քվոյի փոփոխություն հօգուտ Ադրբեջանի:
Արցախը երբեք չի համաձայնվի բարձր մակարդակի ինքնավարության Ադրբեջանի կազմում, որտեղ հայերը բազմաթիվ անգամ ենթարկվել են էթնիկ զտումների ու վտարվել Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից: Բացի այդ, ադրբեջանցի փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ մի քանի տասնամյակ անց փոխելու է այդ շրջանի էթնիկ դեմքը, ու ադրբեջանցիները դառնան մեծամասնություն Ղարաբաղում: Դրան հաջորդելու են տարածքային պահանջներն արդեն ՀՀ-ի նկատմամբ՝ արդեն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է այն մասին, որ Զանգեզուրն «ադրբեջանական պատմական տարածք» է և այն բաժանում է թուրքական աշխարհը: Ալիևը պանթուրքիզմի ռազմավարությունը կյանքի կոչելու համար Ղարաբաղից հետո թիրախ է դարձնելու արդեն Զանզեզուրը՝Նախիջևանի և Թուրքիայի համար ցամաքային միջանցք ստեղծելու նպատակով:
Փաստորեն, Լավրովի մեսիջը Բաքվում ընկալում են միակողմանի՝միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու միայն ադրբեջանցի փախստականներին հիշատակելով: Երևանն ու Ստեփանակերտն այլ կերպ են ընկալում հարցի կարգավորումը, իսկ Բաքուն՝180 աստիճանով տարբերվող տարբերակ է առաջ քաշում:
Ղարաբաղյան հակամարտության բանակցային փուլը խորը փակուղում է, որի քաղաքական հանգուցալուծումը չի նշմարվում: Կողմերը հասկանում են, որ միայն նոր պատերազմը կարող է փոխել առկա քաղաքական, ռազմական, դեմոգրաֆիկ ստատուս-քվոն և ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել կամ վերջնական լուծման կամ նոր սառեցված հակամարտության փուլ: