Սփյուռքահայերի վերադարձի հիմնական խոչընդոտը պետությունն է. Զարեհ Սինանյան
Ինչպե՞ս բարձրացնել Հայաստանի գրավչությունը սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար, որպեսզի նրանք ցանկություն հայտնեն վերադառնալ հայրենիք: ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հարցին անդրադարձավ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նրա խոսքով, կա երեք պատճառ, թե ինչու մեր հայրենակիցները չեն ցանկանում հայրենադարձվել՝ պետություն, պետություն և դարձյալ պետություն: «Սփյուռքահայի առաջին շփումը Հայաստանում ինչ-որ շնչող էակի հետ: Մարդիկ գալիս են Հայաստան և առաջին դեմքը, որ տեսնում են, այդ դաժանացած, չարացած պագոնավոր մարդու դեմքն է, ինչի՞ համար: Բայց, իհարկե, բարեհամբույր դեմքը բավարար չէ հայրենադարձության համար»,- ասաց նա:
Ամենախորքային խնդիրը, ըստ նրա, տնտեսության թերզարգացածությունն է, աշխատատեղերը, կրթության, առողջապահության մակարդակը, մարդիկ գալիս են բնակվելու, ուզում են իմանալ, որ իրենց տարրական պահանջները բավարարված են լինելու: «Մեծ հայրենադարձություն ապահովելու համար, անկասկած, մեզ անհրաժեշտ է լինելու կտրուկ բարձրացնել կրթության եւ առողջապահության մակարդակը»,- վստահ է Սինանյանը: