23.09.2026
Վեց ամիս ժամկետով կարգելվի Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը
prev Նախորդ նորություն

TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։


Վարչապետը պատասխանել է մոդերատորի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացմանը, ինչի արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։ «Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։


Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ նախորդ տարվա օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել են արհեստական բանականության երեք կենտրոններ, որոնցից երկուսը մեծամասշտաբ ներդրումային ծրագրեր են։


Վարչապետն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումներին՝ հավելելով, որ այն մեր երկրում հաջողությամբ զարգանում է և համարվում է տնտեսության կարևոր մաս։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ մեր երկրի ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի։


Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև Էներգետիկայի ոլորտում ինքնաբավության հասնելու հնարավորություններին, կուտակիչ կայանների ձևավորմանը, նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը միտված քայլերին վերաբերող հարցերի։


Խոսելով ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ուղղություններով էլ հաստատվել է ռազմավարական գործընկերություն և ընդգծել, որ ՀՀ Կառավարությունը շարունակելու է խորացնել հավասարակշռված և հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը։


 


 

Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձավ Երևան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին